ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՋՈՐԴԻՎ... ՀՀԿ-ն կկառավարի միայնակ


Անցած խորհրդարանական ընտրությունների շուրջ մեկնաբանությունները դեռ շարունակվում են, հնչում են ամենատարբեր գնահատականներ և տեսակետներ. միևնույն ժամանակ փորձագետ ները լրջորեն ու խորությամբ եղած փաստերի և իրողությունների վերլուծությամբ փորձում են կանխատեսել, թե ինչպիսին է լինելու ապագա կառավարությունը: Եթե մինչ ընտրությունները քաղաքական մեկնաբանները գրեթե առանց կասկածի պնդում էին, որ ապագա կառավարությունը, ինչպես նախկինում, լինելու է կոալիցիոն, ապա ընտրությունների արդյունքները նկատի ունենալով, վերլուծաբանները միանշանակ բացառում են կոալիցիոն կառավարության ձևավորման տարբերակը: Եվ նրանք իրավացի են, քանզի ԱԺ-ում ՀՀԿ-ի որակյալ մեծամասնություն ունենալու պարագայում, վերոնշյալ տարբերակը չի բխում քաղաքական օրինաչափությունների տրամաբանությունից: Սակայն տրամաբանությանը քիչ թե շատ մոտիկ է հաճախակի շրջանառվող այն տեսակետը, որ ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, մեկ-երկու նախարարական պորտֆելներ կառաջարկի ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, բնականաբար` առանց որևէ կոալիցիոն հուշագրի ստորագրման: Այլ հարց է, թե երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած կուսակցությունները կհամաձայնե՞ն իշխանության աննշան մասը կազմելու ՀՀԿ առաջարկին, թե՞ կմերժեն այն: Եթե ՀՀԿ-ի կողմից այդպիսի առաջարկ լինի, առավել հավանական է, որ ԲՀԿ-ն տա իր համաձայնությունը: Խնդրահարույց է ՀՅԴ-ի հակասական «ռեակցիան» կառավարության նախարար «գործուղելու» հարցին: Մարտավարական մի շարք կարևոր նրբերանգներ հաշվի առնելով, հնարավոր է` ՀՅԴ-ն խորհրդարանում ստանձնի կառուցողական ընդդիմության դերակատարություն: Խնդիրն այն է, որ Նախագահի ընտրությունները սարերի հետևում չեն, և ՀՅԴ-ն հաստատապես այդ ընտրություններին ներկայանալու է սեփական թեկնածուով: Հետևաբար բողոքավոր ընտրազանգվածի հաշվին իր վարկանիշը բարձրացնելու նպատակով Դաշնակցությունը, կարծում ենք` չի ցանկանա կառավարությունում ներկայացուցիչ ունենալ` դրանով իսկ սահմանափակելով ընդդիմադիրի դիմակով հանդես գալու հնարավորությունը: Կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ն էլ, գոնե առաջիկա ամիսներին, մինչև Նախագահի ընտրությունները կփորձի հասարակությանը ներկայանալ բոլորովին էլ ոչ որպես դիմադիր ուժ, և բոլոր հարցերում չէ, որ անվերապահ կսատարի իշխող քաղաքական ուժին: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա վերջինս ոչ միայն կառավարությունում ներկայացուցիչ չի ունենալու, այլև ԱԺ ղեկավարության միջին օղակներում ընդգրկվելու որևէ շանսից, բնականաբար, զրկված է լինելու: Իսկ ավելի ստույգ` ՕԵԿ-ը խորհրդարանում լինելու է այն միակ կուսակցությունը, որն արմատական ընդդիմության «թիկնոցն» է կրելու: Ի դեպ, սույն կուսակցության «արմատականությունը» հնարավոր է անցնի ամեն չափ ու սահման: Խորհրդարանական գործունեությանը զուգահեռ Արթուր Բաղդասարյանը ամենայն հավանականությամբ իր գործուն մասնակցությունը կբերի արտախորհրդարանական արմատական ընդդիմության նախաձեռնելիք բոլոր հրապարակային, փողոցային ձեռնարկումներին: Միտինգներից սկսած` ցույցերով ու երթերով վերջացրած: Սույն մարտավարությունն էլ, ինչպես ՀՅԴ-ի պարագայում, ապագա նախագահական ընտրություններում դյուրաճկուն ցատկահարթակ ապահովելու նպատակ է հետապնդելու: Նախագահացուների շքահանդես Ապագա կառավարության կազմը և ձևաչափը մեկնաբանների թիվ 1 հետաքրքրությունը չի կարելի համարել: Թեպետ այն աշխուժորեն քննարկվում է, բայց ընդամենը մեկ առավել կարևոր խնդրի` ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրվելիք թեկնածուների ուժերի և հնարավորությունների հարաբերակցության, այս առումով օրինաչափ կամ անակնկալ զարգացումների վերաբերյալ կանխատեսումների և վերլուծությունների համատեքստում: Այսօրվա դրությամբ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄ առաջնորդ Արտաշես Գեղամյանը, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Ձևական վերապահումները մի կողմ դնելու դեպքում, իր թեկնածությունը կառաջադրի Վազգեն Մանուկյանը: Նախագահ դառնալու հայտ են ներկայացրել նաև Արամ Կարապետյանը և բոլորից «խռոված» Տիգրան Կարապետիչը: Թեպետ այդ մասին դեռ չեն հայտարարել, բայց Նախագահի ընտրություններին, ամենայն հավանականությամբ կմասնակցեն նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանը, իր համար հանգամանքների հարմար դասավորության պարագայում` Պարույր Հայրիկյանը: Սակայն կարծում ենք, որ սա նախագահացուների ամբողջ ցանկը չէ: Օրինակ, մարդիկ այլևս չեն զարմանա, եթե իրենց թեկնածությունները առաջադրեն այնպիսի կոլորիտային «ֆիգուրներ», ինչպիսիք, ասենք, մարքսիստ Դավիթ Հակոբյանն է, կամ Տիգրան Ուրիխանյանը: Կամ էլ, ջարդվող նռան խորհրդանիշը դարձած Արամ Հարությունյանը, Սարգիս Ասատրյանը, ընդհուպ մինչև կոմունիզմի որևէ պիոներ: Սակայն «անլուրջ» անակնկալներից զատ չեն բացառվում «լուրջ» անակնկալները: Վերհիշենք, թե ԱԺ ընտրություններից ամիսներ առաջ ինչ անուններ էին շրջանառվում` որպես ՀՀ նախագահի հավանական թեկնածուներ: Ճիշտ եք... Վարդան Օսկանյան և Դավիթ Հարությունյան: Ընդ որում, այս երկու նախարարներն էլ դիտարկվում էին որպես Ռոբերտ Քոչարյանի «դաբրոյով» առաջ մղվող և Սերժ Սարգսյանին այլընտրանք հանդիսանալու հավակնություն ունեցող թեկնածուներ: Այսօրվա իրողությունների համապատկերին այս «վարկածը» հնացած միֆ է թվում: Հնարովի և մտացածին է նաև նախկինում թմբկահարվող թեզը, թե ՀՀ ապագա նախագահի հարցում Ռոբերտ Քոչարյանը գործում է Սերժ Սարգսյանի «ինադու»: Սակայն, թե ամիսներ հետո ինչ փոփոխություններ կարձանագրվեն ներքաղաքական զարգացումների դինամիկայում, ոչ ոք կանխորոշել չի կարող: Այնպես որ, «լավագույն նորը լավ մոռացված հինն է» սկզբունքով` չի բացառվում, որ կրկին որպես նախագահացու «առաջ մղվեն» կամ Վ. Օսկանյանը կամ Դ. Հարությունյանը, ինչպես, օրինակ, ԲՀԿ-ն առաջ մղվեց ԱԺ ընտրություններում: Կրկին անդրադառնալով ընդդիմությանը` ընդգծենք, որ եթե նրանց միավորվելու փորձերը վերստին ձախողվեն և ՀՀ նախագահի ընտրություններում չհաջողվի հանդես գալ միասնական թեկնածուով, ապա կկրկնվի նույն «պատմությունը», ինչ ԱԺ ընտրություններում: Այսինքն, ընտրաթերթիկներում կլինի անունների ընդարձակ ցանկ: Այդ «անունների» մեծ մասը 0-ից 2 տոկոս ձայն կստանան: Իսկ ձայների ջախջախիչ մեծամասնությամբ կրկին կհաղթի ՀՀԿ-ն. ՀՀԿ ղեկավարը առանց դժվարության կընտրվի ՀՀ նախագահ: Սցենար, որն ամենաիրատեսականն է և ամենահավա նականը արդի իրողությունների համապատկերում:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ