Հրաժեշտ` ցավով


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել արդի հայ գեղանկարչության անվանի դեմքերից մեկի` Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի մահվան կապակցությամբ, որում ՀՀ կառավարության եւ իր անունից խորին վշտակցություն է հայտնել նրա հարազատներին, մերձավորներին եւ նրա արվեստի բոլոր երկրպագուներին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի մահվան կապակցությամբ ցավակցական գիր է հղել մեծանուն նկարչի սգակիր ընտանիքին£ «Ցավով տեղեկացանք մեր ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու շնորհալի զավակ, անվանի գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի մահվան մասին: Լուսահոգի Էդուարդ Իսաբեկյանի կյանքը համակ նվիրում եղավ հայ գեղանկարչական արվեստին: Տաղանդաշատ վարպետը ստեղծեց մեծարժեք կտավներ հայոց պատմության ու հայրենի գեղեցիկ բնաշխարհի գունեղ պատկերներով: Առանձնակի վարպետությամբ հորինված նրա վրձնի գործերը տասնյակ տարիներ զարդարում են ինչպես Հայաստանի, այնպես և արտերկրի հռչակավոր թանգարանները` պատիվ բերելով մեր ժողովրդին: Մեծ ու գնահատելի է նաև բարեհիշատակ հայորդու վաստակը նկարիչների նոր սերնդի պատրաստության գործում: Ճանաչված շատ ու շատ նկարիչներ պատիվ են ունեցել աշակերտելու մեծ վարպետին, որոնցից մեկն էլ իր որդին է, որ այսօր ղեկավարում է Երևանի Գեղարվեստի պետական ինստիտուտը: Մխիթարության զգացումով ենք հիշում այն օրը, երբ բարձր գնահատանքով վաստակաշատ արվեստագետի կուրծքը զարդարեցինք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձրագույն շքանշանով: Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` Մեր ցավակցությունն ու սրտակցությունն ենք բերում հանգուցյալի սգակիր ընտանիքին և բոլոր հարազատներին ու մերձավորներին: Աղոթում ենք առ Բարեգութն Աստված, որ երկնից երանավետ հանգրվաններում խաղաղության մեջ ընդունի հանգուցյալի լույս հոգին և Իր Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը պարգևի վշտացյալ բոլոր սրտերին£ Խունկ, աղոթք և օրհնություն հոգելույս Էդուարդ Իսաբեկյանի բարի հիշատակին: «Զննջեցեալս մեր արժանի արա, Տէ°ր, ընդունիլ ի կեանսդ յաւիտենից. Ամէն»£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ