Փոքր գործում` մեծ պատմություն…


Արա գործերդ ու ապրիր աննկատ... Սենեկա Իր գործերն անում ու աննկատ չի մնում երբեմնի հեռուստառադիոպետկոմի ռադիոհաղորդավար, ճանաչված լրագրող Հրաչյա Մարտիրոսյանը: Նա հերթական անակնկալը մատուցեց ընթերցասերին` նրա սեղանին դնելով ստեղծագործությունների երրորդ գիրքը` «Աստծո զոհաբերությունը», ուր տեղ են գտել տասնյակից ավելի պատմվածքներ, մեկ վիպակ ու երկու վեպ: Մշակութային բնույթի նրա բազում թղթակցությունները, հոդվածներն ու էսսեները տպագրվել են մամուլում: Գիրքը մեր ապրած ու չապրած օրերի ծնունդ է, այն և° վավերագիր, և° գեղարվեստական պատում է` հարազատ ու ծանոթ բոլորիս, քանզի մեր կյանքի վերջին դաժան տարիների արտացոլումն է: Հեղինակը նրբանկատորեն, վարպետ գրչով թղթին է հանձնել տեսանելին ու անտեսանելին, շոշափելին ու աներևույթը, կյանքի լավն ու վատը: Նրա հերոսները ժամանակի պարտադրանքը կրող սովորական, հասարակ, բայց իմաստուն, ազնիվ մարդիկ են, անգամ փողոցի թափառող շունը, որի կյանքը շատ է նման մարդկանց կյանքին: Նրանց կողքին է նաև անբարյացկամ չինովնիկն ու յուրաքանչյուր հիվանդից ակնկալիք ունեցող բժիշկը: Չնայած ոչ բոլոր գործերն են թվագրված, բայց ընթերցողը լավ գիտի, թե խոսքը որ թվերին է վերաբերում, քանզի հեղինակն այնպիսի մանրամասնությամբ է բերում, որ սխալվելն անհնար է: Հիրավի, գիրքը մեր չապրած օրերի յուրահատուկ տարեգրություն է: Հեղինակին շնորհավորելու էին եկել բանաստեղծներ, գործընկերներ, գիտության ու մշակույթի գործիչներ: -Առօրյա թվացող պահերը Հրաչյան դարձրել է ընթերցելի ու հետաքրքիր: Ընդհանրացված եսի միջոցով ներկայացված են մեր ժողովրդին բաժին ընկած բոլոր դժվարությունները: Գիրքը բողոք է` ուղղված անօրինության ու անարդարության դեմ,- ասաց բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանը: -Հրաչը տեսածը գրել է սերունդների համար, նրա կերպարները կատարյալ ու ամբողջական են,- փաստեց բանաստեղծ Վարդան Վանատուրը: Հեղինակին, ընդգծված համեստությամբ առանձնացող մարդուն շնորհավորեցին ու սրտի խոսք ասացին Աննա Էգիբարյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու, լրագրող Ստեփան Պապիկյանը, դուդուկահարներ Սեդրակ Ավանեսյանն ու Սերգեյ Կարապետյանը, կոմպոզիտորներ Էդուարդ Սադոյանը ու Ստեփան Շաքարյանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, թառահար Հովհաննես Դարբինյանը, «Սայաթ-Նովա» համույթի մենակատար Գրիգոր Սաֆարյանը: Գոհար ԱՐՇԱԿՅԱՆ Բելառուս գրող Յանկա Բրիլի` կյանքի, մարդու, բնության, սիրո, ատելության, թախծի և այլ թեմաներով գրված մանրապատումների կարևոր արժանիքներից են սուր դիտողականությունը, անկեղծությունը և հումորը: Ներկայացնում ենք Յա. Բրիլի մանրանկարների մի փունջ` Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ թարգմանությամբ: ՅԱՆԿԱ ԲՐԻԼ