ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՇՈ՞ՒՆՉ «Ներիր նրանց, Տեր…»
Մեծակտավ ազդագրերում անմիջապես ճանաչելով հիսուսահանդերձ Հովհաննես Բաբախանյանին` չդիմացա գայթակղությանը և գնացի սիրելի դերասանին տեսնելու մի դերում, որում նրան ակամա երևակայել էի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Պ. Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» պիեսի ներկայացումների (բեմ.` Արմեն Խանդիկյան) տպավորությամբ: Վստահ էի, արտիստական բազմաշերտ կարողություններով տարբեր դերերում ինձ հմայած, հանդիսատեսի ճանաչումն ու սերը վաստակած արվեստագետը վերստին խանդավառելու էր հանրահայտ կերպարի իր ուրույն մարմնավորմամբ: Չէ՞ որ մտովի վաղուց արդեն ճշգրտել էր իր ասելիքն ու անելիքը: …Համակ ուշադրությամբ հետևում եմ Մայր թատրոնի մթնեցված բեմում գազայրիչով լույս փնտրող երիտասարդին: Ներքուստ ընդդիմանում եմ Լույսի և Խավարի պարզունակ բեմադրական հակադրությանը: Այնուհետև հոգևոր լույսի և մեղսալից խավարի բեմական ձևակերպումները այդպես էլ չեն ձերբազատվում ճակատային, մերկապարանոց մակերեսայնությունից, չնայած բեմադրիչ Սուրեն Ներսիսյանի վառ թատերայնացման ձգտող ակնհայտ ջանքերին: Տիրոջ ճամփաներում մոլորված երիտասարդը ավանսցենում ծնկաչոք աղոթելուց հետո դահլիճով հեռանում է` «Ո՞վ ես դու, Տեր» հարցի պատասխանը, փաստորեն, թողնելով բեմական հետագա գործողությունների ծավալմանը: Կանանց երգչախումբը «Սուրբ, Սուրբ» է հնչեցնում, բարձրախոսն (իբրև` Տերը) ազդարարում է` մի վախեցիր, Մարիամ` որպես նախանշան Հիսուսի սաղմնավորման: Ենթադրյալ Մարիամը (որպիսի տխուր, մանկամիտ կերպավորում) հեռանում է` տեղը զիջելով Հերովդեսի հայտնի դրվագը խաղարկող Սատանային` սևազգեստ սպասավորների խմբով: Մշտառկա մթնեցում-լուսաթարթումներով աստվածաշնչյան` պարզագույն արտասանության հասցված տեքստային կենդանի (այնքանով, որքանով բեմից, կոնկրետ մարդկանց շուրթերից է արտաբերվում) ծանոթ պատկերներին անմիջապես հաջորդում են «սատանայական» տիրույթում նույն հենքի վրա զարգացող, քրիստոնեական հավատքի ակունքները միտումնավոր պղտորող «ընդվզումները»: Ըստ երևույթին բեմականացման հեղինակները նպատակ են ունեցել քրիստոնեական հավատի Լույսի և երկրային այպանելի դարավոր կեցությունից թանձրացող Խավարի, Հիսուսի և Սատանայի ուղղակի հակադրությամբ պատկերավոր արտահայտութ յուն տալ ամեն մարդու ներսում տարբեր համամասնությամբ գոյություն ունեցող երկակիությանը: Ներկայացման մեջ Սատանային` Հիսուսի գլխավոր ընդդիմախոսին գործունեության շատ ավելի լայն ասպարեզ է հատկացված, քան Հիսուսին: Երբեմն արտաբերված ճշմարտանման խայթոցները, սակայն, չեն ամբողջանում որպես մարդկության հավաքական մեղքի արժեքը (կշիռը) հստակեցնող պատմական մեղադրական եզրակացություն: Յուրատեսակ բարոյական ապտակ, որից պիտի մեղանչեր անհավատը, զգաստանար անկայուն հավատացյալը: Պատճառը միայն Սատանայի դերակատար Ստեփան Շահինյանի բեմական կուլտուրայի պակասը չէ: Եվ կամ` Հիսուսի կերպարին միագիծ, դեկլամացիոն, հանրաճանաչ պատկերացումներին հարիր մեկնաբանություն տալը: Կարծես, սրբապղծություն կլիներ Հիսուսին բեմում ավելի անմիջական, պարզ ու մատչելի ներկայացնելը: Ամենքիս է քաջ հայտնի, անկախ աստվածային նախասկզբով պայմանավորված որոշ տարօրինակություններից (հասարակ մահկանացուների համար միայն տարօրինակ), նա սիրում էր մարդկանց հետ շփվել, ճշմարտության դռները կուռ տրամաբանութ յամբ ու սեփական վարքագծով բացել ամենքի առաջ` մեղավոր, թե անմեղ… Հովհաննես Բաբախանյանի Հիսուսը չափազանց մոնումենտալ է հասարակ մարդկանց մատչելի լինելու, շուրջը դյուրությամբ հավաքելու համար, որքան էլ որ դերակատարը փորձի ձայնի չքմեղ հնչերանգով արտաբերած հանրահայտ տեքստերին եթերային անկեղծություն հաղորդել: Երբեմն Բաբախանյանը փորձում է խախտել խաղի իրեն «պարտադրված» կանոնները, բայց չի գտնում համապատասխան խաղընկեր, բացառությամբ Մարի Մսրյանի հետ երկու դրվագների: Բեմի վրա թատրոնի հետ երբևէ որևէ առնչություն չունեցած այնքան պատահական մարդիկ կան (զուրկ ձայնից, խոսքից, տեսքից, պահվածքի տարրական էթիկայի իմացությունից…), որ հատուկենտ պրոֆեսիոնալների խաղն էլ է նկատելիորեն նսեմանում, գունազրկվում: Ինչպես, ասենք, բացի գեղեցիկ զարդ լինելուց ուրիշ բեմադրական ֆունկցիա չունեցող Նազենի Հովհաննիսյանի Հերովդիան: Խորհրդանշական ինչ-ինչ հավելումներ գուցե թե ներազդու լինեին, եթե ընդհանուր ներկայացումը վատ դերձակի ձեռքով դրվագված կարկատանի չնմանվեր: Բեմից դահլիճ է հորդում արվեստի անճաշակ գունազարդված թափոնը` արժեզրկելով գրեթե անփոփոխ արտասանված աստվածաշնչյան տեքստում առկա ամենժամանակյա ճշմարտություններն ու իմաստությունները: Ամենաարտառոցը Սատանայի կերպարանափոխությունն է եկեղեցու գլխավոր սպասավորի, որը Հիսուսից ընդունում է հավատո հանգանակ խորհրդանիշները` գինու գավաթը, Ս. Գիրքը և խաչը, համընդհանուր քարոզ անում, ընդունում իր «հոտի ոչխարների» մեջ Լույս փնտրող երիտասարդին և մաղթում ներկաներին. «Գնաք խաղաղությամբ»… Սրբապղծություն չե՞ք տեսնում մերկապարանոց, անարվեստ այս բեմականացման հանգուցային վերջաբանում: Ինձ մնում է հիշեցնել նրանց իր` Հիսուսի խոսքերը. «Ներիր նրանց, Տեր, զի չգիտեն` ինչ են անում»…