ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ


Բնության երկակի թովչանքը կա արևամուտից մինչ արևածագ ձգվող գիշերաժամերում: Երկփեղկվածություն` խավարի ծնունդ վատահամբավ մութ ուժերի և արևաշող ցերեկվա ընթացքում չիրագործված ցանկությունների անրջային հուսավառ գոյապատկերների այլաբանական-ենթագիտակցական համադաշնությամբ. «Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին, հաշիշով օծուն ու բալասանով…»: Համամարդկային գեղարվեստական ստեղծագործության գանձարանը գիշերվա տարաբնույթ խորհուրդներով ներշնչված բազում արժեքներ է ամփոփում իրենում` դրանց անանցողիկ հմայքով վարակելով նորանոր սերունդների: Առօրյա մրցավազքում կոպտացող մարդկային հոգիները արվեստի մասսայական, հանրամատչելի կախարդանքով նրբացնելու ու հարստացնելու անթաքույց ձգտումով է մտահղացվել Ֆրանսիայի թանգարանների անսովոր նախաձեռնությունը, միջազգային լայն արձագանք գտել` մասնագիտական տոնը նշանավորել անսահմանափակ, արտասովոր հյուրընկալությամբ: Եվ աշխարհի ավելի քան 12 հազար թանգարանները համերաշխ միասնությամբ իրենց հարկի տակ սիրահոժար ընդունում են բոլոր հետաքրքրասերներին: Կարևորելով ու արդարացնելով իրենց հնամենի գոյությունը` հնարավորություն են տալիս հասարակության տարբեր խավերի, սերունդների բոլոր անդամներին մտավոր-հոգևոր բարձրարժեք իմպուլսներով լիցքավորվելու, վեհանալու, իմաստնանալու… Միանալով մարդացնող այս ծիսակատարութ յանը` Հայաստանի չորս տասնյակից ավելի թանգարանները ոչ միայն նորովի արժեքավորեցին ազգային մշակութային հսկաներին` Չարենցին, Թումանյանին, Իսահակյանին, Փարաջանովին, Խաչատրյանին, Սարյանին, Աբովյանին և մյուսներին, այլև պահպանվող վաղնջական իրեղեն մասունքներով օգնեցին դուրս գալ ապազգայնացնող թմբիրից` վերականգնելով ու թարմացնելով պատմական հիշողությունը XXI դարի հայորդիների: Անիրազեկության բերումով դժվարանում եմ գնահատել Թանգարանների միջազգային օրվա կազմակերպումը մարզերում: Լինելով անմիջական մասնակիցն այդ առիթով մայրաքաղաքում անցկացվող միջոցառումների` մեծագույն գոհունակությամբ արձանագրում եմ` Երևանում գործող բոլոր թանգարանների աշխատակիցները, շնորհիվ ամենայն լրջությամբ մտածված ծրագրերի, կարողացան համաժողովրդական տոնախմբության փայլ հաղորդել իրենց մասնագիտական հանդիսությանը: Ընտանիքներով, մտերիմների խմբերով շրջելով թանգարանից թանգարան` մարդկային հոծ զանգվածները ամենուր ներգրավվում էին ընթացիկ առօրյայից միանգամայն տարբերվող կենսախինդ միջավայրի հետաքրքրաշարժ մթնոլորտում` ակամա տարվելով բազմատեսակ ցուցանմուշների խորազնին ուսումնասիրությամբ: Նույնիսկ պատահական այցելուները, որոնց ուշադրությունն առավելապես կենտրոնանում էր թատերայնացման տարրերով համեմված համերգային ելույթների վրա: Տոնախմբության էպիկենտրոնը, իմ տպավորությամբ, Ազգային պատկերասրահն էր, որի ցուցասրահներում տիրող մարդաշատ եռուզեռը երբեմն անկարելի էր լինում ակնդետ հսկել ու կանոնավորել: Թոթովախոս փոքրիկները, երբևէ թանգարան ոտք չդրած երիտասարդները անձանձրույթ շրջում էին սրահներով, ուշի-ուշով ունկնդրում ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցներ Էմմա Պետրոսյանի և Ժենյա Խաչատրյանի դիդակտիկ զրույցները հայկական ծիսական հացատեսակների մասին (պետք էր տեսնել, թե ինչ ոգևորությամբ էին խմորից տիկնիկներ պատրաստում տիկին Էմմայի շուրջ խմբված փոքրիկ այցելուները), ականջ դնում անընդմեջ հնչող դասական և ժողովրդական մեղեդիներին կամ հետևում «Գորանի», «Այծեմնիկ» համույթների պարերին: Կինոսրահում Ռոբերտ Գեդիգյանի գեղարվեստական ժապավենների ֆրանսերեն հնչող բովանդակությանը անհաղորդ մնացող այցելուները կարճատև հանգրվան էին գտնում սրճարանում, ապա, հիանալով վերնահարկի բացօթյա բարձունքից խորհրդավոր գեղեցկությամբ տարածվող Երևանով, վերադառնում էին մշտական ցուցադրության մեկ այլ սրահ: Ամենից երկար ճեմում էին «Գիշերվա խորհուրդը» թեմատիկ հատուկ ցուցադրության սրահներում` խորապես ազդվելով Կորովինի «Փարիզը գիշերով» (1933), Մահտեսյանի «Լուսնյակ գիշեր ծովում» (1904), Բաշինջաղյանի «Գիշերն Օրթաճալայում» (1899) և «Քուռը գիշերով» (1896), Ֆիլոնովի «Լիգովկան գիշերով» (1912), Միրզոյանի «1993-ի ձմեռը», Շարլ Լուի Վերբուկհովենի «Փոթորիկ ծովի վրա» (XIX դ.), Պիեռ Ժակ Վոլերի «Հրդեհ», Կալմիկովի «Ծովափին» (XIX-XXդդ.) և այլ գեղանկարչական կտավներում արտացոլված գիշերային տարերանգ պատկերների հարուցած հակասական տրամադրություններից: Թանգարանային այս գիշերվա ամենահուսադրող խորհուրդն ինձ համար կրթամշակութային օջախների դերի ակտիվացմամբ հոգևոր-մտավոր-բարոյական ներկայիս սրընթաց անկումը կասեցնելու հավանականության մեծացումն է: Մեն մի դյութիչ գիշերով հազիվ թե հնարավոր լինի շոշափելի տեղաշարժ ապահովելը: Հապա ազատ մուտքի օրե՞րը` կհարցնեք: Դրանց մասին տեղեկատվությունը, գուցե օպերատիվության պակասի պատճառով, ակնկալվող լայն արձագանք առայժմ չի ունենում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ