Ի ՍԵՐ ՄԱՆԿԱՆՑ
Բարությունը, բարու զգացողությունն աստվածային շնորհ է, բարիք գործելու մղումը` մարդկային հոգու աստվածային վիճակ: Դա հոգևոր այն շաղախն է, որ լցնում է հոգու բոլոր անկյունները` բաց պահելով մեր ակն ու ունկը մարդկային կարիքի առջև: Գևորգ և Մարո Ալաջաջյանները Գյումրիում ծնված, Հայաստանում կրթված մարդիկ են: Տարիներ առաջ բնակություն են հաստատել ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգում, ուր և հիմնել են «Արձագանք» ոչ առևտրային, եկամուտ չհետապնդող հիմնադրամը: Ապրելով ծննդավայրից հեռու` Ալաջաջյան ամուսինները, սակայն, անհաղորդ չեն իրենց ժողովրդի հոգս ու կարիքներին ու հեռվից հեռու էլ համակված են դույզն-ինչ դրանք կիսելու մտահոգությամբ: Թեև իր սոցիալական մակարդակով, մեղմ ասած, չփայլող մեր հասարակության մեջ բարեգործության ենթակա ոլորտի պակաս չկա, սակայն կան ոլորտներ, որոնց հովանավորելը բազմապատկում է բարերարության արժեքն ու իմաստը: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է մանկության պահպանմանը: Տեղին է հիշել պոետի տողերը. «Ամեն մի մանուկ մի վառ օջախ է»: Մենք սերունդ ենք մեծացնում, ում երկիր ենք հանձնելու ու պետություն, սերունդ, որ ապահովելու է ազգի լավագույն գոյի ընթացքը: Այդպիսին պիտի մեծացնենք մեր երեխաներին` առողջ հոգով և մարմնով: Նախակրթարաններում է, որ դրվում է այս ամենի հիմքը: Մինչդեռ պետության ձեռքն այսօր այստեղ չի հասնում: Համայնքների հատկացումների և ծնողական վճարների մեկտեղումն այն բավարար միջոցը չէ, որով կարելի է լիարժեքորեն հոգալ մանկան բնականոն զարգացումը: Ահա այս ամենի հենքի վրա էլ հասկանալի է դառնում, թե Գևորգ և Մարո Ալաջաջյանները որքան ճիշտ են վարվել` բարերարության «թիրախ» ընտրելով նախակրթարանը: Այս ընտրությունը նրանց միայն պատիվ է բերում: Գաղտնիք չէ, թե ինչպիսի դժվարությամբ են այսօր նախակրթարանները գլուխ հանում իրենց սուղ միջոցներով երեխայի սնունդը կազմակերպելուց: Եվ հանկարծ հայտնվում է բարերարը: Նա իր ոտքով գալիս է նախակրթարան ու տնօրենին հարցնում. «Ինչո՞վ կարող եմ օգնել»: Այստեղ պետք է բազմակետ դնել և հռետորական հարց հնչեցնել. գիտե՞ն, արդյոք, տեր և տիկին Ալաջաջյանները, թե ինչ արժե նման առաջարկը նախակրթարանի ողջ կոլեկտիվի, այստեղ հաճախող երեխաների համար: Պատկերացնո՞ւմ են բարերարներն` այն ընտանիքների ուրախությունն ու գոհունակությունը, որոնց երեխաներն իրենց շնորհիվ նախակրթարան կհաճախեն` առանց վճարելու: Գործազրկության մեծ բանակ ունեցող Գյումրիի շատ ընտանիքների համար 3500 դրամը, որ սահմանված է որպես ծնողական վճար, մեծ ծախս է, իսկ բարերարն, ահա, խոստանում է հոգալ այդ ծախսը` հանձն առնելով վճարել անապահով ընտանիքների 35 երեխաների համար: Ցայտունորեն տեսանելի այս բարերարությունը «անտեսանելի» կողմ էլ ունի. 35 երեխաների համար համայնքի կողմից նախատեսվող գումարը, փաստորեն, մնում է, ինչպես ասում են, ընդհանուր կաթսայում` հնարավորություն տալով բարելավել մանկապարտեզ հաճախող բոլոր երեխաների սննդի որակը: Այսպիսով, յուրաքանչյուր ամիս հեռավոր Ամերիկայից Գյումրիի N 8 նախակրթարան է հասնում 500 դոլարին համարժեք դրամ: Դա, ինչպես նշվեց, 35 երեխաների վարձավճարն է, իսկ 100 դոլարին համարժեք դրամը բարերարները որոշել են ուղղել նախակրթարանի սաներին մայրենիի հենքի վրա անգլերեն լեզվի ուսուցմանը: Այստեղ ի՞նչն է գլխավորը. այն, որ բարին է հաղթողը: Մարդիկ ականջ են դրել իրենց հոգու ձայնին, իրենց հոգու պարտքն են կատարել և հոգու թելադրանքով էլ բարեգործության ոլորտ ընտրել մանկաշխարհը: Բարության մասին գեղեցկախոսել կարող են շատերը, սակայն «...բոլոր գեղեցիկ զգացումները աշխարհում կշռում են ավելի պակաս, քան մի բարի գործը»,- իզուր չի ասված: Մեզ մնում է այս գեղեցիկ պատմությունն ավարտել նախակրթարանի տնօրեն Ջուլիետա Ավետիսյանի անսահման շնորհակալությամբ և մաղթել, որ ինչպես տ-կն Ավետիսյանն է ասում, «Արձագանք»-ի բարի գործն արձագանքի հայ մարդկանց սրտերում, որ առայժմ մեկամյա ժամկետով իրագործվող բարերարությունը լինի շարունակական: Քանզի, բարին է, որ պիտի փրկի աշխարհը: