Ռուսական թատրոնի հայ բեմադրիչը
Հրաշալի կենսախինդ ավանդույթներ ունի մեր ռուսական թատրոնը, 41 տարի ուրույն գեղագիտությունը զարգացնող գեղարվեստական ղեկավարի վառ անհատականությամբ չխաթարվող£ Եվ հենց ՀՀ ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, բազմաթիվ պատվավոր մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Գրիգորյանի նախաձեռնող անմիջականությանն ենք պարտական ընտանեկան համերաշխության ջերմությամբ, ասես ինքնաբուխ, ծնվող իրադարձային յուրաքանչյուր տոնական հրավառության համար£ Ներկայացումների առաջնախաղերը, հոբելյանները, հիշարժան տարեթվերը ռուսական թատրոնի հարկի տակ անսովոր կարևորություն են ստանում իրենց վարակիչ անկեղծությամբ կլանելով մասնակից ներկաների համակ ուշադրությունը£ Հումորով ու զվարթ տրամադրությամբ էր շնչում հանդիսասրահը նաև բոլորովին վերջերս, երբ ծաղկաձորյան երկօրյա խորհրդաԺողովի խուռներամ տպավորություններից դեռևս չսթափված թատերական գործիչները արժեքավորող խանդավառությամբ նշում էին Ալեքսանդր Սամսոնովիչի կյանքի ու ստեղծագործության մասին պատմող գրքի լույս աշխարհ գալու փաստը£ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարգարիտա Յախոնտովան, ներծծված բարեկիրթ ականատեսի հարուստ արվեստագիտական կենսափորձով, գեղարվեստական արձակին հարիր նրբահյուս հնարքներով, պատկերավոր լեզվամտածողությամբ ստեղծել էր նախադեպը չունեցող (գոնե հայ իրականության մեջ) մի կենսապատում, որում շերտ առ շերտ բացվում էր Ալեքսանդր Գրիգորյան ստեղծագործող մարդու ապրած բովանդակալից կյանքը` արքայաշուք Աշխեն տատի ու Ալեքսան պապի Ղարաբաղի Խնձորեստան գյուղում հասակ առնող վեց զավակներից առանձնահատուկ տարբերվող Սամսոն հորից, Գրիգորյանների տոհմածառի բոլոր հիմնական ճյուղավորումներից քաղելով բնութագրական երանգները Ալեքսանդր Գրիգորյանի ավարտուն դիմանկարը գրչով վրձնելու նպատակով£ Գրքի առաջին իսկ էջերից աննկատ հառնում է իր ժամանակի հենքի վրա կենդանացող պատմական դարակազմիկ իրադարձություններով փոփոխվող միջավայրը, որում ապագա թատերական անհատականության ձևավորումը մատուցվում է անբռնազբոսիկ բնական ընթացքով` ընտանեկան նիստուկացով, Անահիտ մոր առինքնող կերպարով, Էմմա ու Նորա քույրերի սիրառատ քնքշությամբ, գրականության ու երաժշտության նկատմամբ պատվաստվող սիրով, «Կրկես» ֆիլմից ստացած ու սուր երևակայությամբ լրացվող տպավորություններով… Այնքան հավաստի է ներկայանում կենսապատումը, որ երբեմն թվում է, թե գրքի հեղինակն ինքն է` գլխավոր հերոսը, այլապես հազիվ թե կարելի լիներ համոզչականություն հաղորդել անձնական կյանքի կարևոր իրադարձություններին ու դրանցում նշանակալի դեր խաղացած կոնկրետ մարդկանց նկարագրերին£ Ավելին` ճիշտ գնահատել ամենի ու ամեն մեկի հստակ ազդեցությունն ու ռեալ մասնակցությունը Ալեքսանդր Գրիգորյան մարդու, արվեստագետի կայացման ճանապարհին` սերերն ու հրապուրանքները, որոնումներն ու հաղթանակները, քաղաքից քաղաք դեգերումներն ու համընդհանուր ճանաչումը£ Պատանեկան բուռն հրապուրանքը Լենայով ու ֆուտբոլով, Գոնչարովի հետ ընդհատված բանավեճը Դոստոևսկու շուրջ ու Վիվյենի բարյացակամ, հողեղեն մանկավարժությունը£ Անձնական հախուռն կյանքի ելևէջումները Նելլից մինչև Թամար, Ստյոպկայից Սաշկան ներառյալ` միահյուսված բովանդակալից ստեղծագործական գործունեությանը` Պանովայի «Սպիտակ գիշերների հրաժեշտ»¬ից մինչև հարյուր տասերորդ բեմադրությունը` Շանթի «Կայսրը»£ Չմարող երիտասարդական ավյունով շարունակում է արարել Գրիգորյան արվեստագետը, ապրեցնել սիրելի թատրոնը` քայլելով ժամանակներին համընթաց£ Այդուհանդերձ, անվանի բեմադրիչի նոր աշխատանքները հիմնովին ըմբռնելու համար, կարծում եմ, պարզապես անհրաժեշտ է հաղորդակցվել Յախոնտովայի ուշագրավ գրքին, որ հնարավորություն է ընձեռում տեսանելի պոետիկ անդրադարձով հիմնովին ճանաչելու ռուսական թատրոնի հայ մեծավաստակ բեմադրիչին, ըստ արժանվույն արժեքավորելու նրա ծանրակշիռ ներդրումը արդի հայ թատերարվեստում£