Եվ կրկին` արտաքին քաղաքական «գլուխկոտրուկներ»


Վերջերս մամուլում աշխուժորեն արծարծվող հիմնական թեմաներից մեկը` նորընտիր խորհրդարանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցն է: Եվ ինչպես միշտ, հնչող կարծիքները և տեսակետները իրար հակասող են, բերվող փաստարկները` որպես կանոն, մակերեսային և չհիմնավորված: Կրկին և նոր թափով շրջանառության մեջ դրվեց նախկինում բյուրավոր անգամ շեփորահարված ու չարչրկված այն տեսակետը, թե փոխլրացման արտաքին քաղաքականությունը վերջնականապես սպառել է իրեն: Արևմուտքը և Ռուսաստանը այլևս թույլ չեն տա Հայաստանի իշխանություններին «երկու լարի» վրա «քյանդրբազություն» անել: Երբ այդպես էլ իրականություն չդարձած գուշակություն-կանխատեսումները հնչում են տասը տարի շարունակ, նույնիսկ լուրջ հիմնավորումների առկայության պարագայում դրանց հավատալու հակում այլևս չի առաջանում: Բայց մեր քաղաքագետները, հիմք ընդունելով ապացուցման կարոտ իրենց առաջ քաշած «թեզը», փորձում են որոշել` նոր խորհրդարանը և ապագա կառավարությունը վերջնականապես ու անմնացորդ Ռուսաստանի՞ գիրկն է նետվելու, թե՞ Արևմուտքի: Մեկնաբանների մի մասը, հաշվի առնելով վարչապետ Սերժ Սարգսյանի նկատմամբ պաշտոնական Մոսկվայի բարյացկամ վերաբերմունքը, գտնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը միանշանակ «թեքվելու» է դեպի հյուսիս: Փորձագետների մեկ այլ խումբ հայտնում է տրամագծորեն հակառակ կարծիք: Վերջիններս ԱԺ ընտրություններում հաղթած կուսակցության արևմտամետությունը «ապացուցող» հիմնավորումներ որոնելիս չափից ավելի են զոռ տալիս երևակայությանը և ժողովրդական լեզվով` ընկնում «պեչենու բաղերը»: Մասնավորապես, պնդում են, թե Արևմուտքը իր հավանությունն է տվել ՀՀԿ-ին և նրա ղեկավար Սերժ Սարգսյանին ոչ միայն այն պատճառով, որ վերջինս միշտ էլ ՆԱՏՕ-ամետ քաղաքականություն է վարել, այլև այն, որ ՀՀ վարչապետը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ծայրահեղական մոտեցումներ չի դրսևորել և հակված է ընդառաջելու հակամարտության կարգավորման արևմտյան նախաձեռնություններին: Ինչ վերաբերում է ԱԺ-ում ոչ քիչ մանդատ ունեցող ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, ապա նրանց արտաքին քաղաքական կողմնորոշումներից առայժմ ոչ ոք գլուխ չի հանում: Դե, իսկ ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը» վաղուց արևմտամետների համարում ունեն: Կարծում ենք` Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը ճշտելու հարցում հայրենի քաղաքագետները դեռ շատ կխարխափեն, քանզի խնդրին հաճախ մոտենում են կաղապարված ու միագիծ:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ