Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Հերթական անգամ այս հարցն սկսում է արդիական դառնալ: Ինչպես և բնորոշ է նմանատիպ նախընտրական իրավիճակներին` «ո՞ւմ օգտին քվեարկել» խնդրի բանալին որոնելիս, ընտրազանգվածը դարձյալ լուրջ երկընտրանքի առաջ է: Սակայն խնդիրն էլ հենց այն է, որ Նախագահ դառնալու համար առաջադրվել պատրաստվողների «տեսականին» այսչափ մեծ է: Եվ, ինչպես ենթադրել կարելի էր, նման երկընտրանքն աստիճանաբար վերափոխվում է շիլաշփոթի: Իսկ ո՞վ է նման իրավիճակի մեղավորը… Թերևս` ոչ իշխանությունը, քանի որ, ինչպես հայտնի է, իշխող կոալիցիան համեստաբար նախատեսում է առաջադրել ոչ թե տասը, այլ Նախագահի ընդամենը մեկ թեկնածու: Ընդդիմությանը մեղադրելն էլ թերևս արդեն ուշ կլինի, քանզի ստացվեց այնպես, որ արմատականները երկարատև քննարկումներից հետո, այնուամենայնիվ, չհայտարարված մրցապայքարի հրապարակային տարբերակը նախընտրեցին: Եվ հրապարակայնությունը որքան էլ խրախուսելի գործելաոճ լինի, արդյունքում աստիճանաբար սկսում է ակներև դառնալ ներքին առաջնության խոհանոցային մանրամասների ու հավակնությունների սնամեջությունը: Մի՞թե սեփական առավելություններն ի ցույց դնելու, գործընկերներին ապացուցելու լավագույն տարբերակը Նախագահի թեկնածու առաջադրվելն է: Միանշանակ` ոչ: Այստեղ է, որ է°լ ավելի արժանահավատ են դառնում բնության մեջ և մարդկային կյանքում բացատրություն չունեցող երևույթների մասին գիտնականների պնդումները: Ու իրոք, արդեն ընտրությունների ավարտից հետո ի՞նչ է տալու ընդդիմությանը իր լիդերների վաստակած աննշան տոկոսների ճշգրիտ հերթականությունը ներկայացնող ցանկը: Մի՞թե արմատականները միայն ներքին հիմնավորումների, միմյանց ինչ-որ ապացույցներ ներկայացնելու խնդիրն ունեն, իսկ իշխանության հասնելու մասին արդեն նույնիսկ չեն էլ երազում: Հավանաբար այդպես է, քանի որ այս օրերին հրապարակվող սոցհարցումների արդյունքներից վերջիններս նախկինի պես ծանր սթրեսներ չեն տանում: Դժվար չէ նկատել, որ առաջադրվել պատրաստվողների վեճը հիմնականում ընթանում է ոչ թե երկու կամ երեք, այլ ասենք չորս կամ հինգ տոկոսանոց վարկանիշ ունենալու հարցի շուրջ: Փաստորեն, այլևս չի կարևորվում, որ Նախագահ ընտրվում են քվեարկությանը մասնակցածների ոչ թե հինգ, այլ առնվազն հիսուն տոկոսի վստահությունն ունենալու դեպքում: Ուստիև հենց ասվածի համատեքս տում էլ փորձենք դիտարկել առաջիկա օրերի գլխավոր ներքաղաքական իրադարձություններից մեկը` ուրբաթ օրը հրավիրված հանրահավաքը: Նպատակն, իհարկե, վաղուց պարզ է ու հասկանալի` փորձարկել Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրման նախապայմանները` իրավիճակը «քննելու» և «զննելու» գործը վերջնական տեսքի բերելու համար: Սակայն ո՞ւմ հնարավորութ յուններին է փորձում ապավինել երկրիս նախկին Նախագահը: Ընդդիմադիրներն առայժմ հուշում և ներկայացնում են երկու անուն` Ս. Դեմիրճյան և Արամ Զ. Սարգսյան: Բայց էականն այստեղ համակիրների փոքր քանակը չէ, այլ այն, որ ամեն ինչ մանրամասնորեն կշռադատող գործիչը դաշնակից է ընտրել իրենց քաղաքական ռեսուրսը դեռևս մայիսյան ընտրություններից առաջ սպառած ուժերի: Ընդ որում, վերոնշյալ երկու գործիչներն էլ ժամանակին մեղադրվել են ՀՀՇ-ի ականջներն իրենց թիկունքում կրելու համար: Հետևաբար, Դեմիրճյանով ու Արամ Զավենիչով շջրապատված լինելով հանդերձ` միևնույն է, նախկին Նախագահին հազիվ թե հաջողվի խուսափել ՀՀՇ-ի ոչ հրապարակային պաշտպանության տեսարանից: Քաղաքական աջաբսանդալը, եթե նույնիսկ այնտեղ նոր գործիչներ նույնպես հայտնվեն, միևնույն է, ցանկալի արդյունք չի տալու: Վերջնահաշվում նույնիսկ կարևոր չի լինելու, թե վերոնշյալ մարդիկ առանձին-առանձի՞ն են առաջադրվելու, թե՞ այս կամ այն կերպ Լ. Տեր-Պետրոսյանին են սատարելու: