Քաղաքապետը` ընտրովի, համայնքապետերը` նշանակովի


Մինչև Սահմանադրության նոր տարբերակի ընդունումը Երևանը Հայաստանի մարզերից մեկն էր: Երկրի նորացված գլխավոր օրենքի դրույթներից մեկի համաձայն մայրաքաղաքի կարգավիճակը փոխվեց. Երևանն այլևս համայնք է: Սահմանադրությամբ, սակայն, չի տարբերակված քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրության հարցը: Կառավարությունը կյանքի է կոչել սույն հարցը կոնկրետացնող մի օրինագիծ, որը շուտափույթ փոխանցվել է Ազգային ժողովի քննարկմանը: Եվ, ուրեմն, ինչպե՞ս է ընտրվելու Երևանի քաղաքապետը: Ըստ վերոնշյալ օրինագծի` անուղղակի ընտրությամբ: Հիմնավորո՞ւմը. ուղղակի ընտրվող քաղաքապետը նախատեսում է ավելի լայն լիազորություններ, քան անուղղակի ընտրվողը: Կա աշխարհի փորձը, և նոր հեծանիվ հայտնագործել պետք չէ: Եվ, իհարկե, կա զգոն լինելու, քաղաքի կառավարման մարմինների ընտրության ճիշտ մոդելը վերցնելու խնդիր: Հարկ էր ջանադրաբար ուսումնա սիրել տարբեր երկրների փորձը, ինչը և արվեց` արդյունքում նախապատվություն տալով Արևմտյան Եվրոպայի երկրներում, մասնավորապես Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գերակշռող տարբերակին: Անուղղակի ընտրված քաղաքապետը հաշվետու է իրեն ընտրող ավագանու, ինչպես նաև կառավարության առջև: Օրինագծում հետաքրքիր լուծում է տրված թաղապետերի ընտրությանը: Վերջին բառակապակցությունը նույնիսկ տեղին չէ օգտագործել, քանի որ թաղապետերն այլևս ոչ թե ընտրվելու, այլ նշանակվելու են քաղաքապետի կողմից և կոչվելու են ոչ թե թաղապետեր, այլ տարածքային ղեկավարներ: Առաջընթացն այստեղ այն է, որ քաղաքապետն իրավասություն կունենա քաղաքին վերաբերող որևէ տարածքին վերաբերող որևէ խնդրի կարգավորման հարցում: Կարծում ենք` տեղին է նաև «թաղապետ, թաղային համայնք» անվանումներից հրաժարվելը: Գուցե ավելի ուշ կգտնվի «վարչական տարածքներ և տարածքային ղեկավարներ» սահմանումներին շատ ավելի համարժեք ձևակերպում-անվանում: Իսկ «թաղ» արմատով կազմված բառերից` «թաղային, թաղապետ», արժե հրաժարվել: Կռահեցի՞ք` «թաղային հեղինակություն». ակամա ասոցացվում է: Այսպիսով, Երևանի 12 համայնքներին կփոխարինեն 10 վարչական շրջաններ: Երկու համայնքներ «ասիմիլացիայի» կենթարկվեն` միավորվելով Նորք-Մարաշը` Ավանին, Նուբարաշենը` Էրեբունուն: Եթե առաջինը կարելի է պատկերացնել, երկրորդի պարագան, համաձայնեք` առնվազն անտրամաբանական է. Նորք-Մարաշն ո¯ւր, Ավանը` ո¯ւր: Հուսանք, որ օրինագծի ընդունումից և կիրառության մեջ դրվելուց հետո քաղաքային ավագանին կօգտագործի վարչական տարածքների ավելացման կամ նվազեցման իր իրավունքը, և միմյանց կմիանան (կամ կտարանջատվեն), այսպես ասած, սահմաններով իրար հարող տարածքները: Նշենք նաև, որ որքան էլ դա թողնված է քաղաքային ավագանու հայեցողությանը, սակայն օրենքը գծել է սահմանը` վարչական տարածքները չպետք է գերազանցեն 12-ը և 6-ից քիչ չպետք է լինեն: Հետաքրքիր է` ինչպե՞ս կվերաբերվեն թաղապետերը նոր օրինակարգին: Ընտրվելու «հավերժական» ախորժակ ունեցողները, ովքեր փուլից փուլ ավելի լավ են տիրապետում կրկին վերընտրվելու միջոցներին, այսուհետ ստիպված են այդ միջոցների կիրառման հնարավորությունները որոնել այլուր` վերընտրվելու իրենց «լծակները» գործի դնելով այլ ուղղությամբ: Իսկ թե իրականում ինչի կհանգեցնի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին նոր օրինակարգը, ցույց կտա ժամանակը:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ