Ամենաանտանելի զբոսաշրջիկները


Շուրջ 40 հազար հյուրանոցների աշխատակիցների շրջանում սոցհարցումներ են անցկացվել` ճշտելու 27 երկրների զբոսաշրջիկների հակումները, բնավորությունը: Հարցաթերթիկում ընդգրկված չափանիշների թվում եղել են նաև մեծ ծախսերի հանդեպ հակումը, մաքրասիրությունը, «թեյավճար» թողնելու պատրաստակամությունը, ճիշտ պահվածքը և հագնվել կարողանալը: Այդ հարցումների արդյունքում ամենավերջին հորիզոնականում հայտնված ֆրանսիացի զբոսաշրջիկները բնութագրվել են որպես անքաղաքավարի, թափթփված, «թեյավճարների» հարցում ժլատ: Նրանք նաև մեծագույն դժվարությամբ են խոսում իրենց այցելած երկրների լեզվով: Վարկանիշային ցանկը գլխավորում են ճապոնացի զբոսաշրջիկները: Հյուրանոցների աշխատակիցներն ասել են, որ խաղաղ, մաքրասեր ու համեստ ճապոնացիների կողմից իրենք հազվադեպ են բողոքներ լսում: Բայց այ` կանադացիները պատրաստ են դժգոհել` երբ սպասարկման մեջ ինչ-որ բան իրենց դուր չի գալիս: Բրիտանացիները, թեև ճանաչված են որպես գարեջրասեր ու աղմկարար, զբոսաշրջության ընթացքում բնութագրվել են որպես խաղաղ և բարեկիրթ: Ճամփորդող ամերիկացիներն առանձնանում են լեզուներն արագ յուրացնելու ձգտմամբ և առատաձեռնությամբ, չնայած` աղմկարար են, թափթփված և հագնվում են անճաշակ: Ֆրանսիացիների հետ վարկանիշային ցուցակը եզրափակում են իսպանացիներն ու հույները: