ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԻճԱԿԱԽԱՂ ՉԷ
Անհավանական լինելու չափ արագ սկսված Նախագահի ընտրությունների քարոզարշավը անցնող մի քանի օրերին բազմիցս արդեն հասցրել է փաստել խորհրդարանական քվեարկության ընդամենը նախերգանք լինելու մասին հավաստիացումները: Որքան էլ անսպասելի լիներ ԱԺ ընտրություններում կրած պարտությունը, կամ աննշան հաջողությունները դեռ լրիվ չմարսած` կուսակցապետերը, իրարից առաջ ընկնելով, շտապեցին հայտարարել Նախագահի ընտրություններում իրենց առաջադրման մասին: Արդյունքում` հույսերը կամ կասկածները, որ առնվազն մինչև ուշ աշուն ականատեսը կլինենք, թե ինչպես են արմատականները «միասնական թեկնածու» օպերացիան ծանրութեթև անում, արդեն իսկ անհավանական է դառնում: Իսկ նախագահացուների հավակնությունները ակնհայտորեն հիմնազուրկ են: Ինչպես սպասվում էր, ընդդիմության մեծ մասը հավատացած է (կամ գոնե այդպես է ցույց տալիս), թե խորհրդարանական ընտրությունների արդյունքները զանգվածաբար կեղծվել են: Ասվածից բխող ավելի քան կանխատեսելի հաջորդ քայլը սեփական վարկանիշի չափազանց բարձր լինելու մասին անհիմն համոզմունքն է` դրանից բխող բոլոր խաբուսիկ հետևանքներով: Տվյալ պարագայում կուսակցապետերի ինքնաներշնչումը ջախջախելով` նույնիսկ նոր ընտրությունների նորովի կեղծման (՞) հեռանկարը ստիպում է նրանց միանգամայն լուրջ կեցվածք ընդունել ու նախագահականում հաջողությունների մասին մտորել: Անկախ ստեղծված զավեշտալի իրավիճակից` պարզ է, որ քարոզարշավն ավելի հետաքրքիր ընթացք կունենար, եթե նախագահացուների «թեժ տասնյակը» գոնե առաջիկա մի քանի ամիսներին իրենց ծրագրերի մասին չբարձրաձայներ: Սակայն այսօր արդեն, երբ ուրվագծվելով հասունանում է իշխող ուժի թեկնածուի միանձնյա և անվիճելի առաջատարությունը, ընտրությունների երկրորդ փուլի և այդ ընթացքում արմատականների մասնակի-ավանդական միավորման հնարավորությունն է անգամ փոքրանում: Ի վերջո, Նախագահի թեկնածուների այդչափ մեծ թիվը ոչ այլ ինչ, քան ընտրական երկրորդ փուլի հավանականությունն է հենց փոքրացնում: Չէ՞ որ քվեարկությունը վիճակախաղ չէ, որ ավելի փոքր խաղագումար ներդրածներն իրենց տեղը սիրահոժար զիջեն ու խաղից դուրս գան: Այս հարցում ավելի թարմ ու խոսուն ապացույց, քան մայիստասներկուսյան քվեարկության արդյունքներն են, չկան: Ավելին, արժե մեկ անգամ ևս փաստել, որ ՀՀԿ-ի հաղթանակը միանգամայն օրինաչափ էր և կանխատեսելի: Լայնածավալ ու հետևողական աշխատանքը, ինչպես նաև Կառավարության ու ՀՀԿ խորհրդարանական խմբակցության վերջին տարիների գործունեությունը չէին կարող նման հետևանքի չհանգեցնել… Իսկ Նախագահի ընտրությունները, ի տարբերություն վերջին քվեարկության, հինգ տոկոսանոց բարիերներ չունի: Եվ եթե մի երկու շաբաթ առաջ հայրենի քաղգործիչները, այս խնդիրը լուծելով, գոնե խորհրդարանական խմբակցություն ղեկավարելու իրենց երազանքն էին իրագործում, ապա այս դեպքում նշված տոկոսները և ոչ մի ուժի ոչինչ չեն կարող տալ: Համոզվելու համար երկար մտածելու անհրաժեշտություն հաստատ չկա: