Տեխնիկայի դարում խմելու ջուրը ո¯ւր...
Արարատի Սուրենավան գյուղն արդեն 25 տարուց ավելի է` զրկված է մարդու համար ամենաանհրաժեշտից` խմելու ջրից: Ստեփան պապիկը պատմում է, որ երբ գյուղը նոր էր հիմնադրվել, ապահովված է եղել խմելու ջրով: Սակայն, տարիների ընթացքում, չգիտես ինչու, այն ջրազրկվեց: Այժմ գյուղացիներն իրենց ծարավը հագեցնելու համար ստիպված են գնել շաբաթը 3-4 անգամ Գառնուց բերվող ջուրը (դույլը` 20 դրամ): Ու եթե գյուղացին, իր հոգսերի տակ բեռնված, չհասցնի նշանակված ժամին գնել խմելու ջուրը, ապա ստիպված կլինի ծարավ մնալ: Սուրենավանցիներն, ինչ խոսք, մեկ անգամ չէ, որ դիմել են իշխանություններին, բայց, ինչպես միշտ, խոսքը գործի չի վերածվել: Գյուղացիների համար միակ մխիթարականն այն է, որ, ի տարբերություն հարևան շատ գյուղերի, իրենք գոնե արտեզյան ջուր ունեն, որով էլ ոռոգում են իրենց դաշտերն ու հողատարածքները: Եվ «երկու երնեկ մեկտեղ չի լինում» տխուր տրամաբանությանը հաշտված, մայրաքաղաքամերձ այս գյուղում մեկ ուրիշ մխիթարանք էլ են հորինել. ո՞րն է ավելի լավ` ունենալ խմելո՞ւ, թե` ոռոգման ջուր: Սուրենավանցիները դժվարանում են պատասխանել. չէ՞ որ առաջինի դեպքում ծարավ կմնան, իսկ բերքը չմշակելու, հետևաբար նաև չվաճառելու դեպքում` քաղցած: Ու նրանց արդեն չի զարմացնում անտարբերությունը` նաև կենսական հույժ կարևոր այս խնդրի հանդեպ: