Երկխոսության հրավեր


»Եթե որեւէ մեկն ասի, թե ի ծնե երազել է զբաղվել տիկնիկային թատերարվեստով, չհավատաք« Հրապարակելով ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն ԲԱԲԱՅԱՆԻ և թատերագետ-գրականագետ Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԻ երկխոսությունը` լիահույս ենք, որ նրանց արծարծած մտքերը կհուզեն արդի հայ թատերարվեստի ճակատագրով անկեղծորեն մտահոգված թատերասեր հասարակայնությանը, բեմի նվիրյալներին` հարուցե լով մասսայական լրջմիտ քննարկումների անհրաժեշտության ակտիվ գիտակցություն` ի շահ մեր հնամյա թատերարվեստի արժանավայել ապագայի անսխալ կանխորոշման: - Շուրջ երեք տասնամյակ անդամագրված եք Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ստեղծագործական կազմին: Սկզբում` որպես ռեժիսորի օգնական, գրական մասի վարիչ, իսկ 1998-ից` գեղարվեստական ղեկավար և տնօրեն: Ձեր ծննդյան կեսդարյա հոբելյանի առիթով նախաձեռնելով 2007-ի մեր առաջին թատրոնական հանդիպումը` հուսով եմ, որ մարդկության մեծագույն գյուտերից մեկի` բարեկամական անկեղծ զրույցի միջոցով կարժևորենք Ձեր անցած ճանապարհը` հնարավորինս ամբողջացնելով տիկնիկայինի ներկա հանդիսատեսի համար Ռուբեն Բաբայան արվեստագետի դիմանկարը: Ի՞նչը բերեց Ձեզ թատրոն` ընտանեկան ավանդո՞ւյթը, մանկության երազա՞նքը, նախասիրությո՞ւնը, թե՞... - Կարծում եմ, ցանկացած պատմության սկիզբը գալիս է ուսուցիչներից: Մայրս եղել է իմ, այսպես ասած, բարոյական ուսուցիչը: Հայրս` ազատամտության ուսուցիչը: Թե ինչ բան է թատրոնը` ինձ սովորեցրել է Երվանդ Մանարյանը: Մտածել, վելուծել ինձ սովորեցրել է առաջին բուհիս` Բրյուսովի անվան ինստիտուտի գրականության դասախոս` Կարեն Սապարովը: -Իսկ ժառանգականության գործո՞նը... - Հայրս և° թատերագետ է, և° թատերագիր: Երկար տարիներ եղել է Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն: Այն տարիներին, երբ Կոմեդիայի թատրոնում հաջողությամբ բեմադրվում էին դասական օպերետներ` «Սիլվա», «Իմ չքնաղ Լեդի»... Մանուկ հասակում նրա հետ հաճախ լինում էի թատրոնում: Մայրս աշխատում էր կինոխրոնիկայի կադրերի բաժնում: Քույրս կինոստուդիայում մոնտաժող էր, քրոջս ամուսինը` հայտնի օպերատոր... - Այսինքն ընտանեկան ավանդները որոշակի դեր են կատարել: Կարելի է ասել` թատերական դաստիարակությունը սկսվել է ընտանիքում: - Երևի... Դպրոցում ակտիվ ինչ-որ բաներ բեմադրում էի արդեն: Ամեն դասարանում լինում է մի ծաղրածու: Մեր դասարանինը ես էի: Շատ ուրախ եմ, որ հիմա մեծ տղաս էլ իր դասարանի ծաղրածուն է: Կարծում եմ, դրանում ինչ-որ լավ բան կա: - Իսկ ինչո՞ւ հատկապես տիկնիկային թատրոնն ընտրեցիք: - Հանկարծակի: Եթե որևէ մեկն ասի, թե ի ծնե երազել է զբաղվել տիկնիկային թատերարվեստով, չհավատաք: Դիսերտացիա էի գրում Տոլստոյի «Հարություն» վեպի մասին, միևնույն ժամանակ աշխատում էի թատրոնում որպես գրական մասի վարիչ: 1982-ին Երվանդ Մանարյանը, կարելի է ասել` զոռով, ինձ ուղարկեց Տալլին` մերձբալթյան միութենական փառատոն: Ես տեսա, թե ինչ է կատարվում այս ասպարեզում և այնքան տարվեցի տիկնիկային արվեստով, որ մի քանի ամսից հրաժարվեցի դիսերտացիայից: Ես հասկացա, որ կարող եմ չգրել դիսերտացիան: Իսկ եթե դու կարող ես ինչ-որ բան և չանել, ուրեմն դա քո մասնագիտությունը չէ: Ամեն դեպքում իմ բանասեր լինելը օգնել է ինձ որպես ռեժիսորի... - Ինտելեկտուալ բազան ավելի ամրապնդելու... - Այո, նաև դրամատուրգիայի հանդեպ ավելի լուրջ մոտեցում ցուցաբերելու, վերլուծական հստակ հատկանիշներ դրսևորելու, ինչը ռեժիսորի մասնագիտության օրգանական բաղկացուցիչն է: Եվ ես սկսեցի զբաղվել միայն թատրոնով: 2-3 տարի աշխատելուց հետո մեկնեցի Մոսկվա: Անատոլի Էֆրոսի վերջին ուսանողներից էի: Բավականին գիտելիքներ ստացա երևելի արվեստագետներից` Օլեգ Եֆրեմով, Մարկ Զախարով, Միխայիլ Թումանիշվիլի, Անատոլի Վասիլև, Բորիս Մորոզով և ուրիշներ: 90-ին գերազանցության դիպլոմով ավարտեցի ուսումս, վերադարձա Երևան և արեցի առաջին բեմադրությունս` Յու. Վոլկովի «Բեթղեհեմի աստղի տակ» պիեսը, որ մինչև հիմա խաղում ենք: Սկզբում այնքան լավ չէին ընդունում, հետո այս ներկայացումն ունեցավ իր հանդիսատեսը... - Կրոնական հավատը գնալով ավելի խոր արմատներ ձգեց մեզանում, դարձավ համընդհանուր հետաքրքրության ու պաշտամունքի, համատարած քարոզչության առարկա... - Երևի թե հենց այդ պատճառով մնում է խաղացանկում արդեն 16 տարի: Սովորաբար, մեծերի համար արված ներկայացումները մեզ մոտ երկար չեն ապրում: Այս ներկայացման օրինակով հասկացանք մի շատ կարևոր բան` երեխաները դպրոցում շատ քիչ բան են սովորում, հատկապես հումանիտար առարկաներից: Ուրեմն մենք պետք է նրանց կրթենք նաև, ազատենք պարզունակ մտածողությունից` սա լավ է-սա վատ է... Բայց թատերական հանդիսատեսը դպրոցում պետք է ձևավորվի: Ցավոք սրտի, սա մնում է անլուծելի խնդիր: Երեխային հասկանալի դարձնելու համար չպետք է չափազանց պարզունակեցնել կյանքի երևույթները: Երեխան նույնպես տառապում է դավաճանությունից, միայնակությունից, անարդարությունից, անպատասխան սիրուց... Դրա լավագույն օրինակը Անդերսենի հեքիաթներն են` բարոյահոգեբանական ամենատարբեր իրավիճակների, թեմաների իրենց ընդգրկումով... (Շարունակելի)