ԿԳԵՂԵՑԿԱՆԱ ԵՐԵՎԱՆԸ. նամանավանդ գիշերով
Որպեսզի շատ չհոգնենք, չհիասթափվենք քարուքանդ, շինհրապարակի վերածված մեր քաղաքից և կարողանանք շարունակել սիրել մեր հինավուրց ոստանը, հարկավոր է մտքում միշտ ունենալ այն պատկերը, որը համատարած բարենորոգումներից հետո մեզ խոստանում են քաղաքային իշխանությունները, այն պաշտոնյաներն ու պատասխանատուները, ովքեր «սանձազերծել են» մայրաքաղաքային հիմնանորոգումները: Միով բանիվ, մայրաքաղաքում ընթացող բարեկարգման լայնածավալ ու բազմոլորտ աշխատանքներից հետո քաղաքապետարանը մեզ քաղաք-դրախտավայր է խոստանում: Այլ խնդիր, թե այդ աշխատանքները երբ և ինչ որակով կավարտվեն: Ուզում ես հավատալ քաղաքապետարանի հայտարարած եռահերթ աշխատանքի տեմպերին, բայց երբեմն էլ հակառակին ես ականատես լինում. շուրջը խցանումներ են, իսկ շինհրապարակում օրը ցերեկով մեկ-երկու աշխատող է երևում: Ինչևէ, անցնենք ապագային. Երևանում չլուսավորված փողոց չի լինելու, արտաքին լուսավորության ցանցը հիմնովին նորոգվում է: 10 համայնքների 76 փողոցներում այս տարի 150 կմ ընդհանուր երկարությամբ լուսավորության ցանց է անցկացվում: Այսպիսով, Երևանի փողոցներն այսուհետ ոչ միայն զովասուն ու կապուտակ են լինելու, այլև, ինչպես Երևանի գիշերները գովերգող սիրելի երգում է ասվում, լուսավոր ու հրավառ: Շատրվանները կցայտեն ֆրանսերեն Հանրապետության հրապարակի շատրվանների վրա դեռ խորհրդային ժամանակների հետքերն են. 86-ից ի վեր, ավելի քան 20 տարի, շատրվանները մի կարգին նորոգման երես չէին տեսել: Լավ էր, թե վատ էր, հին էր: Ամիսներ առաջ` գարնան սկզբին սկսված նորոգումը անհամբեր է դարձրել երևանցիներին` ինչպիսին է լինելու շատրվանների նոր տեսքը: Երևանցիներին համբերելու քիչ ժամանակ է մնացել: Շատրվանների նորոգման աշխատանքները մոտեցել են ավարտին: Օգոստոսի վերջերին գործի կանցնի ֆրանսիական մի կազմակերպություն, որն էլ ձևավորելու է շատրվանները: Ինչ-որ նոր բան, հաստատ գեղեցի°կ բան է մեզ մատուցվելու: Տեսնենք, թե ինչով են մեզ հիացնելու-գոհացնելու-զարմացնելու ֆրանսիացիները: Վերելակները վեր կբարձրանան Երկար ժամանակ տեղում անշարժ կանգնած մնալուց հետո երևանյան բազմաբնակարան շենքերում տեղադրված 4260 վերելակից 354-ը «անգործունակ» է: Դրանցից 50-ը լրիվ կփոխվի, 2400-ը կենթարկվի հիմնանորոգման: Վերելակներից «քաշվածներին» ու հարկերով քշվածներին կարող ենք հանգստացնել, եթե նրանք թերահավատության զգացում ունենան այս լուրն առնելիս` «բա փո՞ղ որտեղից»: Տվե¯լ են, տվե¯լ: 2007-ի բյուջեից 3 մլրդ դրամ է «վերելակների մեջ» դրվելու: Միայն թե արագ, նորոգողներ, արագ, ձմեռը քթներիս տակ է: Ոչ էլ քննությունն էր Փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի կարծիքով` շոգ ամառը Երևանջուր կազմակերպության համար ինքնատիպ քննություն էր: Երևանջուրն, իբրև թե, պատվով դուրս եկավ: Պատիվս էլ ո՞րն է, երբ օրումեջ էկրաններից լսում էինք ջրամատակարարումից օրերով ու ժամերով զրկված, ջրամատակարարման գրաֆիկի խախտումներից դժգոհող քաղաքացիների: Էլ ի՞նչ քննություն բռնել, երբ ջրակորուստները դարձյալ ու դարձյալ, ինչպես նախորդ տարիներին, մեծ տոկոս են կազմում` 80, և ջրակորուստների նվազում գրեթե չի արձանագրվել: Այստեղ էլ երևանցիները կանոնավոր ջրամատակարարման փոխարեն առայժմ խոստում են ստանում: Այն է` պետք է կառուցվի 1950 մ երկարությամբ նոր ջրագիծ, որի նախագծման աշխատանքներն արդեն ցրցամ են տրվել: Մի տեսեք` քանի¯ ճակատով են սպասվում գարունն ու յոնջան: Միայն մթերքը չէ, խիղճն էլ եվրոպականացվելու կարիք ունի Դժվար է ասել, թե մենք` հայերս, դեպի Եվրոպա տանող ճանապարհի ո՞ր հատվածն ենք հասել, բայց Եվրոպա հասնելու համար բաց չենք թողնում ոչ մի կածան ու արահետ: Էլ մեր կյանքում ոլորտ ու ասպարեզ չմնաց, որ եվրոպական չափանիշները չտեղափոխենք-հաստատենք: Հերթը մսին ու մսամթերքին է հասել: Օրերս մսի և մսամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգի մեջ կատարված փփոխությունները հենց դրան են միտված` եվրոպական չափանիշների համապատասխանեցմանը: Եվ այսպես, այսուհետ շուկա հանված միսն ու մսամթերքը պիտի ունենան այն որակը, ինչպիսին եվրոպացիների մոտ է: Եթե մանրամասնենք, ապա խոսքը կվերաբերի ինչ-ինչ որակների` խոնավության աստիճան, զանազան նյութերի թույլատրելի պարունակության աստիճան և այլն. այս և այլ չափանիշներ պետք է լինեն ճիշտ նույնը, ինչպիսիք ընդունված և կիրառվում են Եվրամիության երկրներում: ՀՀ գյուղնախարարության անասնաբուժական և սննդամթերքի անվտանգության վերահսկողության վարչության պետ Գրիշա Բաղյանը վստահեցնում է, որ մեզանում կան բոլոր պայմանները` մսամթերքի նմուշները հարկավոր փորձաքննության ենթարկելու համար: Ի՞նչ կփոխի այս փոփոխությունը գերազանցապես օրենքի խախտումներով` կոպիտ կամ մեղմ, իրականացվող առևտրի մեջ: Սպառողի համար սա° է էականը: Սպառողին քիչ է հետաքրքրում, թե ինչպիսի՞ սահմանումներ տեղ կգտնեն կանոնակարգի մեջ, առաջարկվող չափանիշներով մենք եվրոպացիների՞ն կմերձենանք, թե՞, ասենք, ամերիկացիներին: Սպառողների համար հետաքրքիրն ու էականն այն է, որ այն, ինչ գրված է սևով սպիտակի վրա, տեղափոխվի կյանք և իրականում գործի: Թե չէ մենք հո սովո՞ր ենք ստուգումների ալիքից զգաստանալ, իրար գալ ու կարգի գցել ամեն ինչ` «մինչև անցնի վտանգը»: Ե°վ ստուգողները, և° ստուգվողները դրա մեծ փորձն ունեն` դեռ նախորդից ժառանգություն ստացած: Իհարկե, ալիքի թափի տակ ընկնողներ էլ կլինեն, ովքեր ստիպված կլինեն յուղել ձեռքերը` 30-500 հազ. դրամ տուգանքը հաշվելու և վճարելու համար, եթե դարձյալ խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած մեկ այլ սովորույթի ուժով ստուգողների էլ, խախտում թույլ տվողների էլ իզն ու թոզը չկորչի: Այս ոլորտի վերահսկողության և օրինապահպանման դաշտը տնօրինողները մեզ վստահեցնում են, թե վերահսկողությունը լինելու է շարունակական գործընթաց: Ապա ի լուր ամենքի հայտարարում, թե վերահսկողության հաջորդ ակցիան պատրաստվում են իրականացնել սեպտեմբերին` այս անգամ ստուգման ենթարկելու ոչ թե միսն ու մսամթերքը, այլ հացն ու հացամթերքը, ինչպես նաև վաճառքի հանվող բանջարեղենը: Այնպես որ, այս ոլորտում զբաղված ձեռներեցներ, դեռ ժամանակ կա, դեռ կարող եք տեղը-տեղին նախապատրաստվել վերահսկողներից անշառ-անփորձանք պրծնելու համար, կարող եք ձեր գլխի ճարը տեսնել, մինչև քամին կսուրա-կանցնի: Դրանից հետո դուք եք ու ձեր խիղճը և մենք` խաբված և անպաշտպան գնորդներս` ձեր խղճին հանձնված: Եվ ձեր խղճի եվրոպականացմանը սպասող: