Չելնի՞նք Սասուն, մտնինք Վան


Իշխանությանն ու ընդիմությանն իբրև այլընտրանք ներկայացողի կեցվածք որդեգրած ՀՅԴ-ն, իր ավանդական սկզբունքներին հավատարիմ, երբևէ չի համագործակցի այն ուժերի հետ, որոնց քաղաքականությունը երկրի ներքին և արտաքին հիմնախնդիրների ու նաև ԼՂ-ի հակամարտության հարցում տարբերվում է ՀՅԴ մոտեցումներից: Իսկ վաղեմի կուսակցության մտահոգությունը երկրում կայուն իրավիճակի ստեղծումն է` լինի ընտրություններից առաջ, թե` հետո: Առջևում Նախագահի ընտրություններն են, սակայն նախատեսված երկու թեկնածուներից մեկով հանդես գալու ՀՅԴ-ի ախորժակը փակում է «միահեծան իշխանության» հավանականությունը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը երկրի համար վտանգավոր է համարում այն իրավիճակը, երբ նույն կուսակցության, տվյալ դեպքում ՀՀԿ անդամ լինեն ՀՀ նախագահը, վարչապետը և ԱԺ նախագահը: - Ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ն ունենա այնքան կամք, կամ չգիտեմ, ուզենա էլ` չի կարող: Երբ իշխանության երեք թևերն էլ իր ձեռքում են, կարծում եմ` սա հղի է լուրջ վտանգներով: Իսկ այն, որ եթե Նախագահ ընտրվի ՀՀԿ ներկայացուցիչը, իսկ Վարչապետը լինի այլ կուսակցությունից կամ անկուսակցական, ապա Հրայր Կարապետյանի համոզմամբ. - Նախագահի խնդիրը այլ է, Նախագահին ընտրում է ժողովուրդը, իսկ Վարչապետը, ըստ Սահմանադրության, նշանակվում է ԱԺ մեծամասնությունից, որ այսօր ունի Հանրապետական կուսակցությունը: Այնպես որ, Վարչապետը այսօր էլ, վաղն էլ` Նախագահի ընտրություններից հետո, եթե իհարկե չկրկնվի 1998 թվականի պատմությունը, և մի օրվա մեջ ուժերի հարաբերակցությունը չփոխվի ԱԺ-ում, պետք է նշանակվի, և կառավարության կազմը ձևավորվի ըստ Սահմանադրության, մեծամասնությունից: Հրայր Կարապետյանը չի բացառում միահեծան իշխանության բացասական հետևանքները` իհարկե, ակնարկելով ՀՀԿ-ին, սակայն անտեսում է, որ հենց այդ կուսակցության հետ եթե չի կիսում, գոնե զբաղեցնում է մի քանի նախարարական աթոռ: Ակնհայտ է, որ այդ «բաժինը» նրա քիմքին հաճո չէ: Այ. - Եթե վաղը մեզ վստահվի ժողովրդի քվեն, տրվի իշխանության լծակներ, որոնց շնորհիվ մենք կազդենք մեր պետության քաղաքականության վրա, ապա կարծում եմ, որ Դաշնակցությունը այն կուսակցությունն է, որն իսկապես կարդարացնի այդ պատասխանատվությունը: Ասեմ ինչու. նախ մենք փորձ ունենք թե ընդդիմության և թե իշխանության մեջ, և հետո, մենք կարգապահ կուսակցություն ենք: Մեր ներսում մենք պատասխանատու ենք մեր կառույցի առաջ: ՀՅԴ-ն նման է այն ֆուտբոլիստին, որին չեն վստահի 11 մետրանոց գոլի պատեհությունը, իսկ պետության ղեկավարման «կառամատույցում» հաստատ կստեղծի այն անկայունությունը, ինչից նա այնպես զգուշանում է: «Կարգապահ» և պատասխանատվության բարձր զգացումով օժտված կուսակցության ամենահարմար տեղն ու երթուղին իշխանության և ընդդիմության դաշտերի միջանկյալ հատվածն է, որտեղ նա կարող է հանդիպել երկրի 1-ին Նախագահին և հետո «նախանձել» նրա ակտիվությանը: - Ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվությունը չափազանցված է ներկայացվում հիմնականում քարոզչության միջոցով, այն գերագնահատված է,- ասում է Հրայր Կարապետյանը: Ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, ով ժողովրդին կոչ էր անում գոյատևելու համար հարևանից պարտք վերցնել, ՀՅԴ խմբակցության ղեկավարը խոստանում է տեր կանգնել այն մարդկանց, «որոնց կարծիքով, եթե մարդը փող չունի, ուրեմն պիտի պանիր չուտի»: Ոչ, ժողովո°ւրդ, դաշնակցական իշխանության դեպքում պանիր էլ կուտեք, 2008 թվականի հունվարի մեկից նվազագույն աշխատավարձը կդառնա 40.000 դրամ, դեռ ավելին, ծովից ծով Հայաստան էլ կունենանք:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ