ՀԱՎԵՐԺՈՂ ՂՈՂԱՆՋ


Գոհար Գասպարյան… Համամարդկային արժեք… Աստվածային պարգև հայերիս, որի աներևակայելի երգչական տեխնիկան, շաղախված բացառիկ առինքնող հուզականությամբ, անգնահատելի է համաշխարհային վոկալ արվեստի հատ ու կենտ գեր-մեծությունների ընտանիքում: Հայերի համար նա ընդամենը հարազատ դարձած «Հայաստանի սոխակն» էր, մինչդեռ օտար խստապահանջ երաժշտագետները երգչուհու ձայնարտաբերման բացառիկ կուլտուրան համեմատեցին Ստրադիվարիուսի ջութակի հետ: Անգամ ռուսն անկարող էր բացառիկ կոչման գերապատվությամբ անտեսել Գոհարին… և Աշխատանքային հերոսի ոսկե աստղը փայլեց նախ` Գոհարի, հետո միայն ռուս մեծանուն երգչուհու կրծքին: Գոհարն իր մենահամերգներն ավարտում էր «Լուսավորչի կանթեղը» ստեղծագործությամբ, երբ իր երգն արդեն լուսավորող ու փայլատակող կանթեղ էր Հայաստան աշխարհի երկնակամարում: Ասում են` Սիրիուս աստղի պայծառությունն առավել նկատելի է Եգիպտոսում… Գոհարի հետ այդ պայծառությունն էլ հայրենադարձվեց իր ու մեր սիրելի Հայաստան աշխարհ, որ լուսաբացը դիմավորի Մարդկության ցեղիս օրրանում և իր ձայնն Առ Աստված` հնչեցնի և աղոթի աստվածահաճո Մայր Տաճարում, որ մենք` հայերս ապրենք օրինական հպարտութ յուն և հասկանանք, որ աշխարհի և ոչ մի փառաբանված օպերային թատրոն ի զորու չէր (քսաներորդ դարում) բեմադրել «Լակմեն»: Բայց, շնորհիվ Մեծն Գոհար Գասպարյանի և Ջոան Սադերլենդի, երջանիկ բացառություն «վերապահվեց» Երևանի և Սիդնեյի օպերային թատրոններին: Այդ դերերգի աննկարագրելի վիրտուոզ կատարումով Գոհարը զատվեց իբրև աշխարհի թիվ առաջին կոլորատուրային սոպրանո: Անէության առեղծվածը սահմանված է Աստծո կամոք, սակայն մարդկային միտքն ու դատողությունը պարտադրում են Գոհարահունչ Գասպարյանական երգը նկատել իբրև հավերժող ղողանջ` բոլոր հաջորդող սերունդների ականջին: Ռուբեն ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՀՀ ժողովրդական արտիստ Հեռացավ Հայ ժողովրդի վերջին լեգենդը... 2007 թվականի մայիսի 16-ին Հայի ձայնը խզվեց... Երգարվեստի մի ամբողջ նախանձելի դարաշրջան անցնում է պատմության գիրկը: Այսպես շարունակում ենք հարստացնել պանթեոնները, փոխարենն աղքատանում ենք մենք: Անգին Գոհար, այսօր մենք քեզ երդվում ենք, ինչ էլ լինի` չենք կտրի ազգային երգի այն ճյուղը, որի վրա նստած ենք: Պետությունը թույլ չի տա, ժողովուրդը չի թողնի: Գոհար, Գոհար, դու ստեղծագործական շռնդալից, աննախադեպ, համեստ, բարի, մաքուր ու նաև երջանիկ կյանք ապրեցիր, երջանիկ, որովհետև չկա ավելի մեծ երջանկություն, քան իր ժողովրդին ծառայելը, դու անմնացորդ ծառայեցիր... Քաղցր Գոհար, դու չգայթակղվեցիր աշխարհով, քո երկիր դրախտավայր Հայաստանը քեզ համար եղավ աշխարհ, ու քո երգը պոռթկաց երկրի սահմաններից դեպի անհասանելի, աներևակայելի հեռուներ: Սիրելի Գոհար, քո ժողովուրդը պիտի շարունակի երգել: Այստեղ, քո վերջին հանգրվանում քեզ հեշտ կհասկանան, հավաքվեք մի օր ու մեզ ուղարկեք նոր Վիլյամներ ու Վահրամներ, Մարտիրոսներ ու Վարդաններ, Շիրազներ ու Գոհարներ... Մեղք է ձեր ժողովուրդը, մի ուշացրեք: Քեզ բարի ճանապարհ դեպի դրախտ, դեպի երկինք, թող Մասիսից եկող հովերը քեզ օրոր ասեն... Հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն երգչուհի... ափսոս... հազար ափսոս.... Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆ Վերջին վարդերն ու Կարապի վերջին երգը Թվում էր` փնտրում է մեկին, երբեմն այնպես էր նայում, կարծես վերջապես տեսավ... Մի օր արթնացավ քնից ժպտալով, թե` այս գիշեր Տիկոն ինձ վարդեր էր բերել... Դեմքի պայծառությունը չմարեց քանի օր: Հիվանդանոցից առաջ, թե` այս գիշեր Տիկոն նորից վարդեր բերեց ինձ... Հետո տեղափոխեցին հիվանդանոց... Այլևս չհաղորդակցվեց ոչ մեկի հետ, պառկած էր, չէր խոսում, չէր նայում, չէր շարժվում... Վերջին օրը ինչ-որ շարժում արեց, ասես գլխի դիրքն էր ուղղում, շուրթերը ետ գնացին, մի անորոշ մեղեդի թրթռաց, քար լռության մեջ այդ մեղեդին դարձավ մեղմ, հազիվ լսելի բառ ու տող... իր շատ սիրած անգլիական մի մեղեդի էր դա, որ հաճախ էր «մրմնջում Տիկոյի համար»... Նա եկավ իր աստվածատուր, երբեք նմանը չունեցող արվեստով, զարմացրեց, հիացրեց, ողողեց աշխարհը: Նա եկավ և Հայոց սոխակի առասպելը կռունկի թևով տարավ վե¯ր_վե¯ր, որ «բարձրից նայեն Աստծո աշխարհին»: Նա եկել էր, որ իր անչափելի տվածի դիմաց ունենա «շունչն աստվածային` լի անվերջ սիրով»: Ինչ որ տալու էր, տվեց մարդուն, տվեց իրեն բաժին ընկած հրաշքը, տվեց Աստվածաշնչի սերմնացանի պես: Հարստացրեց, բարձրացրեց իր ժողովրդին «մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ»: Իսկ ինքը` ինքը հեռացավ անաղմուկ, ինքը հեռացավ այս թախծոտ աշխարհի թախիծի մեջ թաթախված իր մեծ սիրո պատմությունն առած իր մեջ: Իր հետ տարավ լույսն իր երազների: Տարավ սիրո վարդերն իր երազների: Տարավ վերջին մրմունջն իր երգի: Ո՞վ գիտի, գուցեև մեր լսելիքին անհաս «Գալիս եմ Սարո...»-ն: «Ի՞նչ իմանաս ըստեղծողի գաղտնիքներն անմեկին.-»:

Սվետլանա ԽԱՆՈՒՄՅԱՆ