ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ... ՀՌՈՄԸ

Ժամանակը չխունացրեց հայ-իտալական «Ինկոնտրովերսո» ընկերության (նախագահ` Սարգիս Գալստյան) պարի և խոսքի միաձույլ ներդաշնակությամբ նորովի թատերայնացված սարտրյան «Դռնփակիե (ռեժիսոր` Մարինե Գալստյան) յուրահմա գրավչությունը: Արդի հայ թատերարվեստում բեմադրական հարուստ տարեգրություն ձևավորած, ԵԹԿՊԻ լսարաններում տասնամյակներով չարչրկվող պիեսի այս ներկայացման նրբաճաշակ արժեքավորությունն ինձ համար անսպասելիորեն վերահաստատվեց օրերս: Անվերապահորեն: Դիտեցի հանրահայտ «Լա Սկալայում» խաղարկված, «ֆեստային» թերացումներից լիովին թոթափված, նույն «Դռնփակիե տեսագրությունը և պահանջ զգացի` զրուցել Հայաստանում մասնագիտական կրթություն, իսկ Իտալիայում` ստեղծագործական պարարտ հող գտած տեր և տիկին Գալստյանների հետ: Մեզ միացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերական ռեժիսուրայի մանկավարժության կենդանի դասական Ռաֆայել Ջրբաշյանը: Մեր նորակազմ «թատերակվարտետիե անկողմնակալ դիտարկումներով էլ բացահայտվեց նրանց դաշինքի իրական ներուժը: Նաև` այս «Դռնփակիե ոդիսականը:
Էսթելից դեպի Ինես տանող 10-ամյա ճանապարհը
- Ասում են` չափազանց նրբազգաց երեխա եմ եղել, ինքնօրինակ «այլմոլորակային»,-մեր միջև թատրոնի պաշտամունքով հաստատված փոխվստահությամբ անկեղծանում է Մարինե Գալստյանը:- Օլիմպիական չեմպիոն, սուսերամարտիկ հորս աշխատանքի բերումով 9 տարեկանում տեղափոխվեցինք Ղազախստան: Մոտ 5 տարի ռուսական դպրոց էի հաճախում, հաճախակի էքսկուրսիաներով վառվռուն տպավորություններ էի քաղում ԱՊՀ տեսարժան վայրերից: Երբ ավտովթարից վնասված ոտքի վիրահատությունից հետո մեր ընտանեկան համընդհանուր սիրո առարկա հայրս ստիպված էր գամվել անկողնուն, նրան զբաղեցնելու համար պատկերավոր ներկայացնում էի ճամփորդություններս, հաճախ էլ զվարճալի միմոսություններ էի անում մեքսիկական-բրազիլական հեռուստասերիալների «դարաշրջանի» մոտիվներով: Մի անգամ էլ, երևի թե սովորականից ավելի ցայտուն ներկայացրածս մի միջադեպի բնութագրականությունից առավել տպավորված, հայրս մարգարեացավ.
- Իմ աղջիկը դերասանուհի է, մեծ արտիստ է դառնալու:
Ինքս էլ մինչև հիմա չեմ մոռացել իրեն շուրջկալած չարացած մարդկանց հառված սրտաճմլիկ, լացակումած հայացքն այն ավանակի, որի սայլակին ինչ-որ մեքենա այնպես ուժգին էր հարվածել, որ վիրավորանքից կարծես առհավետ քարացել էր, բանուկ խաչմերուկում անանցանելի խցանում առաջացրել` անհաղորդ մեր ավտոբուսի վարորդի հատու ազդականչերին, ամբոխի գոռգոռոցներին: 4 ամիս անց մեր տանը պատահական հրդեհ բռնկվեց, հայրս ողբերգական վախճան ունեցավ: Ստիպված էինք Հայաստան վերադառնալ: Անպատմելի դժվար ժամանակներ սկսվեցին մեզ համար: Մայրս հարմար չգտավ թատերակրթությունս, անիրականանալի դարձավ հորս նվիրական ցանկությունը, իմ վաղեմի երազանքը, ընդունվեցի իրավաբանական...
Մորաքրոջ` ռեժիսոր Կարինե Ոսկանյանի անզիջում հորդորներով երբ 1 տարի անց մայրը տեղի տվեց, Ռաֆայել Ջրբաշյանի անկրկնելի փորձառությամբ և իր եռամսյա անմնացորդ տքնանքով Մարինեն ձերբազատվեց ինքնահատուկ հորդաբուխ հուզառատությունից: Կիթառի իր իսկ նվագակցությամբ հայտնի ավանդական երգի, հեղինակած բանաստեղծության և գնչուհի Օլենյայի դերի տպավորիչ մատուցմամբ հայտնվեց ընդունելության հանձնախմբի ուշադրության կենտրոնում: Հոր մարգարեության իրատեսականությանը հավատաց, երբ երիցս դիտեց ռեժիսուրայի քննության հեռարձակումը: Այդուհանդերձ, մրցակցակցային չգրված օրենքներով, հանիրավի կկասեցվեր հետագա թռիչքի սլացքը, եթե ռեկտոր Սոս Սարգսյանի և անկոտրում Ռաֆայել Ջրբաշյանի միակամ պահանջով Մարինե Գալստյանի համար պետպատվերով ուսուցման տեղ չհատկացվեր:
- Ձգտումը դեպի Գեղեցիկը ենթագիտակցաբար ղեկավարում էր Մարինեին ուսումնառության բոլոր տարիներին,- ասում է Ռաֆայել Ջրբաշյանը:- Ինքնահարգանքով, իր կարողությունների հավասարակշռված ըմբռնմամբ` չբավարարվեց թատերական ռեժիսուրայով, դասական պար էր սովորում Հայկ Ավագյանի մոտ, խորեոգրաֆիա` Վիլեն Գալստյանի, Մարիա Դիվանյանի, Նադեժդա Դավթյանի...Առաջին կուրսում, 1999-ին, չնայած ստիպված էր որոշ դժվարություններ հաղթահարել ռուսական կրթության բերումով, Ֆիլիպոյի «Ռիսկը» փոքրիկ կոմիկական պիեսի ամբողջական բեմադրության մեջ Դորոթեայի դերը ցայտուն մարմնավորեց վաղամեռիկ Էդգար Էլբակյանի սքանչելի Արթուրոյի խաղընկերությամբ: Ապա` Ելենա Անդրեևնա, Նինա Զարեչնայա, Մարթա, ուրիշ շատ դերեր խաղաց: Ինստիտուտի շատ ընկերների կողմից պահանջված էր որպես դերասանուհի, ով ի զորու է մարմնավորած հերոսուհու ինքնաստեղծ նախապատմությանը համահունչ վերանձնավորվել: Երբ տարեվերջին Սոսի հետ դիտեցինք նրա մտահղացած-բեմադրած-կատարած «Պատրանք» պարային ներկայացումը, հաճելիորեն զարմացանք պրոֆեսիոնալիզմի վրա: Չէի ճնշում հարակից նախասիրությունները, քանի որ փայլուն կատարում էր ամենաբարդ հանձնարարություններս: Տոլստոյի ինքնաքննադատման ու ինքնազարգացման տեսության, Չարլի Չապլինի ֆենոմենի, Վախթանգովի «Տուրանդոտի» և ուրիշ գիտական ռեֆերատներ մանրազնին պատրաստելուն զուգահեռ Պրոսպեր Մերիմեի «Մաթեո Ֆալկոնեն» բեմադրեց, Իբսենի «Նորան»... Չէր հոգնում տարբեր վարպետների մոտ մասնավոր դասեր ստանալուց, միաժամանակ մասնակցում էր օպերայինի ամանորյա ներկայացումներին:
2003-ին Հայկ Ավագյանի պատրաստած պարային շոու ծրագրով մասնակցությունը Սոչիի «Молодые голоса друзей» միջազգային փառատոնին, նույն ծրագրով 7ամսյա շրջագայությունը Ադրիատիկում մխրճված հեքիաթային երկրով, կանաչ լույս, կանչող փարոս է վառում դեպի Իտալիա ձգվող ճանապարհին: Վերադառնալով հայրենիք` հաջողությամբ հանձնում է ավարտական պետական քննությունները, ձեռնարկում էկզիստենցիալիզմի երևելիներից մեկի` Ժան-Պոլ Սարտրի «Դռնփակը» պիեսի պարային պլաստիկայով հնարամտորեն «համեմված» դիպլոմային բեմադրությունը: Նախապատվությունը տալով ամսագրային տարբերակի «Ուրիշները» վերնագրին` հեղինակային «երբ արատավոր ու աղավաղված են 3 մարդկանց փոխհարաբերությունները, սեփական արարքն ուրիշի աչքերով դիտելու, ուրիշի մեկնաբանությամբ դատելու անխուսափելիությունը դժոխքի է վերածում նրանց համակեցությունը» բանալիով է փորձում բացահայտել հանրածանոթ թվացող գլխավոր ասելիքը: Ինես Սեռանո սիրով հանձն է առնում խաղալ մեր բալետի առաջատար պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Մարիա Դիվանյանը: Ստանձնելով Էսթելի դերակատարումը` Մարինե Գալստյանը գրեթե սարտրյան արագությամբ, ընդամենը 2 ամիս 19 օրում, ամբողջացնում է իր մտահղացած բեմադրությունը, որի ընթացքում իրար ճանաչում և սիրո դաշինք են կռում Գարսեն-Դավիթ Հարությունյանն ու բազմաշնորհ Մարիան:
Թատերական ինստիտուտի կյանքում նշանակալից հետք թողեց այս ներկայացումը: «Ուրիշների» հանդիսատեսի մտապատկերում դաջվեցին Լիլիթ Խաչատրյանի ձևավորած եթերային բեմամիջավայրը կենդանացրած ռեժիսորական երկպլան լուծումներում թրծված գլխավոր հերոսները, ովքեր տանգոյի ոտքերով դյուրությամբ հասանելի էին դարձնում բառերով չբարձրաձայնված կերպարային հարաբերությունների խորքային նրբիմաստները: Մարինե Գալստյանը տարբեր թատրոններում հաստատվելու գայթակղիչ առաջարկներ ստացավ, բայց խուսափեց դրանցից որևէ մեկն ընդունելուց: Լավատեղյակ բոլորի ստեղծագործական խոհանոցին` զգում էր, որ սեփական արտիստական ձեռագրի գունեղացումը չտրորված ճամփաների տատասկները հաղթահարելով պիտի ակնկալված նորափթիթ ինքնատիպության հասցնի: Եվ ճակատագրական որոշում կայացրեց` վերադառնալ Իտալիա:
Հատուկենտ պայմանագրային աշխատանքներն ու ստեղծագործական անսայթաք որոնումները լավ ապագայի համբերությամբ էին գոտեպնդում: Էմանուելե Ուրբանսկու ֆիլմում նկարահանվեց, բազմաթիվ ներկայացումներում խաղաց: 2007-ին Անդալուզիայի «Ֆլամենկո» ընկերության իր վարպետի` Ալբա-Մարիա Պիլար Գարսիա Կարմենայի հետ երկամյա բեմադրական տքնանքով բեմ հանեց «Բեռնարդա Ալբայի տունը»: Նրա Ադելայով հրապուրված Միլանի հայկական համայնքից ինչ-որ մեծահարուստների հարսանեկան շքեղ հանդեսին հայկական պար ներկայացնելու առաջարկ ստացավ: Փնտրեց-գտավ Սարգիսին, ով Իտալիայում «Բայադերայիե իր Արքայազնով հավասարը չուներ, պարում, դասավանդում էր «Մաքս բալետե ընկերությունում, տարբեր ճանաչված խորեոգրաֆների հետ էր վաղուց համագործակցում: Ցնցող տպավորություն թողեց Սարգիսի բեմադրած զուգապարը և, ասես ինքնաբերաբար, երկար տարիների ստեղծագործական դաշինքով փորձարկված հոգեհարազատությամբ, հիմնավորապես ցնցեց արվեստակից ընկերների անձնական միայնությունը: Հանդիսանքների ժամանակ էլ չունեին: Պարզ ու համեստ, 4 ընկերների հետ ճաշկերույթով, գրանցվեցին քաղաքապետարանում և, որպես ամուսնական ճամփորդության, 1-2 տարով մեկնեցին լավագույն նավերի վրա աշխատելու: Բեմադրություններ էին անում, ներկայացումներ խաղում:
«Ինկոնտրովերսոն» ամրոց առ ամրոց նվաճեց Իտալիան
Մինչ սեփական «Ինկոնտրովերսո» հայ-իտալական ընկերության հիմնարկեքը տեր և տիկին Գալստյանները, որպես պարող դերասաններ, մասնակցեցին ուրիշների մշակութային նախագծերի իրականացմանը: Առաջին անգամ միասին որպես գլխավոր հերոս-հերոսուհի Բարսելոնայում նկարահանվեցին, Լորենցո Լիդինիի «Հայացքներ» կարճամետրաժ մելոդրամատիկական կինոֆիլմում: Իրականացավ Մարինեի փայփայած երազանքը` Սարգիսը, ով երբևէ խոսքի արվեստով բեմում չէր հայտնվել, համաձայնեց Գարսեն խաղալ: Եվ` ոչ միայն: Առանց իմաստային խորքերը ծանծաղեցնելու նրբորեն վերանայեց մինչ այդ արված բոլոր պարային բեմադրությունների, առաջնահերթ` «Դռնփակի» խորեոգրաֆիան: Եվ, բազմափորձ վարպետությամբ նրբանկատորեն «սրբագրելով» գտնված պարային պլաստիկ լուծումները, առավել սրընթաց ու ակնահաճո դարձրեց նորաոճ ներկայացման բեմական շարժումը, անսայթաք` տեմպոռիթմը: Էապես հղկվեց նաև սարտրյան մշտահմա պիեսի համամարդկային ասելիքը, բյուրեղացան կերպավորման զուսպ արտահայտչամիջոցները, ավարտուն ամբողջության հասցվեց գործողությունների լուսաձայնային հենքը, ինտրիգող` հոգեբանական ներքին զարգացումների ելևէջումները: Իտալական առաջնախաղին հրավիրված Ռաֆայել Ջրբաշյանի կուրծքն ակամա փքվեց հպարտությունից, երբ իր տաղանդավոր սանուհուն տեսավ անկարկատ մերված Ինեսի բարդագույն կերպարին, իսկ ներկայացումը` անհամեմատ հասունացած: Գովեստներում ժլատ Ուսուցիչը Էսթելից մինչև Ինես Մարինե Գալստյանի անցած ստեղծագործական 10-ամյա ճանապարհը արտիստական նոր անհատականության ծնունդ, հմուտ ճարտարապետի վարպետությամբ վերակերտված «Դռնփակը»` լուրջ արվեստագետի ծանրակշիռ հայտ որակեց:
- Պրոֆեսիոնալ պարով զբաղվելու շարժառիթը եղել է բարեկամներից մեկի հարսանիքին իմ ու եղբորս անվարժ պարելուց «փշոտած» հորս ընդունած որոշումը` հենց վաղվանից պարի կգնաք, թե չէ այծի պես քացի եք տալիս,- անչար հումորով արտիստական իր դիմանկարն է ուրվագծում Սարգիս Գալստյանը:- 10 տարեկան էի, ընկեր Մուրադի Սպայի տան պարախմբում ընդգրկվեցի: Գիտեք, իհարկե, ոլորտի «տարօրինակ բարքերը»... Դժվարությամբ պարարվեստի ուսումնարան ընդունվեցի, չնայած, ավարտելուց հետո, 20 հոգանոց կուրսից միայն ես պարող դարձա: Մանկավարժականի պարային ռեժիսուրայի բաժնում Ֆրունզե Ելանյանն ու Արտյուշա Կարապետյանն ինձ անմիջապես նկատեցին` միակ պրոֆեսիոնալ պարողն էի: 8 տարի որպես բարձր կարգի պարող աշխատեցի վաստակավոր կոլեկտիվ «Բարեկամություն» անսամբլում: «Ձմեռային երեկո Գագրայում» ֆիլմը դիտելիս սիրահարվեցի «Ստեպ» պարին, հիմնեցի նույնանուն պարային ստուդիա (1999-2003թթ.): 2 տարիքային խմբերով (8-9 տ.և 16-18տ.) երբ մեծ մրցանակ շահեցինք Սոչիում, առաջին իսկ ելույթից մրցութային հանձնախմբի հանրահայտ անդամները խոստովանեցին, որ 7 տարի այս կարգի պարողների չէին հանդիպել: Անմիջապես հրավիրեցին Իտալիա աշխատելու: Իտալիայում մոտ 3000 թատրոն կա, ամեն թատրոն ասես մի փակ ամրոց լինի, որը պետք է նախապատրաստված գրոհով նվաճես: Հիմնականում քաղաքապետարանների ենթակայության տակ են գործում, ըստ իս` շատ են քաղաքականացված: Չնայած կա գեղարվեստական տնօրեն, բայց կոմերցիոն նկրտումներն են առաջնային: Գարսենով ինձ համար մի նոր աշխարհ բացվեց: Չգիտեմ, թե որքանով կմերվեմ այս բազմաբարդ, իմ կողմից չպեղված ոլորտին, բայց կասեմ, որ միշտ ճնշվել եմ բեմի վրա դերասանների անվարժ-անբարեկիրթ շարժումը տեսնելիս:
Ամրոց առ ամրոց Իտալիայի մշակութային ասպարեզը տարիների բարձրարվեստ արարումով նվաճելով` «Ինկոնտրովերսոն» հիմա արդեն հաստատվել է Հռոմում: Միջազգային թատերախմորումների յուրընկալ խորագիտությամբ` ավելի համարձակ քայլեր է ձեռնարկում սեփական նախագծերը կյանքի կոչելիս: Նոր բեմադրություն անելիս, նախ, քանիցս փորձարկված, ծանոթ դերասանների մեծաթիվ խմբին է ապավինում, ապա միայն հայտատուներից ընտրություն անում: Սարգիսը Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի պարող դերասան Արսեն Խաչատրյանի հետ իր պարային-բանաստեղծական բեմադրությունն է ավարտին հասցնում: Մարինեն մտածում է Դարիո Ֆոյի «Սիրեկանը» կոմեդիան նորահաստատ թատերաձեռագրով բեմ հանելու շուրջ: Երկուսի նվիրական ցանկությունը Յասմինա Ռեյզայի «Սպանդը» այնպիսի ներշնչանքով ու ցայտուն արտահայտչամիջոցներով բեմադրելն է, որպեսզի Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին կարելի լինի պատշաճ ներկայանալ: Ամենամեծ երազանքը Հայաստանում Մուլեն Ռուժի հանգույն նորատիպ մի մշակութային կենտրոն ստեղծելն է, նախատիպը չունեցող կրթամշակութային, բազմապրոֆիլ հաստատություն, որի արդիաշունչ գործունեությունը անպայման նպաստավոր կլինի հանրային ճաշակի, հոգևոր պահանջների բարձրացմանը: