Լուսաբացից առաջ Հյուրանոցի տիրուհին
Ամպերի երկարաձիգ քարավանները իջել էին ու լեռնացել դժվարանց ճանապարհի ողջ երկայնքով, շուրջբոլորը սև մրուրով պատել: Կամավորականներով լեցու ավտոմեքենաների շարասյունը ասես անվերջանալի թունելախորշ էր մտել` ձանձրալի և միապաղաղ միևնույն երաժշտության ներքո: Վերջապես նրանց հաջողվեց թունելախորշից դուրս պրծնել… Վերևում աստղազարդ երկինքն էր, իսկ շրջակա լեռներն ու բլուրները, դաշտերն ու բնակավայրերը ծածկված էին ձյան շերտով: Կեսգիշերային նինջից խրտնած քամին փորձում էր հավաքել ձյունն ու պատնեշել, փակել ճանապարհը, բայց անզոր գտնվելով` փշրվում էր ձյան մակերևույթին ու ավտոմեքենաների անիվների տակ: Ավտոբուսների ներսում հաճելի աշխույժ էր արթնացել, թվում էր` ուղևորները ինքնաթիռների մեջ էին, և իրենց ինքնաթիռները աստիճանաբար մոտենում էին վայրէջքի: Աջակողմյան պատուհաններից նայելիս, բազմանշանակ լույսերով ողողված օդանավակայանի էր նման Գորիս քաղաքը ու նրանց կեսգիշերային վայրէջքին էր սպասում: Գորիսի հյուրանոցի հրապարակում ըստ կարգի կայանեցին ավտոմեքենաները: Փոխգնդապետ Մինասյանն իր մոտ հրավիրեց կապիտաններ Մուրադյանին և Այվազյանին: Փոքր ինչ ուշ նրանց մոտեցավ գումարտակի շտաբի պետ, մայոր Մխիթար Ոպանյանը, նույն ինքը` Մխոն, Միքայելը, Միշան: - Տղանե°ր, մինչև լուսաբաց քիչ ժամանակ է մնացել,- ասաց Մինասյանը,- ավելի հարմար չէ՞ տղաների հանգիստը կազմակերպել ավտոբուսների մեջ, ի՞նչ կարծիքի եք: - Նախ, հյուրանոցը այդքան տեղ դժվար թե ունենա` բոլորիս տեղավորելու համար, մեզ զորանոց է պետք,- կատակեց Ոպանյանը,- երկրորդն էլ` մեզ ընդամենը մի քանի ժամ է մնացել, որ լույսը չբացված տեղ հասնենք և բարձրանանք դիրքերը: Ինձ թվում է ավելի հարմար է ավտոբուսների մեջ մնալ մինչև շարժվելը: - Մուրադյան, դո՞ւք ինչ կարծիքի եք: - Պարոն Մինասյա°ն, ես համամիտ եմ Ոպանյանի հետ, միայն կարելի էր օգտվել հյուրանոցի խոհանոցից, մեկնելուց առաջ կազմակերպել տղաների նախաճաշը: - Ինչպես հասկացա, Մուրադյանը զրկվեց մեկ-երկու ժամյա հանգստից: - Ես և Այվազյանը Մուրադյանին մենակ չենք թողնի,- ասաց Ոպանյանը` ձեռքը դնելով Մուրադյանի ուսին: - Ես նույնպե°ս ձեզ հետ եմ,- ասաց Մինասյանը և ապա շարունակեց,- մի բան նույնպես կուզեի իմանայիք, Գորիսի ՆԳ բաժնից մեզ կմիանա ավագ լեյտենանտ Արարատը, գորիսեցի Արոն` նրան այդպես են անվանում, նա տեղանքին քաջածանոթ է, խիզախ տղա է և լա°վ ընկեր: Կծանոթանաք տեղում: Նա նշանակված է կամավոր ազատամարտիկների խմբի հրամանատար, մինչև կորոշվի նորը: Ժամանակին, կազմ ու պատրաստ, պետք է Գորիսից դուրս գանք: Գորիս-Լաչին ճանապարհի աջ հատվածից տեղ-տեղ խոցելի է, ինչպես Երասխի ճանապարհի հատվածը: Հյուրանոցի պատասխանատուներից բարեհամբույր մի կին մոտեցավ. - Բարև ձեզ, տղերք ջա°ն, ինձ հանձնարարված է, որ ձեզ հյուրընկալեմ մեր հարկի տակ: - Բա°րև ձեզ, տիկի°ն, Դուք պարոն Մուրադյանի հետ պայմանավորվեք,- ցույց տալով Մուրադյանին,- ինչ որ կասի` մեր բոլորի կարծիքն է: - Դե° ներս եկե¯ք, հո էստեղ չե՞ք մնա,- ասաց տիկինը,- ներս եկեք,- ձեռքը մեկնելով հյուրանոցի սանդուղքների ուղղությամբ: - Շնորհակալություն,- ժպտաց Մինասյանը,- դուք Մուրադյանի հետ պայմանավորվեք, մենք կմիանանք ձեզ: - Դե ա°րի, Մուրադյան ջա°ն,- ասաց ու ձեռքը երկարեց,- իմ անունը Սոնյա է, պառավեցի էս անտեր պատերի մեջ: - Ի՞նչ եք ասում, դուք չափազանց գեղեցի°կ եք և երիտասա°րդ: - Գնա¯նք, գնա¯նք,- ցույց տալով աստիճանները,- բոլոր նոր ծանոթներն էլ ինձ այդպես են ասում, բայց հո ես լա¯վ գիտեմ, որ ծերանում եմ, բայց իմ գլխի էկածը որ պատմեմ, մի հաստափոր գիրք կլինի: - Շա°տ իզուր, որ չեն գրել: - Չէ°, մատա°ղ քեզ, գրել են, ո՞նց չէ… - Հաստատ Սերո Նիկալայիչն է գրել` Սերո Խանզադյանը: - Կարդացե՞լ եք: - Դե¯, նա դժվար թե Ձեզ նկատած չիներ: - Հա°, մենք շատ մտերիմներ էինք: Ասել է, որ կգրի, բայց չեմ կարդացել, ինձ շատ էր սիրում: Ուզո՞ւմ ես «Գևորգ Մարզպետունուց» անգիր ասեմ: - Բայց Սերո Նիկալայիչը «Մխիթար Սպարապետն» է գրել: - Մատաղ քեզ, երևի դու էլ ես կարդալ սիրում, «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը Մուրացանն է գրել, տեսնում ես, որ ասում եմ պառավել եմ, չե՞ս հավատում: Որ ժամանակս իզուր չանցնի, ձեռս ընկած գիրքը կարդում եմ: Մեր Բակունցի ու Սևակի համար ուշքս գնում է… - Կեցցե°ք, տիկին Սոնյա, Դուք այս հյուրանոցի ամենաչքնաղ տիրուհին եք, համարեք, որ մենք վաղեմի ծանոթներ ենք: - Մատաղ քեզ, ծանոթս ո՞րն է, ի՞նչ ծանոթ, դուք բոլորդ էլ իմ եղբայրներն եք, իմ հալալ եղբայրները: Ո՞ւմ համար եք էս գիշերով ճանապարհ ընկել: Ո՞ւմ համար եք ձեր ջահել կյանքը վտանգում: - Բայց դեռ ոչ մի բան էլ չենք արել: - Կանե°ք, մատաղ ձե°զ, կանե°ք, որ էս չափ երկար ճանապարհ կտրել-եկել եք, կանե°ք… Աստված ձեզ պահապան: - Շնորհակալություն: - Հիմա լսում եմ Ձեզ, Մուրադյան ջան: - Մի ճշտում մտցնեմ, եթե դու մեր քույրն ես, ուրեմն ինձ հոգնակիով չես դիմի և ոչ էլ ազգանունով, քեզ համար, ինչպես քրոջս` Լևոն եմ, կուզես` ասա Լյովա: - Հա, Լևոն ջան, տղաներին կարող եք հրավիրել, բոլոր սենյակներն էլ նախապատրաստել ենք ձեզ համար… - Այդ կողմից նեղություն չենք տա, մի քանի ժամից մենք շարունակելու ենք մեր ճանապարհը: Միայն մի խնդրանք ունեմ` տղաների համար պետք է նախաճաշ պատրաստենք: Խոհարարներ կտրամադրեմ, հաց, պահածոներ, կարագ, ձու, թեյ, մի խոսքով այն ամենը, ինչն անհրաժեշտ է, ինչ որ ունենք...