6. Հայրենիքը արյան


(լրագրողի մտորումներ) (սկիզբը` թիվ 34-36, 38-39-ում)մորմոք է, ոգու կարոտ Լեզվի միասնականության ապահովման խնդրից ոչ պակաս կարևոր է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միասնականության ապահովման խնդիրը: Որովհետև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր մեծագույն Ազգային Արժեքների շարքում իր պատվավոր ու անփոխարինելի տեղն ունեցող եզակի կառույցներից է: Ով էլ լինես դու, բարեկամ ընթերցող, հավատացյալ, թե անհավատ, քրիստոնյա, թե ոչ քրիստոնյա, եթե ինքդ քեզ հայ ես գիտակցում, քո հոգու ամենանվիրական անկյուններից մեկում պետք է գուրգուրանքով տեղ տաս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Եթե Էջմիածինը, որպես համազգային սրբություն, չկա քո հոգու մեջ, ուրեմն դու, ներիր անկեղծությանս, արդեն կիսով չափ…հայ չես, խորթացե¯լ ես քո ազգային արմատներին: Իսկ եթե հայ ես և քրիստոնյա, բայց չե¯ս ընդունում Մայր Աթոռի գերագահությունը, ուրեմն դարձյալ կիսով չափ արդեն…հայ չես: Ոչ, ես դեմ չեմ խղճի ու դավանանքի ազատությանը: Դեմ չեմ նույնիսկ Հայաստանում սնկի պես բուսած քրիստոնեական կամ ոչ քրիստոնեական աղանդների գոյությանը, թեև, անկեղծ ասած, բացասաբար եմ տրամադրված դրանցից յուրաքանչյուրի հանդեպ: Ես դեմ եմ միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարոյական հեղինակության առաջ ցանկացած հայ մարդու չխոնարհվելուն, նրա 1700-ամյա պատմության առաջ ծնկի չգալուն: Ով ընդունում է Քրիստոսի սրբությունը, բայց դեպի Քրիստոս է գնում ո°չ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառույցների միջով` ինձ համար առնվազն կիսով չափ կորա¯ծ հայ է: Ինչու՞ Քրիստոսին աղոթել զանազան ու զարմանազան տներում, ավետարանչական կամ չգիտեմ թե էլ «ինչական» հայ եկեղեցիներում, և ոչ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վանքերում ու տաճարներում: Երբ մեզանում դեռ չկային ամեն տեսակի քրիստոնեական ու ոչ քրիստոնեական աղանդները, երբ այս մոլորակի տարբեր անկյուններում դեռ չէին ստեղծվել զանազան ու զարմանազան «հայ եկեղեցիները», երբ մենք դարերով կորցրել էինք մեր պետականությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը այն միակ ու եզակի ազգային-հոգևոր կառույցն էր, որի շուրջ համախմբվում էին համայն աշխարհի հայերը: Մայր Աթոռը 1700 տարուց ավելի մեզ հայ է պահել և պահելու¯ է: Հենց միայն այդ սխրանքի համար Մայր Աթոռը արժանի է համազգային գուրգուրանքի: Ինձ համար մեծ ցավ է, որ մեր Մայր Եկեղեցին այսօր դեռ միասնական չէ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մի քանի դար տևած հայապահպան գործունեության առաջ խոնարհվում եմ, սակայն այն փաստը, որ սկսած 1955-ից այդ կաթողիկոսարանը իրեն դուրս է դրել Մայր Աթոռի վարչական ենթակայությունից, ավելին, այսօր հավակնում է իբրև հավասարը հավասարի` «ոտք մեկնել» Մայր Աթոռի հետ` ընդունում եմ իբրև ազգային ողբերգություն: Միգուցե այն ժամանակ, 1955-ին, այդպիսի վարչական սահմանազատումը արդարացված քայլ էր: Դրա նախաձեռնողը հայրենի պետությունից բիրտ ու բարբարոս ձևով դուրս մղված Հայ Հեղափոխական Դաշնակցությունն էր, որը չէր ընդունում Խորհրդային Հայաստանի գոյությունը, մերժում էր բոլշևիկյան իշխանությունը և գտնում էր, թե Մայր Եկեղեցին նույնպես ենթակա է այդ իշխանությանը: Վիճելի տեսակետ է, բայց, միգուցե, հեռու չէ ճշմարտությունից: Սակայն ՀՅԴ-ն, ըստ իս, բոլշևիզմի դեմ իր հիմնավորված ատելությունը ուղղակի իրավունք չուներ տարածելու…Մայր Աթոռի վրա: Անթիլիասը Էջմիածնի վարչական ենթակայությունից հանելը թուլացրեց ոչ թե բոլշևիկյան իշխանությունը, այլ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, պառակտեց նրան: Ավա¯ղ, դա ոչ միայն եկեղեցական, այլև` ազգապառակտի¯չ քայլ էր: Ահա արդեն 50 տարուց ավելի մեր Եկեղեցին կրում է այդ աղետալի քայլի ծանր հետևանքները: Կրում է նույնիսկ այն բանից հետո, երբ Հայրենիքն ու մայր ժողովուրդն ահա արդեն 16 տարուց ավելի` ապրում են Ազատ ու Անկախ պետության մեջ: Անկեղծ նախանձով ընդունեցի Ռուս ուղղափառ եկեղեցու վերամիավորման իրողությունը: 1918-ից վտարանդի, Մոսկվայի Համայն Ռուսիո պատրիարքի վարչական ենթակայությունից իրենց ազատ հռչակած ռուս ուղղափառները այս ամռանն իմաստություն ունեցան հայտարարելու մայր եկեղեցու գիրկը վերադառնալու իրենց որոշման մասին: Դժվարին գործընթաց էր, բանակցությունները երեք տարուց ավելի տևեցին, սակայն վերամիավորումը, հուրախություն իրենց ողջ ժողովրդի, տեղի ունեցավ: Ի՞նչն է խանգարում, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչական ենթակայությունից դուրս եկած նրա Անթիլիասի թևը, նույնպես հետևի այդ բարի օրինակին: Ըստ իս` երկու բան` ՀՅԴ-ի քաղաքական չկամությունը, որը մեր Եկեղեցու Անթիլիասի թեմերը դիտում է իբրև Հայաստանի իշխանությունների վրա դրսից ճնշումներ բանեցնելու լծակ, և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի…զուտ մարդկային մեծամտությունը, իրեն Ամենայն Հայոց կաթողիկոսին «հավասա¯ր» համարելու մոլորությունը: Մինչդեռ երկու կաթողիկոսները «հավասար» լինել չեն կարող նախ և առաջ այն պատճառով, որ Մայր Աթոռի գահակալը միակն է աշխարհում, ով կրում է «Ամենայն Հայոց» պատվանունը: Ամենայն Հայոց Վեհափառին չենթարկվող եկեղեցականը, ով էլ լինի և ինչպիսի պատճառաբանություններ էլ հորինի, ինչպես նաև աշխարհիկ, թեկուզև անհավատ մարդը, ով չի խոնարհվում Էջմիածնի բարոյական հեղինակության առաջ` իմ աչքում…ազգադա¯վ է: Ընդհանրապես պիտի նկատեմ, որ մենք հեղինակություններ չընդունող, մեզնից բարձրի առաջ խոնարհվել չսիրող, մի քիչ էլ չմահավան ժողովուրդ ենք: Մեզնից շատերն իրենց իրավունք են վերապահում լեզվագարություններ թույլ տալ ո°ւմ հասցեին ասես, սկսած պետության ղեկավարներից, վերջացրած…իրենցից հաջողակ ցանկացած ուրիշով, այդ անկրթությունը ներկայացնելով իբրև «քննադատություն», «ազատ խոսք» կամ «անձնական կարծիք»: Չակերտներ եմ դրել, քանզի խորապես համոզված եմ, որ իսկական քննադատությունը, ազատ խոսքն ու անձնական կարծիքը ոչ մի ընդհանուր բան չունեն և չեն կարող ունենալ…լեզվագարության, զազրախոսության, հայհոյաբանության հետ: Բայց գլուխը քարը, մի կերպ կարելի է հաշտվել նույնիսկ այդ երևույթների հետ, հուսալով, որ վաղ թե ուշ կհաղթահարենք նաև այդ հիվանդությունը, եթե ժողովրդի կամ պետության մեջ ոտնատակ չի տրվում անխտիր ամեն ինչ ու ամեն սրբություն: Ոչ մի ժողովուրդ չի կարող ապրել ու գոյատևել առանց գոնե մեկ այդպիսի բացառիկ սրբության: Ինձ համար այդ միակ ու բացառիկ սրբությունը…Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է: Մայր Աթոռը Հայրենիքի խորհրդանիշն է, մեր հայրերի սուրբ Հավատի Վեմը, մեր ազգային հավաքականության հոգևոր միասնության հիմքերի հիմքը: Եվ մենք պետք է ինքներս կրենք ու մեր սերունդներին ներարկենք հանուն Մայր Աթոռի պայծառության ամե¯ն ինչ զոհաբերելու գիտակցությունը…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ