Կարևորն առաջին քայլն է
Նորք-Մարաշ համայնքի Հին Նորքի բնակիչները մայրաքաղաքի հազարավոր բնակիչների նման զրկված են իրենց տների սեփականատեր համարվելու իրավունքից: Խորհրդային տարիներին ստացած առանձնատների հատակագծերը նորով փոխարինելու քաղաքային իշխանությունների 1991-92 թթ. որոշումներն այդպես էլ ընթացք չունեցան, թեև չափագրումներն ու համապատասխան գրառումները տեղը- տեղին կատարվեցին, այնուամենայնիվ, նախկին հատակագծերի վաղեմությունը նորով փոխարինելու որոշումն այդ տարիներին ստեղծված խառնաշփոթության մեջ փոշիացավ: Հին Նորքի բնակչության մի ստվար մաս` բանակից զորացրվածները, հարսներն ու նորածինները գրանցում չունեն, փաստորեն չունեն քաղաքացիություն: Պատմական Նորքի բնակիչն իր տան օրինական սեփականատեր ճանաչվելու հնարավորություն չունի, թեև բարեխղճորեն կատարել է գույքահարկի և հողահարկի բոլոր վճարումները: Իրենց բարձունքից տեսնելով հազարավոր բախտակիցների հետ կատարվող անօրինությունների հետևանքները, Սարդարապատի հերոսամարտի սերունդները համոզվեցին, որ եկել է իրենց վճռականությունը գործով ապացուցելու ժամանակը և քանի որ յուրաքանչյուր պայքարի հաջողությունը պայմանավորված է ճիշտ ուղղորդումից, ուստի բնակչության անունից մի խումբ նորքեցիներ` Միշա Սարգսյանը, Համլետ Մադոյանը, Լևոն Աբրահամյանը, Գերասիմ Մինասյանը, Ջանիկ Սահակյանն ու Աշոտ Բաբայանը, ստանձնելով բանագնացի պարտավորությունները 2006 թ. վերջերին 300 ստորագրությամբ դիմում-բողոքը հանձնեցին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Սակայն Վարչապետի մահվան պատճառով դիմում-բողոքն արձագանք չունեցավ: Կառավարությանն ու քաղաքային իշխանություններին ուղղված հերթական դիմումի հանդեպ քար անտարբերությունից վրդովված` շուրջ 2000 բնակիչ որոշեց բողոքի ակցիա կազմակերպել Նախագահի նստավայրի և կառավարության շենքի մոտ: Ակներև էր, որ Նորք-Մարաշ համայնքի ղեկավար Վարազդատ Մկրտչյանն անհաղորդ չէր կարող մնալ բնակիչների խնդիրներին, և նրանց դժգոհության մասին տեղեկացրեց փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Հին Նորքում հայտնի Չինարի ծառի տարածքում ցուցարարների հետ փոխքաղաքապետի հանդիպումը կասեցրեց խորհրդարանական ընտրությունների նախօրեին Եվրախորհրդի դիտորդներին «թեմա տալու» քայլը: Մայիսի 12-ից հետո էլ տիրող «լռությունը» սասանեցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, ԱԺ, Քաղաքապետարան ուղղած դիմումները. կարճ ժամանակ անց Վարչապետի հուսադրող պատասխանը վերջապես «սայլը տեղից շարժեց»: Քաղաքապետարանի, ԾԻԳ-ի և հիննորքեցիների ներկայացուցիչներից ստեղծված հանձնաժողովն այս օրերին լուծում է 500 ընտանիքների բնակարանների սեփականաշնորհման խնդիրները: Բնակիչներն այս անգամ հուսախաբ չեղան, քանի որ նրանց համառության շնորհիվ քաղաքային իշխանություններն ի վերջո հարգեցին նորքեցիների արդարացի պահանջը: 3-րդ ամիսն է, ինչ չափագրումներն ավարտված են, սակայն սեփականաշնորհման գործընթացի «հունը բացող» ակտիվիստները համոզված են, որ այն կունենա տրամաբանական ավարտ, և յուրաքանչյուր բնակիչ ի վերջո կհամարվի իր սեփականության լիիրավ տերը: - Նրանք խոստացել են ավարտին հասցնել սեփականաշնորհման գործընթացը, և մենք հավատում ու մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին, փոխքաղաքապետ Կամո Արեյանին, Նորք-Մարաշ համայնքի ղեկավար Վարազդատ Մկրտչյանին, փոխթաղապետ Սերգեյ Մկրտչյանին, քաղաքապետա րանի աշխատակից Լյովա Դավթյանին: Երախտապարտ ենք նաև քարտեզագրման և չափագրման աշխատանքները բարեխղճորեն կատարող մասնագետներ Լեռնիկ Ռաֆայելյանին, Միշա Դերձակյանին, Վալերի Անանիկյանին, Թորգոմ Չոբանյանին: Մենք հակված ենք հավատալու նրանց, ովքեր գնահատեցին միասնությունը և ընդառաջեցին նպատակին հասնելու մեր հետևողականությանը: