ԱՐԵՎԱՇՈՂՈՒՄ ԱՐԵՎ ԿՇՈՂԱ
ԱՅՑԵՔԱՐՏ. Վարուժան Աղվանի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ծնվել է 1956թ., Սպիտակի շրջանի Արևաշող գյուղում, բազմանդամ ընտանիքում, ուր սիրված մասնագիտությունը տղաների համար շինարարինը եղավ, իսկ մթնոլորտը, որտեղ մեծանում էին Աղվան և Սուսաննա Խաչատրյանների երեխաները` սերը ուսման և արվեստի նկատմամբ, մարդասիրությունը, հարևան-բարեկամին հարեհաս լինելու պատրաստակամությունը: Ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի շինարարական ֆակուլտետը, աշխատանքային կենսագրությունն սկսել բանվորությամբ, ապա` աշխղեկ էր գյուղշինտրեստում, Կարի արտադրական միավորումում` արտադրամասի պետ, հետո շինմոնտաժային իրերի կոմբինատում գլխավոր ինժեներ էր աշխատում.«Եղբայրներով մտահոգված էինք երկրաշարժի ժամանակ փլուզումների հիմնական պատճառի որոնմամբ: Բետոնի լցանյութերը ստանդարտին համապատասխան չէին: Սպիտակի և Գուգարքի շրջաններում օգտագործում էին Սարալի տեղամասից վերցված ավազակոպիճային խառնուրդը: Ստուգեցինք: 25% տիղմ էր, չկային նաև տեսակավորման անհրաժեշտ սարքավորումներ` իրենց լվացման կայանով:1989թ.-ից հիմնականում զբաղվել եմ ավազի լվացման, տեսակավորման, ստանդարտացման հարցի լուծմամբ: Ավազակոպիճային խառնուրդը սկսեցինք վերածել մաքուր լվացած ավազի, ինչպես նաև տարբեր չափերի խճերի: Մինչ այդ տեղի շինարարություններում օգտագործելու համար ստանդարտին համապատասխան լցանյութերը բերվում էին Էջմիածնից կամ Արմավիրից, և տեղափոխման ծախսերի հետ միասին 1 խմ-ի արժեքը հասնում էր 4-5 հազար դրամի, իսկ իմ հիմնած «Ռուբեն և Էդվինա» ՍՊԸ-ի արտահանած լցանյութինը ԱԱՀ-ի հետ միասին կազմում է 2000-2600 դրամ: Մի քիչ հաշվապահություն անենք, կտեսնենք` պետստանդարտին լիովին համապատասխան այս ավազակոպիճային խառնուրդի օգտագործմամբ Լոռու մարզում 16 տարիների ընթացքում շինարարական հիմնարկների «շահույթը» կազմել է 350-450 միլիոն դրամ»: Համայնքապետ է ընտրվել 2005 թվականի հոկտեմբերին: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի հինգ երեխա: