Գովազդվում է օտարամոլություն


Մեր մայրաքաղաքի բոլոր անկյուններում գերազանցապես օտարալեզու գովազդային պաստառներ ու ցուցանակներ են` խանութների, սրճարանների, գիշերային ակումբների, կամ էլ արտասահմանյան խմիչքների, ծխախոտի և այլ գովազդներով: Ինչո՞ւ դրանք հայերենով չեն գրված: Գուցե տերերը կարծում են, որ հայերենով դրանք անշուք են, տգեղ, կամ էլ արժանի չեն ուշադրության: Թերևս նրանք ավելի արդի են համարում օտարամոլությունը: Մինչդեռ մեր հայրենակիցների մեծ մասը համամիտ չէ և Լեզվի պետական տեսչությունն էլ շարունակում է պայքարել մեր պետական լեզուն անտեսելու փաստերի դեմ: Սակայն պատվիրատուի ու բիզնեսմեն կոչվածների հոգը չէ: Նրանք փորձում են ամեն կերպ հաճոյանալ օտարերկրացիներին, զբոսաշրջիկներին, ավելի ստույգ` նրանց հարուստ գրպաններին: Եվ չեն պատկերացնում, թե որքան մեծ է լինում նաև մեր ազգային մշակույթին ու գրերին ծանոթանալու եկած այդ օտարերկրացիների հիասթափությունը` հայերենն ու հայեցին չտեսնելով: Իսկ մեզ մնում է միայն հուսալ և սպասել, թե ինչ կոնկրետ ձեռնարկումներ կլինեն վերջապես` պաշտպանելու ՀԱՅԵՐԵՆԻ սահմանադրական իրավունքը:

Անուշ ՊՈՂՈՍՅԱՆ