Հայուհին պետք է գնահատի իր ներուժը


Հասարակական կյանքում կնոջ դերի արժևորման փորձեր միշտ էլ եղել են: Ու թեև հատկապես քաղաքական գործընթացներում առավել ընդգծվում է տղամարդու դերակատարությունը, այդուհանդերձ, այսօր էլ շրջանառվում է այն տեսակետը, թե կինն է հասարակական-քաղաքական գործընթացի շարժիչ ուժը: Չորրորդ գումարման Ազգային ժողովում ավելի շատ կանայք են ընդգրկված, քան նախորդներում: Արդյո՞ք մեր հասարակությունը սկսել է արժևորել կնոջ ներուժը, և արդյո՞ք այդ ներուժը օգտագործվում է բավարար չափով: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը ԱԺ պատգամավոր Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ: - Ես միանշանակ չեմ ընդունում և դեմ եմ կնոջ և տղամարդու դերակատարումների արհեստական տարաբաժանմանը: Երբեմն որոշ քաղաքական ուժերի կամ գործիչների կողմից փորձ է արվում հանրային կյանքում կամ քաղաքականության մեջ կնոջ դերի բարձրացմանը նպաստող օրենքների նախագծերի ընդունումով անհավասարության նշան դնել կնոջ և տղամարդու միջև: Ես համամիտ եմ, որ մեր իրականությունում նման խնդիր կա, բայց դա շատ դեպքերում բխում է ոչ թե մեր միջավայրից, ոչ թե կանանց հանդեպ տղամարդկանց վերաբերմունքից, այլ հենց իրենց` կանանց վերաբերմունքից սեփական անձի հանդեպ: Հայաստանում ընտրողների 52 %-ը կանայք են, բայց որպես տխուր օրինաչափություն պետք է փաստեմ, որ հիմնականում հենց կանայք են դեմ քվեարկում կանանց: Ի դեպ, գործադիրում ունենք մեկ կին նախարար, Ազգային ժողովում 131 պատգամավորներից 12-ն են կին: 936 գյուղապետերից ձեռքի մատների վրա կարելի է հաշվել կին գյուղապետերին: Կին համայնքապետ ընդհանրապես չունենք: Մենք խոսում ենք այն մասին, որ Հայաստանը Հարավային Կովկասում համարվում է ժողովրդավարության կղզյակ, մինչդեռ քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության առումով բավական ետ է մնում Վրաստանից և Ադրբեջանից: Մեր երկրում փոքր ինչ խեղաթյուրված է կնոջ ընկալումը. եթե կինը զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ, դա բոլորովին էլ չի նշանակում, որ նա կարող է թերանալ ընտանեկան կյանքում և երեխայի դաստիարակության հարցերում: Տարածված այն կարծիքը, թե քաղաքականությամբ զբաղվում են միայն անձնական կյանքում թերություններ ունեցող, չկայացած կանայք, թյուր ընկալում է կին քաղաքական գործիչների հանդեպ: Ես ինքս` ոսկե մեդալով ավարտելով դպրոցը` ընդունվել եմ բուհ և առաջին կուրսում ամուսնացել: Թե ամուսնական կյանքը, թե դստրիկիս ծնունդը չխանգարեցին, որ ես կայանամ իբրև քաղաքական գործիչ: Կարծում եմ` կայացած մարդու համար շատ ավելի դյուրին է զբաղվել քաղաքական գործունեությամբ, քան այն կնոջ համար, ով բազում հոգսեր ու խնդիրներ ունի: Ես ցանկանում եմ, որ հայուհին ըստ արժանվույն գնահատի իր ներուժը և երբեք չկաշկանդվի արհեստածին տաբուներով: Շատ դեպքերում նա չի օգտագործում իր բնատուր շնորհն ու դրական հատկանիշները, և հենց դա էլ բերում է հայ կնոջ կերպարի աղճատմանը: Ի վերջո, մեր հասարակությունում կին քաղաքական գործիչների պակաս զգացվում է:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ