ՆՇԱՆԱԿԵՏԸ ԿՈՆԿՐԵՏԱՆՈՒՄ Է


Քաղաքական պասիվ սեզոնի ավարտը եզրափակվում է հետաքրքիր բացահայտումներով` քողազերծելով ու հիմնավորելով քաղաքական դաշտի առանձին շերտերում լայն թափով շարունակվող գործընթացների առանձին նրբերանգները: Եվ որքան էլ նման բացահայտումները հեռու լինեն սենսացիոն համարվելուց, այդուհանդերձ հետաքրքրություն են ներկայացնում թեկուզ այնքանով, որ քաղաքական կյանքն առաջիկայում ինչ-որ չափով խարսխվելու է հենց դրանց վրա: Իսկ առայժմ աննկատ թվացող խմորումները գերազանցապես նախապատրաս տական բնույթի են, և կոնկրետ արդյունքների ակնկալիքներն էլ փոքր են, որոշ դեպքերում ընդհանրապես գոյություն չունեն: Քաղաքական ամառը ջանասիրաբար աշխատանքային դարձրած ուժերի վիճակն է բավական անորոշ: Այստեղ ակտիվությամբ առաջին հերթին առանձնացավ նախկին իշխող կուսակցությունը, թեև, այդուհանդերձ` ՀՀՇ-ի անելիքն է անհասկանալի մնում… Երբ ընդամենը մի քանի ամիս առաջ նրանք նախընտրեցին կամովին հրաժարվել խորհրդարանական մրցապայքարից, բոլորի հայացքները դեպի Նախագահի ընտրություններ ուղղվեցին` համոզմամբ, թե նախկինները հասունացնում են առաջին Նախագահի առաջադրման գործընթացը: Բայց, ինչպես երևում է` ՀՀՇ-ի շահածն առայժմ միայն խորհրդարանական ընտրությունների անցանկալի արդյունքներից խուսափելը մնաց, և Լ. Տեր-Պետրոսյանը բոլորովին էլ չի շտապում խոսել: Համենայն դեպս, ընտրություններին հաջորդող ամիսները այս առումով անպտուղ կարելի է համարել: Այս ֆոնին աստիճանաբար անհավանական են դառնում նաև նրա առաջադրվելու մասին հավաստիացում ները` մի ավելորդ անգամ ևս ընտրազանգվածին համոզելով, որ ամենադժվար գործերից մեկը շարունակում է մնալ քաղաքական գործիչներին հավատալը: Պատկերացրեք, թե ինչպիսի անհեթեթ վիճակում կհայտնվեր ընտրողը, եթե ժամանակին հավատար ու վստահեր ԲՀԿ-ին: Նախընտրական «պայմանավորվածության» համաձայն` արդեն իսկ երկնային մանանան գրեթե թափվելիս պետք է լիներ: Մինչդեռ այս կազմակերպության անունը երկար ընդմիջումից հետո լրատվամիջոցները մեկ էլ վերջերս հնչեցրին, բայց արդեն` կուսակցության լիդերի հայրենի ոստան Առինջ գյուղի մատույցներում ռուս զինվորականի սպանության առիթով: «Ժառանգությունն» իր հոգին ու ներուժը կենտրոնացրել է Արագածոտնի մարզում` ԱԺ-ում ՕԵԿ-ի հետ քանակապես հավասարվելու: ՕԵԿ-ն առայժմ Պ. Հայրիկյանի հրավիրած սրճարանային բանակցություններին է ներկայանում և կուսակցության պաշտոնաթերթը հերթական անգամ վերակենդանացնելու փորձեր անում: ՀՅԴ-ն կարծես` արդեն կոնկրետացնում է Նախագահի թեկնածուի իր որոնումները: ՀՀԿ-ն գործադիրի «լուծը» քաշելով, պատրաստվում է ԱԺ նոր նստաշրջանին և, իհարկե` աշնանային համագումարին: Արդեն իսկ պարզ է, որ մի քանի օրից սկսվող հայաստանյան այս աշունը հարուստ է լինելու նաև քաղաքական նոր զարգացումներով` նախապատրաստելով ձմեռային կուլմինացիան: Օրենսդիրը չի հասցնելու թոթափել նախընտրական տրամադրությունները. չէ՞ որ խմբակցությունների գերակշիռ մասն արդեն իսկ սեփական թեկնածուի հաջողության երաշխիքներ է որոնում: Ասել է թե` քաղգործիչների ետնաբեմային փնտրտուքն այս անգամ մեկ նշանակետ ունի` «ոտատեղ» գտնել, ամրապնդել դիրքերը` ընտրվելիք Նախագահի, կամ գոնե նրա մերձավորների շրջապատում: