Ռուս ազգայնամոլները տեսագրում են մահապատիժը


Անցյալ երեքշաբթի Ռուսաստանի իշխանությունները տեղեկացրել են դաժան մի մահապատժի առթիվ հետաքննություն սկսելու իրենց որոշման մասին: Խնդիրն այն է, որ տարածվել է մահապատժի ողջ ընթացքը պատկերող տեսանյութը` թե ինչպես անտառում նացիզմի մեծ դրոշի տակ խոշտանգում են բերանները խցանով փակած և կապկպված երկու երիտասարդների: Նրանցից մեկի գլխատված մարմինը նետված էր ոչ խորը փոսի մեջ: Այդ տեսագրության հետ մեկտեղ ռուսական ծայրահեղ ազգայնական մի քանի կայքերում տեղադրված է նաև մինչ այս անհայտ «Ռուսաստանի ազգային սոցիալիստական կուսակցության» հայտարարությունը, որով կազմակերպությունն իրեն ներկայացնում է որպես «սև գաղութաբնակների և նրանց պաշտպանող ՌԴ պաշտոնյաների դեմ զինված պայքարի» «մարտական առաջամարտիկ»: «Ռուսաստանի ազգային սոցիալիստական» անվանյալ տխրահռչակ այս կուսակցությունը միաժամանակ պահանջում է իրենց երկրի տարածքից վտարել բոլոր կովկասցիներին ու ասիացիներին, անկախություն «շնորհել» կովկասյան բոլոր հանրապետություններին: «Մարտական» այս «առաջամարտիկների» առաջնահերթ պահանջներից է նաև Պուտինի հրաժարականը և իշխանության հանձնումը ազգայնամոլական կազմակերպություններից մեկի` Դմիտրի Ռումյանցևի ղեկավարած Ազգային սոցիալիստական ձևավորելիք կառավարությանը հանձնելը: Իհարկե, նրանց պահանջներն այսքանով չեն սահմանափակվում: Իսկ ինչ վերաբերում է խնդրո առարկա ժապավենին` հայտնի չէ, թե երբ և որտեղ է այն տեսագրվել: Սակայն ոչ կառավարական կազմակերպություններից մեկի ղեկավար Ալեքսանդր Վերխովսկու հավաստիացմամբ` տեսանյութը իրական կադրեր է ներկայացնում: Երեք րոպեից մի փոքր ավելի տևողությամբ տեսահոլովակը սկսվում է գյուղական տեսարաններով և «ՌԱՍԿ` կողմից դաղստանցի և տաջիկստանցի երկու գաղութաբնակների ձերբակալման և մահապատժի գործողությունները» վերնագրով. որպես ամսաթիվ նշված է` 2007 թ.: Այնուհետև կադրում հայտնվում են վախվորած երկու թխամորթներ` անտառում նացիստական դրոշի տակ ծունկի իջած: Նրանցից մեկը կապկպված է էլեկտրահոսանքի լարով, մյուսը` պարանով, և երկուսն էլ խցանված բերաններով ռուսերեն բղավում են` «մեզ ձերբակալել են ռուս ազգայնական սոցիալիստները»: Հետո քողարկաներկված համազգեստով (կամուֆլյաժ) մեկը գոռում է. «Փառք Ռուսաստանին» և նետվելով զոհի վրա, մեծ դանակ հիշեցնող ինչ-որ գործիքով գլխատում է նրան: Եվ այդ ամենը` ինչ-որ երաժշտության ուղեկցությամբ: Այնուհետև երևում է գլխահակ ծնկի իջած երկրորդ զոհը: Ճայթում է հրազենի կրակոցը, և գլխից գնդակահարված գերյալը բերանքսիվայր ընկնում է գերեզմանափոսի մեջ: Տեսագրության վերջում սև դիմակներով երկու համազգեստավորներ ձեռքերը վեր բարձրացրած ողջույն են հղում: Ի դեպ, Դաղստանի ՆԳՆ ծառայության պետ Մարկ Տոլչինսկին ասում է, որ իրենց նախարարության մասնագետները հակված են այն կարծիքին, որ այս հոլովակը հենց բնօրինակն է: Իսկ Ալ. Վերխովսկին նման տեսանյութի գոյությունը համարում է ռուս ազգայնականների և ազգայնամոլների նոր տակտիկայի արտահայտություն և «Չեչնիայում կատարվածների զուգաչափ ռեակցիա»: