85-ԱՄՅԱ ՊԱՏԱՆԻՆ


Երևանի քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի (երբեմնի Պիոներ պալատի) ճեմասրահներում դիտելով ներկայիս շնորհալի սաների աշխատանքների ցուցադրությունը, ստենդներին փակցված լուսանկարներով մանրակրկիտ պատկերացում կազմելով 85-ամյա բովանդակալից տարեգրության մասին` մտովի վերապրեցի անամպ պատանեկությանս բազմազբաղ օրերի հեռավոր բերկրանքը, որ լիուլի վայելում էի ճարտարապետ Բաևի նախագծած այս հոյակերտ հարկի ներքո: Տարբեր նախասիրություններիս հագուրդ տալու անհամբեր ձգտումով դեգերում էի խմբակից խմբակ: 72 տիպի 372 գեղարվեստական, գիտատեխնիկական, մարզական խմբակներում ու ակումբներում ինձ նման օրինակելի մոտ 5000 դպրոցականներ մասնագիտական հստակ կողմնորոշում էին ստանում ծնողական հոգատարությամբ իրենց արտադպրոցական առօրյան իմաստավորող հմուտ մանկավարժների հետևողական ջանքերով` մասնակցելով մեկը մյուսից հետաքրքիր տարատեսակ միջոցառումների, ստուգատեսների, փառատոների, մրցույթների, համերգների ու ցուցահանդեսների: Մատաղ սերնդի գեղագիտական, գիտակրթական բազմակողմանի դաստիարակության անփոխարինելի օջախ էր Ղուկաս Ղուկասյանի անվան քաղաքային պիոներ պալատը, ողջ հանրապետության մանուկներին ու պատանիներին համախմբող մեթոդական կենտրոն, որի լիարժեք մարդացման դասերով հասակ էինք առնում ապագա քաղաքացիներս: Քանի¯-քանի¯ սերունդներ անվանի երգիչ-երաժիշտների ու գիտնականների, գրողների ու նկարիչների, թատրոնի ու կինոյի գործիչների, մարզիկների ու պարարվեստի վարպետների… Սերգեյ Մերգելյան, Գուրգեն Խանջյան, Սիլվա Կապուտիկյան, Վարդգես Պետրոսյան, Օֆելյա Համբարձումյան, Երվանդ Ղազանչյան, Ֆրունզե Դովլաթյան, Ղուկաս Չուբար, Հրաչյա Ղափլանյան, Մետաքսյա Սիմոնյան, Վանուշ Խանամիրյան, Ջիվան Գասպարյան, Էդգար Հովհաննիսյան, Էդվարդ Միրզոյան… Երևելիների մի ամբողջ համաստեղություն, որի ապրեցնող փայլը երբեք չէր խունանում` համալրվելով հաջորդ սերնդի նոր աստղերով: ԽՍՀՄ փլուզման հետ կազմալուծվեց նաև պիոներական հզոր կառույցը: 88-ի երկրաշարժի ավերածությունները առանձնակի դժվարեցրին առանց այդ էլ վթարային անմխիթար վիճակում գտնվող շենքի ներսում աշխատանքային կյանքի ռիթմի անխաթար պահպանումը: Հիմնականում նախկին սաներից ձևավորված մանկավարժների նոր կազմով հնարավոր եղավ դիմագրավել նոր ժամանակների բոլոր փորձություններին` պահպանելով հանրօգուտ այս համակարգի տասնամյակներով հղկված ավանդույթները: Սրանում, անշուշտ, իր ծանրակշիռ ներդրումն ունի 25 տարի նույն նվիրումով մանկապատանեկան յուրատեսակ այս ընտանիքի ճակատագիրը տնօրինող Լաուրա ԱՎԵՏԻՍՅԱՆԸ` անկախ Հայաստանի թիվ 1 վաստակավոր մանկավարժը: Նրա շուրջ համախմբված աննկուն մանկասեր աշխատակիցների ինքնամոռաց տքնանքով ոչ մի վայրկյան չխզվեց կապը երեխաների հետ: Մութ ու ցուրտ 90-ականներին, Սուսաննա Հակոբյանի անմիջական նախաձեռնությամբ հիմնվեց Հայ Ազատամարտիկների փառքի թանգարանը` առաջինը Հայաստանում: Կենտրոնի նոր շնորհալի սաները շարունակեցին մասնակցել նորանկախ հայրենիքի խաղաղ շինարարությունը փառավորող բոլոր մասսայական միջոցառումներին` իրենց ելույթներով ու աշխատանքներով ուրույն փայլ հաղորդելով դրանց, տոնական տրամադրություն: Մանկավարժական կոլեկտիվի սխրալից աշխատանքը արժանացավ նոր պետական պարգևների` ԿԳՆ ոսկե հուշամեդալին, Քաղաքապետարանի «Երևանի զինանշան» հուշամեդալին, մեդալներով ու դիպլոմներով նշանավորվեցին պալատի սաների նորանոր հաղթանակները: Ամենամեծ նվաճումը «Լինսի հիմնադրամի» մշակութային ծրագրով հիմնանորոգվելն է, որի շնորհիվ ոչ միայն հնարավոր եղավ վերջնական փլուզումից փրկել բացառիկ արժեքավոր շինությունը, այլև բարեկարգ ու տրամադրող շենքային պայմաններում կրթել ու դաստիարակել աճող սերնդի հաջորդ հերթափոխներին: Լիարժեք հարատևման համար կենտրոնը վերստին պետական նյութական և բարոյական աջակցության կարիքն ունի: Ներկայիս նյութատեխնիկական բազայի անլիարժեքությունը արգելակում է համակարգչային դասարանի ստեղծումը, անկարելի դարձնում 85-ամյա փողային նվագախմբի գործիքների, հագուստների նորացումը… Պետական ատյանները այդպես էլ չեն գտնում հիմնավորված պատասխանը պարզագույն մի հարցի` ինչո՞ւ մասնագիտական մանկավարժական ազգանվեր աշխատանքով զբաղվող կոլեկտիվը չի ստանում մանկավարժի` պաշտոնապես ամրագրված կարգավիճակ: Ընթացիկ աշխատանքային բազմաթիվ խնդիրներ սեփական ուժերով կարգավորելու հնարամիտ հմտություններ ձեռք են բերել տասնամյակների իրենց մտավոր-կենսական էներգիան մանկական բացառիկ այս հաստատության պատշաճ պահպանմանը ծառայեցնող աշխատակիցները: Սակայն առանց պետական առանձնահատուկ հոգատարության ի զորու չեն ավանդական բարձունքի վրա պահել նվիրական այս կառույցի արդիաշունչ գործունեությունը: Հուսով եմ, հոբելյանական ներկայացուցչական կենսաշող տոնակատարությունը պատանի հանդիսատեսի թատրոնի լեփ-լեցուն հանդիսասրահում կկենտրոնացնի այս հարկի տակ հյուրընկալված, պետական կառավարման ազդեցիկ մեխանիզմները գործարկող ճանաչված գործիչների աջակից ուշադրությունը առկա հրատապ խնդիրներին անհրաժեշտ լուծում տալու վրա: Չէ՞ որ նրանցից շատերը եղել են պալատի սաներ և չեն կարող չմտահոգվել կենտրոն հաճախող իրենց իսկ երեխաների, թոռների արտադպրոցական առօրյայի նպատակասլաց հարստացմամբ, ինչ-ինչ պատճառներով անկատար մնացած սեփական երազանքները գեթ նրանց կյանքում իրականացած տեսնելու բնականոն ձգտման կենսահաստատ կայացմամբ: Հիանալով ու հպարտանալով պալատի այսօրվա սաների բազմաշերտ շնորհների կոնկրետ դրսևորումներով` չզլանանք մեր աչալուրջ վարքագծով արժանավայել ընթացք ապահովել ապագայի շինարարների մտքի և հոգու թեթևասահ ճախրանքին: Ծնունդդ շնորհավոր, մեր մանկության ծիածանափայլ երազանքների հարազատ օթևան, տասնամյակների դժվարին մաքառումներով հարատևման իրավունքդ վաստակած, բազում սերունդների հետ նույն իմաստուն խանդավառությամբ մանկացող 85-ամյա պատանի…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ