«Հայկական Հեմինգուեյի» վերադարձը
Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կամարի Տոնոյանի գրական աշխարհն իր ուրույն երանգապնակով հարազատ է դարձել 1956-ին «Սովետական գրականություն» ամսագրում տպագրված առաջին իսկ` «Մայրամուտ ծննդյան գիշերվա լուսաբացից հետո» պատմվածքից սկսած: Հետագա տարիներին հրատարակված «Կյանքի ապտակը», «Անիծյալ անձրևը», «...Եվ կյանքը թվում է սխալ», «Նիգուլը» և մյուս երկերն ու ժողովածուները, տարալեզու անթոլոգիաներում ընդգրկված լավագույն ստեղծագոր ծություններն ու հրատապ հրապարակախոսական հոդվածները մեծ ճանաչում են բերել «հայկական» «Հեմինգուեյին»` անցյալ դարի 60-ականներին գրական ասպարեզում հայտնված արձակագիրների բազմաձայն հավաքականության գլխավոր դերակատարներից մեկին: Առավելապես գրահրատարակչական ճգնաժամով պայմանավորված 15-ամյա թվացյալ լռությունից հետո ՀԳՄ հրատարակչությունը լույս է ընծայել սիրելի գրողի տասնյակ անտիպ երկերից երեքը «Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» խորագրով: Իրենց գրչակից ընկերոջ գրական վաստակը և տպագրված պիեսները գնահատող Պերճ Զեյթունցյանի և Նորայր Ադալյանի մուտքի խոսքերից իսկ պարզ է դառնում, որ Տոնոյանը, հավատարիմ իր որդեգրած գրական սկզբունքներին, իր նոր գործերով ընթերցողին է ներկայացնում վերջին տասնամյակների մեր ապրած բեկումնային իրադարձություննե րի ու դրանց բերած հակասական, այլազան փոփոխությունների համապարփակ նկարագիրն ու անաչառ վերլուծական գնահատականը: Տարողունակ բառ-պատկերներով ամբողջացվում են մութ ու ցուրտ 90-ականներին արվեստագետների ապրած դրաման («Բացակայող ժամանակները»), մի հարկի տակ հավաքված սոցիալ-հասարակական տարբեր խավերի ու սերունդների ընդհանրացված դիմանկարները («Հանգստի տուն»)` գրական ինքնահատուկ հնարքներով ու հստակ կերպարային-սյուժետային զարգացումներով, կենսական-իրական իմպուլսներով ներթափանցված: Իր տեսակի մեջ միանգամայն նորովի է բացահայտված Հիսուս Քրիստոսի երկրային առաքելության նշանակությունն ու բովանդակությունը գրքի խորագիրը կրող պիեսում: Առաջին հայացքից, այս թատերգության մեջ Հիսուսը երևում է բազմաթիվ ֆիլմերից ու գրքերից, ներկայացումներից ու գեղանկար չական կտավներից ծանոթ կերպավորմամբ: Գծագրելով Աստծո որդու կենդանի դիմանկարը, Աստվածաշնչից վերցված հենքի վրա` գրողը մտովի, իր ստեղծագործական երևակայությամբ և հումանիստական համամարդկային իդեալներին անխոտոր ծառայելու վճռականությամբ կրկին շրջում է մարդկանց մեջ, կատարսիսի անհրաժեշտության գիտակցություն արթնացնում, հոգևոր-բարոյական համընդհանուր տագնապ բարձրացնում` մի վերջին անգամ թոթափվեք եղկելի մեղքերից, մարդիկ, մի վերածեք ձեր և ուրիշների կյանքը գեհենի... Կամարի Տոնոյանի պիեսները իմաստային ենթաշերտերով, մերօրյա առնչություններով և դրվագված դինամիկ կառուցվածքով ի զորու են բավարարելու ժամանակակից դրամատուրգիային ներկայացվող պահանջները և խթանելու սեփական ասելիքը արտահայտող գրականություն որոնող բեմադրիչների ստեղծագործական եռանդը: