ՏՆՕՐԵ՞Ն ԵՍ, ԹԵ՞ ԱՆՕՐԵՆ
Եթե մոտեցող ուսումնական տարվան ոմանք սպասում են սրտատրոփ հուզումով, ապա շատ ուսուցիչների համար «սրտատրոփ հուզում»-ը աշխատանքը կորցնելու վախից է: Արդեն քանի¯ գարուն` նախորդ ուսումնական տարին դեռ չավարտված, դպրոցներում սկսում են ակնարկել իբր թե «վերևներից» պարտադրվող կրճատումների մասին, և որոշ ուսուցիչներ հայտնվում են դպրոցից վտարվելու վտանգի դաշտում: Օպտիմալացում կոչվող դպրոցավեր երևույթի կործանարար հետևանքները ցայսօր էլ «վայելում է» կրթության համակարգը: Ուսուցիչ ներին գործազուրկ դարձնելու առիթներն, իհարկե, այսօր մի քանիսն են` բուն պատճառի գլխավոր դերակատարմամբ, որն էլ հիմնականում թմբկահարվում է տնօրենների կողմից. ֆինանսական հնարավորությունների պակաս: Գործող կանոնադրությունը սահմանում է ուսուցչին աշխատանքից ազատվելու հաջորդական դրույթները. առաջացած տարիք, ոչ մասնագիտական կրթություն, վերջին տարիներին եկածներ (ընդ որում` նոր կարող են համարվել 9-10 տարի առաջ դպրոց մտած ուսուցիչները): Եվ հաճախ է տնօրենը կանգնում երկընտրանքի առջև. ի՞նչ անել, ո՞ւմ տալ նախապատվությունը. մասնագիտական կրթություն չունեցող, բայց վաստակ ու փորձ և դպրոցին տալիք ունեցող ուսուցչի՞ն, թե՞ խոստումնալից, առաջընթացին ու բարեփոխումներին հետամուտ նորին: Որքան էլ օբյեկտիվ լինեն պատճառները, խնդիրը չպետք է լուծվի գործազուրկներ արտադրելու հաշվին: Դա միջոց չէ°: Կամ` դա° չպետք է լինի միակ միջոցը: Իզուր չէ, որ միշտ էլ ասվել է ու այսօր էլ կրթության ոլորտի պատասխանատուները համոզված են, որ լավ տնօրենը, ուսուցչի մասնագիտական որակը կարևորող կազմակերպիչը գտնում է ուսուցչին, մանավանդ լա°վ ուսուցչին դպրոցում պահելու ձևը: Լավ տնօրենը լավ դպրոց է պահում: Լավ դպրոցը աշակերտների պակաս չի° ունենում: Տնօրենի անձի գործոնն այստեղ մղվում է առաջին պլան: Եվ այդ մղումը դպրոցի ու ուսուցիչների համար կարող է խիստ բարեբեր լինել: Դժբախտաբար մեզանում քիչ չեն նաև հակառակ դեպքերը, երբ, ի չարս դպրոցի, առաջ են մղվում ամբիցիաները և սեփական քմահաճույքները: Հարցն ավելի խորքային է, քան պատկերացնում ենք: Մասնավորապես` ո՞վ ընտրվեց տնօրեն (և° արդյո՞ք ընտրվեց) և ո՞վ է լուծում ուսուցչի ճակատագիրը: Ճիշտ է, տնօրեն ընտրելու չափանիշերը սահմանված են, սակայն դրանց մեջ կրթահակառակ և դպրոցաընդդեմ շատ բան կա: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե շատ հաճախ ինչ մեխանիզմներ են գործում, ինչ կարգով է տեղի ունենում տնօրենի ընտրություն կոչվող աճպարարությունը, և դպրոցի ղեկին հայտնվում է անտեղյակ, մանկավարժական հիմնախնդիրներով ոչ մտահոգ մեկը, ում հաջորդ քայլը իրենից գուցեև արժանավոր, սակայն իրեն անցանկալի մանկավարժներից ազատվելն է: Այդպիսիներն իրենց կողքին չեն կարող հանդուրժել արժանիքներ ու սեփական կարծիք ունեցող, հեղինակություն վայելող վաստակաշատ մասնագետներին: Բանը հասել է այնտեղ, որ իբր մասնագիտական կրթություն չունեցող ուսուցչին ազատող տնօրենն ինքն այսօր դեռևս բուհի հեռակա բաժնի ուսանող է (մանկավարժական համալսարանի հեռակա բաժինը մանկավարժական կրթության վկայագիր բաշխող «ցեխ» է դարձել): Օրենքի՞, թե՞ իրականության հակասություն-զավեշտն է այն, որ դրսից ընտրված տնօրենը, ով կոլեկտիվում փաստորեն ամենանորն է, ինքը ազատում է նոր եկածին: Կամ ինչպե՞ս կամայականություն և ինքնիշխանություն չհամարել սույն իրողությունը. պատկառելի աշխատավարձ (գոնե ուսուցչի համեմատ) ունեցող տնօրենը նաև դասաժամեր է վերցնում, իսկ ուսուցչին «ազատ դասաժամ չկա» «հիմնավորումով» դարձնում գործազուրկ` հաճախ նույնիսկ վիրավորելով, անուշադրության մատնելով, անհարգալից վերաբերվելով: Եվ նրանից ազատվելով բերում է իր ուզածին: Հետամտությունն այստեղ ոչ թե երևում է, այլև աչք է ծակում: Հետամտությունը, որ ամենասարսափելին է, և ուսուցիչը դառնում է դրա զոհը: Անպաշտպա°ն զոհը: Դպրոցներից մեկում կրթական գերատեսչության ներկայացուցիչը ուսուցչին խորհուրդ է տվել դատարան չդիմել` «միևնույն է, չեք վերականգնվի» կանխատեսումով: Ի՞նչ է սա նշանակում. պայմանավորվածությո՞ւն դատարանների հետ, թե՞ մարդու իրավունքների ոտնահարում: Իր իրավունքը պաշտպանելու իրավունքի՞ց էլ են մարդուն զրկում: Կրթության ոլորտի պատասխանատուներից մեկը, ի դեպ, նշում է, որ ազատված ուսուցիչներից ստացված բողոքների հիմքում գերազանցապես նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունքի, աշխատանքային վաստակը չարժեվորելու պակասն է կամ բացակայությունը: Շատ տնօրեններ հայտարարում են, թե ուսուցչի դասաժամերը 22-ից պակաս չպետք է լինեն: Սակայն նա իրավասու է ուսուցչին ապահովել ավելի քիչ դասաժամերով` մյուսներին էլ չզրկելով աշխատանքից: ՀՀ կրթության նախարար Լևոն Մկրտչյանի դիտարկմամբ, «օպտիմալացում որպես այդպիսին մեզանում չկա: Այն, ինչ տեղի է ունենում, բնական գործընթաց է»: Ըստ նրա, հաջորդ տարվանից դպրոցներում ավելի նկատելի կդառնա անկումային վիճակը` պայմանավորված դպրոցահասակների թվի նվազմամբ: Մինչդեռ ուսուցիչների թիվը մնում է անփոփոխ, և դա իր որոշակի ազդեցությունն ունենում է ուսուցիչների` դասաժամեր կորցնելու իրողության վրա: Իսկ կանոնադրության համաձայն, ուսուցիչներին ազատում և ընդունում են տնօրենները: Այնպես որ, տնօրեննե°ր (ներողություն այն տնօրեններից, ովքեր ամեն ինչ անում են, որ իրենց ուսուցիչն անաշխատանք չմնա ու չհայտնվի փողոցում) շարունակեք ազատ լինել ձեր ոճի, քմահաճույքների և ինքնիշխանության մեջ` եթե կարծում եք, որ ոչ ոք չի կանգնի ձեր ճանապարհին և չի բռնի ձեր ձեռքը` ձեզ համար անցանկալի ուսուցչի ազատման հրամանը ստորագրելիս և չի դատապարտի ձեզ` գրչի մի հարվածով մարդուն փողոց շպրտելու և տարիների նրա վաստակը ջնջելու համար: Բայց կուզենայինք, որ հավատայիք` այդպես չի° կարող շարունակվել… Այսքանից հետո չենք կարող կասկածել, որ դպրոցի տնօրենի պաշտոնն էլ ունի իր «տաքսաները», և շրջանառվող թիվն այս տարի ևս բարձր է` սկսյալ 7 հազար դոլարից: