Հնարավորինս միասնական
ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը հանգամանալից վերլուծությունների արդյունքում եկել է մի եզրահանգման` «և° նախորդները, և° ներկաները իրենց գործունեությամբ ապացուցել են` չեն կարող երկիրն առաջ տանել»: Լուրջ խնդիրների և մարտահրավերների դիմագրավումը, ըստ Շ. Ք.-ի, պահանջում է որակական փոփոխություններ կամ բարեփոխումներ, որն էլ կնպաստի երկրի շատ արագ զարգացմանը: - Իմ վերլուծությունները ցույց են տալիս, որ կարծես ժողովրդին փորձում են դարձնել պատանդ զգացմունքներին և ընդսմին` 2 զգացմունքների` անձերին ատել, անձերով ոգևորվել: Իսկ արդյունքում հետին պլան են մղվում երկրին հուզող կարևորագույն խնդիրները: Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար, որո՞նք են հեռանկարները: Նախ պետք է խոսել երկրի առջև կանգնած խնդիրների, անելիքների մասին և լուծել դրանք: Մեզանում դա բացակայում է: Խնդիրները բոլորին պարզ են` համակարգային փոփոխություններ: Շավարշ Քոչարյանը քաղաքական ուժերին հորդորում է ազնիվ լինել ժողովրդի և միմյանց հետ և հանիրավի չշահարկել իշխանափոխության հարցը: - Իշխանափոխությունն անհնարին է, քանի որ իշխանության հարցը լուծվեց ԱԺ ընտրությունների ժամանակ: Իշխանափոխության համար կա միայն հեղաշրջում կամ հեղափոխություն: Բայց կա՞ դրա ցանկությունը, ինձ թվում է` ոչ: Հեղաշրջման մասին խոսք լինել չի կարող, որևէ հեղաշրջում դրական արդյունք չի տվել: Մյուս կողմից ամենևին չի նշանակում, որ Նախագահի ընտրությունները որևէ կարևորություն չունեն: Եկեք անտեսենք, միևնույն է, իշխանության հարցը լուծվել է: Ոչ: ՀՀԿ-ն ունի մեծամասնություն: Եթե իշխանությունը կենտրոնանում է մեկ քաղաքական ուժի ձեռքում, իր համար էական է Նախագահի պաշտոնը, ապա դա դառնում է ավելի անվերահսկելի: Հակակշռել է պետք,- ասում է Շավարշ Քոչարյանը: ԱԺԿ նախագահի դիտարկմամբ` ընտրությունների ժամանակ հարկավոր է գաղափարական ծրագրերի պայքար և, որ կարևոր է, «հասարակությունը պետք է գնա ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի հետևից, այլ պետք է ունենա իր պահանջը, իր հստակ ձևակերպումները: Իշխանությունն ունի իր լծակները և դրան հակակշիռ չի տեսնում»: Այլընտրանքային միասնական թեկնածուի պատկերը Շավարշ Քոչարյանի համար դեռ մշուշոտ է, սակայն, իր իսկ համոզմամբ, այլընտրանքային թեկնածուն չի կարող լինել նախորդ իշխանության ներկայացուցիչ: Այդ դեպքում ո՞ւմ է տեսնում Շավարշ Քոչարյանը փնտրվող թեկնածուի պատվանդանին: - Ես ասացի, որ այս պահին չեմ ասի: Մենք ձգտում ենք, որ այդ միասնությունը ձևավորվի, որ լինի հնարավորինս միասնական թեկնածու: Այնուամենայնիվ, եթե «չհայտնաբերվի» միասնական թեկնածու, Շավարշ Քոչարյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը: - Եթե չձևավորվի, այդ ժամանակ ԱԺԿ-ն կորոշի. պարտադիր չէ որևէ մեկին սատարել: Միասնականը հարաբերական է, բոլորս ենք հասկանում, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը մեկին դժվար թե ընտրի: