Ռոմանտիզմի դրսևորում` պրագմատիզմի տխուր հեռանկարով


Ռոմանտիզմը լավ բան է ու նաև օգտակար, եթե չափավոր է: Խորհրդարանական ընտրություններում թեկնածու առաջադրված անհատներն ու քաղաքական ուժերը, որոնք դժգոհ էին մայիսի 12-ի քվեարկության արդյունքներից, ընդվզեցին քվեարկության և ընդհանրապես ողջ ընտրական գործընթացում տեղ գտած օրինախախտումների դեմ: Նրանցից ոմանք նույնիսկ, որ օտար դիտորդների բացասական կարծիքներին էին ապավինում, նույն դիտորդների դրականն անգամ ընդունելի չեն համարում և եղած մանր-մունր օրինախախտումների ողջ մեղքը բարդում են երկրի իշխանությունների, մանավանդ` հաղթող ուժի վրա: …Թերևս, արդար կյանքի, 88-ի միասնականության կարոտի ռոմանտիզմով բռնկված` անցած ուրբաթ Ազատության հրապարակում հավաքվածներն «այո¯» էին արձագանքում հարթակից հնչող կոչերին, մեծ մասամբ առանց խորանալու, առանց ծանրութեթև անելու այդ կոչերի պատճառահետևանքային կապերն ու առանց ուշադրություն դարձնելու, թե ովքեր են դրանց հեղինակները, ինչո՞ւ են նրանք հայտնվել հարթակում… Բիշարյան Հեղինեն, թերևս, առաջին անգամ էր համալրում հանրահավաքային հռետորների շարքը: Այսօր նա դարձյալ պատգամավոր է: ՕԵԿ փոխնախագահը ինչո՞ւ էր հայտնվել ԱԺ չմտած ընդդիմության հանրահավաքի հարթակում: Սպասվում էր, որ ընտրություններում եղած օրինախախտումների, կեղծարարությունների մասին բարձրաձայնելուց հետո նա կհայտարարի պատգամավորական մանդատներից ՕԵԿ-ի հրաժարվելու մասին: Համենայն դեպս, այդպես էին կարծում հանրահավաքում ներկաներից ոմանք: Ճիշտ որ ռոմանտիկ ազգ ենք: Իհարկե, նման բան չեղավ: ՕԵԿ-ը խելքը հացի հետ հո չի՞ կերել, որ կուլ գնա հեղափոխական ռոմանտիզմին ու հրաժարվի պատգամավորական շահավետ բազկաթոռներից ու պատգամավորական անձեռնմխելիությունից… Պարզապես հանրահավաքից մեկ օր առաջ «Նոր ժամանակների» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի հայտարարությունը, որ «Ես ՕԵԿ-ին ընդդիմություն չեմ համարել և չեմ համարում», երևի շատերի հավանությանն էր արժանացել: ՆԺ-ի նախագահը նաև կարծիք էր հայտնել, թե նախագահական ընտրություններին ՕԵԿ-ը կառաջադրի Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը… Նման դեպքում ասում են` ահա, թե որտեղ է թաղված շան գլուխը: Ստացվում է, որ խորհրդարանական ընտրութ յունների ալեկոծությունը դեռ չմարած, ՕԵԿ-ն արդեն գալիք` Նախագահի ընտրությունների «թադարեք» է տեսնում` ընդդիմության հանրահավաքում Հեղինե Բիշարյանի հեղափոխական կրակոտ ճառերի միջոցով փորձարկելով հասարակության տրամադրությունը… ՆԺ-ն, ՀԺԿ-ն ու «Իմպիչմենտը» մտադիր են ընտրությունների արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում` համոզված լինելով, որ ՍԴ-ն ընտրություններն անվավեր չի ճանաչի: ՆԺ առաջնորդ Արամ Կարապետյանի խոսքերով, իրենք այդ քայլին են դիմում` միջազգային հանրությանը ցույց տալու, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները: Ճիշտ նույն տրամաբանությամբ էլ ընտրություններից առաջ նրանք արդեն աղաղակում էին, որ եթե իրենք չընտրվեն, ուրեմն կեղծված է ամեն ինչ: Ուրեմն ի՞նչ, գունավոր հեղափոխությո՞ւն: Բայց դա իրենք` ընդդիմադիրներն էլ են բացառում, նշելով, որ միջազգային դիտորդներն ասել են, թե ընտրախախտումները չեն ազդել քվեարկության արդյունքների վրա և որ դա Հայաստանի ներքին գործն է: Ցանկացած իշխանության օրոք հասարակության մեջ միշտ էլ դժգոհներ լինում են: Տվյալ դեպքում, ՍԴ-ում ցանկալի որոշում չակնկալելով, բայց, այնուամենայնիվ, ՍԴ դիմելը, թերևս, մի նպատակ կարող է հետապնդել. այն է` բորբոքել և վառ պահել հեղափոխական ռոմանտիզմի կրակը` Նախագահի ընտրություններում հաջողության ակնկալիքով: Սակայն, չմոռանանք, իրական կյանքն իր պրագմատիզմով ի զորու է չարաչար պատժել հեղափոխական ռոմանտիզմով հափշտակված զանգվածների զգայուն լարերի հետ խաղալու համար, ինչի արդյունքում, ցավոք, միշտ տուժում են երկիրն ու ժողովուրդը:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ