ԳՈՒՐՈՒ եվ ՉԵԼԱ
Գուրուն հասկացություն է, որը շատ վաղ ժամանակներից, սանսկրիտերեն լեզվով խոսող Արևելքի ժողովուրդների մոտ պահպանվել է որպես սուրբ, բարձր հասկացություն: Այն, ըստ Թեոսոֆիական բառարանի, նշանակում է. «Հոգևոր ուսուցիչ, մետաֆիզիկ և բարոյագիտական ուսմունքների գիտակ, այսպես են անվանում նաև այն մարդուն, ով սովորեցնում է որևէ գիտություն»: Այս բառը մինչև օրս օգտագործվում է Հնդկաստանում, որտեղ մեծ հարգանքով և ակնածանքով են վերաբերվում ուսուցչին, որովհետև հնդիկները համոզված են, որ ուսուցիչն է ձևավորում աշակերտի գիտակցությունը: Հնդիկները նշում են Երկնային և Երկրային ուսուցիչներ: Նրանք Գուրու են անվանում Երկրային Ուսուցչին: Չելա սանսկրիտերեն նշանակում է Գուրուի կամ Իմաստունի սան, որևէ ԱԴԵՊՏԻ փիլիսոփայական դպրոցի հետևորդ: Մեծ Ավատար Կրիշնան ասել է. «Այն մարդն է, որն ընտրել է ամենադժվար ճանապարհը»: «Ամեն մի գիտակցող հինդուս և բուդդիստ երազում է ունենալ գուրու-ուսուցիչ: Նա, հասնելով այդ բարձր արտոնությանը, ջանում է պահպանել իր կապը ուսուցչի հետ ամբողջ կյանքում` իմանալով, որ ուսուցչի հանդեպ հարգանքի և նվիրվածության դեպքում հոգևոր կապը նրա հետ կբերի բարի արդյունքներ և հաջորդ կյանքերում» (Ա. Կլիզովսկի «Նոր դարաշրջանի աշխարհըմբռնման հիմքերը»): Արևելքում հասկանում են և մեծ նշանակություն են տալիս ուսուցչի հետ կապի անխզելիության գաղափարին, հիերարխիային (ուսուցիչների և աշակերտների միջև անընդհատ և անխզելի կապը). «Աշակերտի և իր ուսուցչի միջև կապը համարվում էր և մինչև հիմա համարվում է Արևելքում ամենասուրբը, բոլոր արյունակցական կապերից էլ բարձրը: Եվ մետաֆիզիկորեն դա այդպես էլ է, քանի որ գուրուն է ձևավորում իսկական մարդու գիտակցությունը, որը կարմայի կրողն է. դրանով վերցնում է իր վրա պատասխանատվությունը և, կարծես, աշակերտի կարմայի մի մասը: Դրա համար աշակերտ ընտրվելը, ինչպես և ուսուցիչ ընտրելը պետք է անցկացվեն մեծ լրջմտությամբ և զգուշությամբ» (Ե. Ռերիխ «Նամակներ» 29.8.34.), (Կարմա -պատճառահետևանքային կապ): Ուսուցչի մեծարման մասին կա հնդկական գեղեցիկ փոքր պատմվածք` խորը իմաստով (տՐՌՑփՈ), հինդուս-տղայի մասին. «Փոքրիկ հինդուսին հարցրինք. «Մի՞թե արեգակը կխավարի քեզ համար, եթե տեսնես նրան առանց ուսուցչի»: Տղան ժպտաց. «Արեգակը կմնա որպես արեգակ, բայց ուսուցչի հետ ինձ կշողա տասներկու արեգակ»: Հնդկաստանի իմաստնության արևը կշողա, քանի գետի ափին նստած է իր ուսուցչին ճանաչած տղան» (Կենդանի Բարոյագիտություն /84/): Բոլոր արևելյան ուսմունքներում նշվում է ուսուցչի-գուրուի դերը: Օրինակ, Հնդկաստանի հնագույն փիլիսոփայական ուսմունքներից մեկում, մասնավորապես Վեդանտա-Սուտրայում Բհագավան Շանկարան ասում է. «Այն մարդու մասին, ով նվիրված է իր ուսուցչին` համարելով դա իր միակ նպատակը, մարդիկ ասում են, որ «Նա իր Գուրուի հետևորդն է»: Սրանից բարձր գնահատական չկար: Մենք, հայերս, համանման մեծարում ունեինք մեր ուսուցիչների նկատմամբ: Մինչ այսօր էլ ամենաբարձր գնահատանքն է միջնադարյան որևէ գործչի համար, որ նա աշակերտել էր նշանավոր մի ուսուցչի: Կորյունը, Եղիշեն, Ղազարը առաջին հերթին նշվում են որպես մեծ ուսուցիչ Մաշտոցի աշակերտներ: Նույնը և մեր մշակույթի Վերածննդի շրջանում: Բայց աշակերտները տարբեր են լինում: «Նրանք բաժանվում են չորս խմբի. l1-ինները հետևում են ուսուցչի ցուցումներին և օրենքով վեր են բարձրանում: l2-րդները ուսուցչի թիկունքում գերազանցում են ցուցումները, և դրանով հաճախ վնասում են հենց իրենց: l3-րդները, օգտվելով ուսուցչի բացակայությունից, զբաղվում են դատարկաբանությամբ, այդպիսով քանդում են իրենց ճանապարհը: l4-րդները անկյունում փնովում և դավաճանում են ուսուցչին: Սարսափելի է այս վերջին երկու տեսակների կարման» (Կենդանի Բարոյագիտություն /105/): Վատթարագույն է լինելու այն աշակերտի կարման, ով կորցնում է իր ուսուցչի հետ կապը: Դրա համար բոլոր համաշխարհային ուսմունքներում և կրոններում ուսուցչին մոռացող, նրան չարախոսող, դավաճանող աշակերտը խիստ դատաստանի է ենթարկվում: Դժբախտաբար, բոլոր մեծագույն ուսուցիչների մոտ կան հեռացված, մերժված աշակերտներ և, առավել ծանրը` դավաճան աշակերտներ: «Հիշենք այն դրվագը, երբ Բուդդայի մերձավոր աշակերտ ու բարեկամ Դևդատտը որոշեց ժայռաբեկոր նետել կածանով անցնող ուսուցչի գլխին և նույնիսկ հասցրեց վնասել նրա մատը» (Նատալյա Ռոկոտովա «Բուդդիզմի հիմունքները»): Քրիստոսը, ով շատ լավ գիտեր Հուդայի մատնիչ, չարի ներկայացուցիչ լինելը: Եվ Հուդան մատնեց իր ուսուցչին 30 արծաթով, բայց ինքն էլ Քրիստոսի խաչելիությունից հետո խելագարվեց և ինքնասպանություն գործեց: Ե. Պ. Բլավատսկայան մերժեց իր աշակերտ Շտայներին, որը շեղվելով իր անտրոպոսոֆիա կոչված ուսմունքով` ուզում էր հեռացնել մարդկային միտքը Աստվածային Իմաստնությունից: Ինչպես ցույց է տալիս պատմությունը` Մեծ ուսուցիչները չեն ունեցել շատ աշակերտներ: Ոչ բոլորն են ի վիճակի հասկանալու և ընդունելու Աստվածային Իմաստնությունը, որովհետև շատ երկար է այն ճանապարհը, որով Ոգին` անցնելով մի քանի վերամարմնավորումներով, պիտի հասնի բարձր աստիճանի, ձեռք բերի Իմաստնությունը, ապրի և գործի Հանուր Բարօրության և, դրանով իր վրա բևեռի Ուսուցչի լույսը: Սակայն, դժբախտաբար, Արևմուտքում այս հասկացությունը չունի այն իմաստը, որը կա Արևելքում: Արևմտյան մարդը անհատապաշտ է և իր ձեռքբերումները համարում է իր անհատականը: Վերջին երկու դարերում առաջացավ կրթական համակարգին համապատասխան ուսուցչի նոր կերպար: Գուրույի և այդ դպրոցական ուսուցչի միջև տարբերությունը գնալով մեծացավ` անհատապաշտության խորացմանը զուգընթաց: Դպրոցական ուսուցիչը դարձավ նեղ մասնագետ-առարկայագետ դասատու, այսինքն` միայն դաս տվող: Իսկ գուրուն առաջին հերթին դաստիարակողն է, կյանքի ճիշտ ուղիով տանողը: Այնպիսին, ինչպիսին էր աշխարհահռչակ նկարիչ և մտածող Ն. Կ. ՌԵՐԻԽԸ, որի մասին նրա որդին` հռչակավոր նկարիչ Ս.Ն. ՌԵՐԻԽԸ գրել էր. «Հնագույն գրքերում հաճախ է հիշվում. երջանիկ է նա, ով իր կյանքի ճանապարհին հանդիպում է իմաստուն ալևորի, որը նրան ուղղում է կարճ և ճիշտ ճանապարհով: Ի դեմս իմ հոր, ես հանդիպեցի այդպիսի իմաստունի, որը ոչ միայն հայր էր և ուսուցիչ, այլև ավելին. նա կյանքի խորհրդատու - դաստիարակ էր»: Գուրուն բացում է չելայի ընդունակությունները և, «Նա գտնում է, իսկ մենք` հաստատում»: Ուսուցչի դերն է բացատրելը, ոչ թե հաղորդելը, քարոզելը: Դեռ Աստվածաշնչում էր գրված. «Եթե չբացատրես, ոնց հասկանամ»: Բացատրելը իմացության տեսակ է, միայն նրա միջոցով է հնարավոր հասկանալ, իսկ հասկանալը ճիշտ մտածողության արդյունքն է: Ուրեմն, ուսուցիչը, լիակատար տիրապետելով իր մասնագիտական առարկային, պետք է իմանա տրամաբանություն, տրամաբանական գործողություններ դնի իր մտագործունեության հիմքում: Այսպես են աշխատել բոլոր Մեծ ուսուցիչները. Պյութագորասը` իր «Պյութագորական միությունում», Պանյատարան` իր չելա Բոդհիդհարմայի, նա էլ` իր աշակերտների հետ, Պլատոնը` իր Ակադեմիայում, Արիստոտելը Լիցեյում հիմք դրեց տրամաբանական մտածողությանը: Նորպլատոնականները, Մաշտոցը և Պարթևը. նրանց բոլոր աշակերտները դարձան գիտնականներ և ուսուցիչներ: Հայ իրականության մեջ փիլիսոփայության և տրամաբանության հիմնադիր Դավիթ Անհաղթը` Եռամեծար Իմաստունը, շեշտում էր իր «Փիլիսոփայության սահմանումների» մեջ. «Այն առարկան, որը սահմանել չի կարելի, չի կարելի և ճանաչել»: Իսկ կարելի է և պետք է սահմանել բոլոր հասկացությունները. միայն մնում է բանական մարդու, մանավանդ ուսուցչի, պրպտուն, տրամաբանական միտքը զբաղվի դրանով: Այսօր մեր գիտնականները (որոնք գրում են դասագրքեր) և ուսուցիչները (որոնք մարդ են ձևավորում) աշխատու՞մ են այդ սկզբունքով: Ո°չ: Առաջինները պաշտպանել են գիտությանը ոչինչ չտվող թեզեր` միայն պաշտպանելու համար (անտեսենք` ինչ- ինչ միջոցներով ձեռք բերելը), իսկ երկրորդները` պահանջում են միայն իրենց ժամանակին ցուցումներ տալ և ժամանակին վճարել աշխատավարձը (աղքատավարձը): Դա էլ հասցրել է կրթական համակարգի ճգնաժամին ամբողջ աշխարհում: Հետաքրքիր է, ինչու՞ անտիկ շրջանում և միջնադարում, նշված դպրոցների և ուսուցիչների գործունեության ժամանակ չեն եղել ճգնաժամեր: Պարզապես վերջին դարերում մարդիկ կորցրեցին հոգևոր կապը ուսուցչի հետ, ուսուցիչն էլ կորցրեց իր հոգևոր դերը: «Ավելի մեծ վտանգ են ներկայացնում այն ուսուցիչները, ովքեր իրենց ներկայացնում են որպես գուրու: Շատ են մարդիկ, որոնք խրված են տգիտության մեջ, բայց երևակայում են, որ գիտեն ամեն ինչ: Եվ ինչպես գրված է Մունդակա-Ուպանիշադայում. «Անմիտները, որ ապրում են մթության մեջ, երևակայում են իրենց իմաստուններ, գոռոզանալով իրենց անօգուտ գիտելիքներով, քայլում են, ճոճվելով ետ ու առաջ, նման են կույրերի, որոնց ուղեկցում են կույրերը»: Ցույց տվեք գոնե մեկ հոգևոր հսկայի, հանճարի, որը ծնվել է տգիտության և ֆանատիզմի այդ չորացած փոշուց: Իսկ եթե չեք կարող, փակեք ձեր բերանները, բացեք ձեր սրտերի խորանները Ճշմարտության պայծառ լույսի առջև և նստեք, ինչպես երեխաներ, նրանց ոտքերի մոտ, ովքեր գիտեն, թե ինչ են ասում _ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻ ոտքերի մոտ… Եվ հետո լսեք» («Ս. ՎԻՎԵԿԱՆԱՆԴԱ». 1992թ, էջ 96-98): Որը և կոչվում է Ուպանիշադա: Մենք էլ նստենք մեր իմաստունների ոտքերի մոտ` Մ. Մաշտոցի, Ս. Պարթևի, Դ. Անհաղթի, Մ. Խորենացու, Եղիշեի, Ան. Շիրակացու, Հ. Իմաստասերի, Մ. Գոշի, Գ. Մագիստրոսի և մյուսների: Ժամանակը թանկ է և սուղ, չսպասենք երկնքից իջնող մանանա - հրաշքին, ինչպես հնդկական փոքր պատմվածքում. «Մեծ Իմաստունի մոտ եկավ աշակերտը. «Հրաշքից հետո կհավատամ»: Ուսուցիչը տխուր ժպտաց և ցույց տվեց մեծ հրաշք: Աշակերտը բացականչեց. «Հիմա ես համաձայն եմ ուսանել ձեզ մոտ»: Բայց ուսուցիչը, ցույց տալով դուռը, ասաց. «Հիմա դու ինձ էլ պետք չես»: Լսենք Հնդկաստանի Իմաստուններին. «Բարեկամներ, եթե ուզում եք մոտենալ մեզ, ընտրեք Երկրի վրա Ուսուցիչ և տվեք նրան ղեկավարումը: Նա ժամանակին կասի, երբ է պատրաստ բանալին պտտվելու Հավերժության դռան մեջ: Անխախտ է ՀԻԵՐԱՐԽԻԱՅԻ ՇՂԹԱՆ: Դա տիեզերական օրենք է: Բոլորդ ունեցեք Գուրու Երկրի վրա» (Կենդանի Բարոյագիտություն /103/): «Օրհնյալ է Հնդկաստանը, որը պահպանել է Գուրուի և Չելայի հասկացությունը»: Մենք էլ, հայերս, Արևելքի և Արևմուտքի սահմանագծին պահպանել ենք արևելյան իմաստնության գանձը և փոխանցել Արևմուտքին: Այսօր էլ հնդիկ լաման ասում է. «Իմաստնությունը որոնեք Հայկական լեռնաշխարհում» (ակադեմիկոս Պ.Հերունու գրքից): Վերջին պայքարը Իմաստնության և Ճշմարտության համար…(Ն.Կ. Ռերիխ):