ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄԸ


-Գյուղացին հիմնական եկամուտն ստանում է հողից, իսկ մշակովի հողատարածքները Արևաշողում քիչ են` սեփականաշնորհման արդյունքում 680 տնտեսությունից յուրաքանչյուրին բաժին հասավ ընդամենը 0,3 հա, որից տնամերձ` 800 մետր, և քիչն ավելի է քչանում անհրաժեշտ սնուցում ու մշակում չստանալով, բերրիությունը` նվազում է, որոշ հողակտորներ ենթարկվելով էրոզիայի, վերածվել են խոտհարքների: Եկամուտն ու ծախսերը գրեթե հավասար են մնում: Հիմնականում մշակվում են տնամերձ ու ջրովի հողերը: Ահա թե ինչու հենց նոյեմբերից սկսեցինք նախապատրաստվել և հաջորդ ամիսներին մեծ աշխատանք կատարվեց խմելու և ոռոգման ջրագծերի կարգավորման նպատակով, մաքրվեցին խմելու ջրի ջրավազանները, որոնք սանիտարահիգիենիկ առումով իրենցից մեծ վտանգ էին ներկայացնում, գյուղից 15 կմ հեռավորության վրա վերականգնվեց մոտավորապես 600մ խմելու ջրի խողովակաշար, իրենց կապտաժներով: Ոռոգման խողովակաշարի վրա տեղադրվեցին տարբեր տրամաչափի փականներ. «Յազիկ» թաղամասում անցկացվեց 210 գծամետր ոռոգման խողովակաշար` խիստ կրճատելով ջրի կորուստները: Արևաշողի բնակիչները ոռոգման շրջանում տնամերձերը ջրում էին ամենաշատը 2-3 անգամ, այս տարի ջրել են 6 անգամ: Առաջին ձեռնարկում էր և այն, ինչ գյուղապետարանում կատակով անվանում ենք «Բուժումն առաջին վերքի»: Չնայած, մինչ իմ համայնքապետ ընտրվելը գյուղը մասամբ գազիֆիկացված էր, բայց երկրորդ շերպեի /կարգավորիչի/ կարիք կար: Դեկտեմբերին, նկատի ունենալով, որ ժողովրդի մեծ մասը գազօջախները սկսել էին փոխել փայտի վառարաններով, նախաձեռնեցի և, շնորհակալ եմ, գազի գրասենյակի աշխատակիցների, նաև համագյուղացիների օգնությամբ, երկրորդ շերպեն դեկտեմբերի 25-ին միացվեց: Այսօրվա դրությամբ (սոցիալապես անապահովներին աջակցել եմ, իհարկե), կապույտ վառելիքից օգտվում և բնակարանները տաքացնում են ծխերի 75 տոկոսը: Ինչ վերաբերում է բնակարաններով ապահովվածությանը` 1988 թ. գյուղն ուներ 672 ծուխ: Հիմա այդ թիվը հասել է 870-ի: Մինչ օրս կառուցվել է 265 տուն, 240-ը` քարե, որոնցից 83-ը բնակչության անձնական միջոցներով, իսկ 25-ը` տամբովյան հավաքովի տներ: Գյուղում կա 56 նկուղային շինություն (կիսակառույցներ) և 7 վթարային շենք: Այսպիսով ներկայումս գրանցված ընտանիքների 70 տոկոսը տուն չունի: Երկրաշարժի էպիկենտրոնում գտնվելու փաստն ինքնին ենթադրում է անվտանգության ցածր մակարդակ, ինչին տեղյակ է ցանկացած բնակիչ: ՈՒստի գյուղում մնալու, աշխատելու և իրենց կյանքը շարունակելու ձգտումը հիմնավորվում է նրանց` հայրական տանն ու ծննդավայրին նվիրված լինելու փաստով: Աշխատատեղերի բացակայությունը ստիպում է երիտասարդներին` մեկնել արտագնա աշխատանքի, որոշ դեպքերում ժամանակավորը վերածելով բնակչության հիմնական արտահոսքի: Դրան նպաստում է նաև կուլտուր - կենցաղային ծառայությունների գործունեության բացակայությունը: Հարցը կլուծվի, եթե կառուցվի համայնքատունը` այն կոմպլեքս շինությունը, որտեղ կտեղավորվեն ակումբը, գրադարանը, բուժկետը և այլն: Այդ խնդրով դիմել ենք համապատասխան օղակներին: Բնակարանաշինության ընթացքը դանդաղ է. 2005թ. ավարտվել է19 կիսակառույց տուն, 2006 թ.-ին` 10, և նախատեսված է 2007-ին ավարտել ևս 16 կիսակառույց: Շնորհակալություն հայտնելով կառավարությանը աջակցության համար, թող ներող լինեն, եթե ասեմ` այս տեմպերով կառուցելու դեպքում հարցի վերջնագծին կմոտենանք միայն 25 տարի հետո: -Այսինքն սա այն հարցը չէ, որ կարելի է լուծել միայն համայնքապետի ցանկության ու գրպանի հաշվին: -Ինքս նման անիրատես խոստումներ չեմ տվել, ֆոկուսնիկ չեմ: Շինարար եմ, հող ու քարի հետ կռվող, կառուցող: Գյուղապետ դառնալու ցանկություն էլ առանձնապես չեմ ունեցել: Առաջին հերթին ինձ թեկնածությունս դնել հուշեցին-համոզեցին լավագույն ընկերս` արժանահիշատակ Սամվել Ադամյանը, որ վերջերս սեփական միջոցներով գյուղում կառուցեց սուրբ Աստվածամայր եկեղեցին, և եղբայրներս` Թադևոսն ու Համլետը, որը տասնյակ տարիներ շինվարչություն է ղեկավարել, իմ մեջ տեսնելով այն մարդուն, ով այսօր համայնքի խնդիրները լուծելու բեռն իր ուսերին առնելու ուժ ունի և պատասխանատվություն պիտի ստանձնի: Ընտրությունների ժամանակ իմ կողքին կանգնեց և գյուղացիների ճնշող մեծամասնությունը: ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ` ՆԵՐՍ ՈՒ ԴՐՍԻՑ - Գյուղում պատմեցին, թե անցած մեկ տարում տոնական օրերին այնպիսի միջոցառումներ եք կազմակերպել կամ հովանավորել, որ «երբեք չէին տեսել գյուղացիները առավել ևս երկրաշարժից հետո», և նկարագրեցին մի քանիսը: -Խոստովանեմ` ինքս էլ առիթի դեպքում կուզենայի այդպիսի փոքրիկ, բայց հուզիչ նվերներ ստանալ, այնպես որ, դրանք անում եմ սիրով, ստացողների հետ ուրախանալով: Առավել մեծ է լինում ուրախությունս և հպարտությունս, երբ կարողանում եմ նշանակալի ու մնայուն նվեր պատրաստել գյուղի և համայնքի համար, ինչպես, օրինակ, ճանապարհի կարգավորումը իր երկու կողմերի առուներով, ջրահեռացման խողովակներով, բարեկարգված գյուղապետարանը, գրադարանը: Շաբաթօրյակ կազմակերպեցինք, գյուղապետարանի տարածքում տնկվեց 200 ծառ, իսկ գյուղի գլխավոր ճանապարհի երկու կողմերում` սկսած գյուղի մուտքից, նկատած կլինեք, մինչև գյուղի վերջը` 1000 ծառ: 4կմ երկարությամբ կենտրոնական ճանապարհին էլեկտրասյուներ տեղադրեցինք, ու գիշերային լուսավորումն ապահովված է:«Բակեր» կոչվող հանդամասում պատրաստում ենք սահադաշտ, որ ձմռանը գյուղի երեխաները զբաղվելու տեղ ունենան: - Պատմեցին, որ ձեր ավագը` Համլետ Խաչատրյանը, կառուցել է գողտրիկ լճակ, պուրակով, որտեղ մի քանի տարի է` երիտասարդներն ու պատանիներն ամառվա շոգ օրերին իրենց հանգիստն, իսկ դպրոցի սաները վերջին զանգի ժամանցն են անցկացնում: - Այդ պուրակում նրա ջանքերով կանգնեցված է 20-րդ դարի Հայաստանի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթող: Մյուս եղբայրս` Թադևոսն էլ իր կարեցածին չափ նվիրված է գյուղի ժողովրդին: Նա կառուցել է մի գեղեցիկ հուշաղբյուր, անվանելով «Հասմիկ», մեր վաղամեռիկ քրոջ հիշատակին: Ասացի, չէ՞, մեր ծնողների պատգամները սրբորեն իրականացնում ենք, և դրա համար վարձք չենք ուզում: Մեր ընտանիքի նկատմամբ հասարակության հարգանքն ու սերը լիովին փոխհատուցում է այն ամենին, ինչ արել և ինչ դեռ պարտավորված ենք զգում անելու: Գյուղամիջյան և հանդամիջյան ճանապարհների բարեկարգման, դպրոցի` ամառային արձակուրդների ընթացքում վերանորոգման, վերը թվարկված և այլ ու այլ աշխատանքներ իրագործելու հարցում ձգտել ենք չանհանգստացնել իշխանություններին, և այդ ամենը կատարել հիմնականում սեփական միջոցների, համայնքի ներդրումների և վաղուց մոռացված ավանդույթի` շաբաթօրյակների շնորհիվ: Իշխանություններին անհանգստացնում և անհանգստացնելու ենք գյուղին ու գյուղացուն հուզող ավելի մեծ ու ծախսատար հիմնախնդիրներ լուծելու համար: Դրանց լուծման ուղղությամբ, հատկապես բնակարանաշինության արագացման, համայնքային կենտրոնի կառուցման, և այլն, ջանք չեմ խնայի: Նախաձեռնել, և արդեն 2006-ի դեկտեմբերի սկզբից, հաշվի չառնելով սառնամանիքը, սկսել ենք աշխատել, ու կկառուցենք 7000 խորանարդ մետր տարողությամբ ջրավազան, ոռոգման ջրի պաշար ունենալու համար, որը կծառայի նաև որպես հանգստի գոտի: Կխնդրենք կառավարությանը, փաստարկներով կապացուցենք, որ պետք է դա համայնքին և կարծում եմ, կստանանք ֆինանսական աջակցություն, լինի պետբյուջեից, թե որևէ ծրագրի մեջ կմտնի հարցը, կարևորը արդյունքն է: - ՈՒրիշ ի՞նչ հարցում կուզենայիք աջակցություն ստանալ, օգտագործելով «Ավանգարդի» խոսափողը: -Գյուղում նորմալ ապրելակերպի կազմակերպման համար շատ հարցերում ենք զգում կառավարության, պետբյուջի կամ ներդրումային տարբեր ծրագրերի աջակցության կարիքը, սակայն ուզում եմ խնդրել` ուշադրություն դարձվի բնակարանաշինության և համայնքային տան կառուցման հարցերի լուծմանը, գոնե մշակույթի տուն կառուցենք: ՎԵՐՋԱԿԵՏԻՑ ԱՌԱՋ Գյուղն ինքը մի փոքրիկ պետություն է և այդ պետության ղեկապետը լինելու պարտականությունը «իմ ուսերին վերցնելու պահանջը` գյուղիս համար, մեծամտություն չլինի, ես ինքս զգում եմ»: «Համայնքապետը պիտի շինարար լինի` բոլոր առումներով, և առաջնորդ` անձնական օրինակով իր հետևից ժողովուրդ տանելու ունակությամբ: Այս դեպքում կկարողանա նաև լավ ղեկավարել»-ասում է նա, և հրաժեշտից առաջ նորից հրավիրում Արևաշող, հավատացնելով, որ հաջորդ այցիս ժամանակ կզգամ` արևն Արևաշողում ավելի պայծառ է շողում:

ՎԱՐՍԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ