ԼՂՀ-ն, ադրբեջանական նավթը և ժամանակը


Անցած շաբաթը նշանավորվեց ղարաբաղյան հակամարտության շուրջ միջազգային բանավեճի ակտիվացմամբ: Դա, թերևս, պայմանավորված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի` տարածաշրջան կատարած այցով: Անցյալ տարի Մինսկի խմբի համանախագահների ասելով` հակամարտության խաղաղ կարգավորման խնդրում հակամարտության կողմերի` Հայաստանի ու Ադրբեջանի տեսակետներն ու դիրքորոշումները շատ հարցերում մոտեցել են, անգամ չէին բացառում վերջնական համաձայնության կայացումը: Սակայն արդեն անցած շաաթ, մարտի 14-ին, Բեռնար Ֆասիեն Երևանում հայտարարեց, որ կողմերի դիրքորոշումները զգալիորեն կոշտացել են: Դրանից մեկ օր անց Ժնևում Օսկանյան-Մամեդյարով հանդիպումը ևս ոչ մի առաջընթաց չգրանցեց: Այս զարգացումների համատեքստում պակաս հետաքրքիր չէր ու ազգային-պետական շահեր հետապնդող թափանցիկ արտահայտություն էր Վրաստանի նախկին նախագահ էդուարդ Շևարդնաձեի հայտարարությունը, թե Ադրբեջանը մնում է Ադրբեջան որպես տարածաշր ջանի հզոր երկիր, որը կարող է հարկ եղած դեպքում հարցերը լուծել ուժային ճանապարհով: Շևարդնաձեին հակադարձեց Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, ասելով, որ ծերության հետ գալիս է նաև իմաստությունը, սակայն Շևարդնաձեի դեպքում ծերությունը միայնակ է այցելել: Հաջորդը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցն էր, որտեղ ԼՂ-ն նշվել էր որպես ՀՀ կողմից օկուպացված տարածք: Այս անգամ հակադարձելու հերթը ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանինն էր, որը պետքարտուղարության սույն ձևակերպումը համարեց անընդունելի. «Միջազգային ոչ մի փաստաթղթում ԼՂ-ն ՀՀ կողմից օկուպացված տարածք չի համարվել»,- ասաց Տ. Թորոսյանը: Այս զարգացումները, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լավատեսությունը, թե խնդրի լուծումը մոտ է, և անսպասելիորեն իրադարձությունների կտրուկ շրջադարձը, թերևս, վկայում է մի բանի մասին. այն է` ո°չ պաշտոնական Երևանը, ո°չ պաշտոնական Բաքուն իրականում հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող որևէ հարցում համաձայնության չեն եկել, երկուսն էլ փորձում են ժամանակ շահել` սպասելով հարմար պահի` իրենց նպատակին հասնելու համար: Կողմերի նպատակները հստակ են` Ադրբեջանը ձգտում է հետ բերել Ղարաբաղը, իսկ այն հայերի համար հայրենիքի ազատագրված մի մասն է, և պաշտոնական Երևանը այն Ադրբեջանին վերադարձնել երբևէ չի ցանկանա: Եվ այսօր հարցն այն է, թե ո՞ւմ օգտին է աշխատում ժամանակը: Ադրբեջանի կարծիքով` իր: Այդ մասին են վկայում վերջինիս չդադարող սպառնալիք-հավաստիացումները, թե նավթից ստացվող եկամուտների շնորհիվ իր բանակն այնքան կհզորանա, որ ի զորու կլինի հարցը լուծել ռազմական ճանապարհով: Առաջին հայացքից սրա մեջ կարծես ճշմարտության հատիկ կա: Սակայն այլ բան են հուշում Ադրբեջանի տնտեսության դինամիկայի, դրանում նավթի գործոնի մասին տնտեսագետների դիտարկումները: Նավթի արդյունահանման վերաբերյալ օտարերկրյա նավթային ընկերությունների հետ «Դարի համաձայնագիր» հավակնոտ անվանումը կրող համաձայնագիրը Ադրբեջանը կնքեց 1994 թ.: Համաձայնագիրը ստորագրվել է 30 տարի ժամկետով: Այդ ընթացքում հանքավայրերից պետք է արդյունահանվի 5,4 մլրդ բարել նավթ: Սակայն տնտեսագետների դիտարկումները այլ բան են հուշում. ստացվելիք եկամուտների բաժանման առումով համաձայնագիրը շահավետ չէ Ադրբեջանի համար: Հատկանշական է, որ հակառակ խոստացվող նավթային բարգավաճմանը, Ադրբեջանի բնակչության 40 %-ից ավելին աղքատ է: Համաշխարհային բանկի գնահատականներով, մինչև 2010 թ. ծայրահեղ աղքատության վերացման համար պահանջվում է ոչ նավթային ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունքի) տարեկան 14 % աճ, որն ավելի քան երկու անգամ բարձր է սպասվող ցուցանիշից: Ադրբեջանի տնտեսության համար նավթային այս գործարքում թաքնված վտանգն այն է, որ նավթի շնորհիվ ՀՆԱ-ի աճին զուգահեռ կմեծանա այդ ցուցանիշի և ՀԱԱ-ի (համախառն ազգային արդյունքի) միջև տարբերությունը: Չմոռանանք, որ, ըստ համաձայնագրի, նավթից ստացված շահույթի առյուծի բաժինը օտարերկրյա նավթային ընկերություններինն է: ՀՆԱ-ի և ՀԱԱ-ի տարբերությունը տարեցտարի մեծանում է: Այսպես, 2002 թ. այն կազմել է 300 մլն, 2003-ին` 400 մլն ԱՄՆ դոլար: ՀԲ-ի կանխատեսումների համաձայն` նավթային կապիտալի հայրենադարձումը 2000-2010 թթ. կգերազանցի 15 մլրդ ԱՄՆ դոլարը: Միջազգային փորձագետների գնահատականների համաձայն, նշված ժամանակամիջոցում Ադրբեջանի ՀՆԱ-ի աճի միջին տարեկան տեմպը կկազմի 13 %, իսկ եկամուտները կաճեն ավելի դանդաղ, տարեկան մոտ 5 %-ով: Ըստ տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի, Ադրբեջանի տնտեսության վտանգավոր հիվանդության մասին է, թերևս, խոսում այն իրողությունը, որ «Էներգառեսուրսներով հարուստ երկիրն ի վիճակի չէ ռեգիոնների տնտեսությանը և բնակչությանը ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարմամբ: Բաքվից և Ապշերոնի թերակղզուց դուրս գտնվող տարածքները էլեկտրաէներգիա ստանում են օրական մի քանի ժամով»: Բացի այդ, ադրբեջանական շուկան հեղեղված է Թուրքիայից, Ռուսաստանից և Իրանից ներմուծված սննդամթերքներով, ինչը վկայում է, որ երկրի գյուղատնտեսությունը և գյուղատնտեսական հումքը վերամշակող արդյունաբերությունը մրցունակ չեն: Այս ամենով հանդերձ, Ադրբեջանի պետական նավթային ընկերության նավթի սեփական պաշարներն արագ տեմպերով պակասում են: Դրանք` այդ պաշարները, ադրբեջանա կան գնահատումներով կազմում են մոտ 200 մլն տոննա: Ըստ որոշ գնահատականների, նավթի արդյունահանման համար անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով պետական նավթային ընկերության նավթի արտադրությունը կարող է նվազել մինչև տարեկան 0,5 մլն տոննա: Դա, իհարկե, աղետալի կլինի Ադրբեջանի պետական բյուջեի համար, քանի որ այն գերկախված է նավթային սեկտորից: Այս ամենից հետևում է, որ ռազմական ծախսերը կրկնապատկելու, այսինքն նավթի շնորհիվ բանակն արդիականացնելու միջոցով Հայաստանի նկատմամբ ռազմական գերազանցության հասնելով` ղարաբաղյան հիմնահարցը ռազմական ճանապարհով իր օգտին լուծելու մասին Ադրբեջանի հայտարարություն ները կարելի է դասել զուտ հոխորտանքների շարքում: Ստացվում է` այս առումով ժամանակը Ադրբեջանի օգտին չի աշխատում: Ինչպես նկատում է Իգոր Մուրադյանը, նավթը դարձել է ադրբեջանական ժողովրդի ազգային գաղափարը, և դա նրան կկործանի: 1998 թ. Հայաստանում կատարված իշխանափոխությունը ոմանք համարում են պալատական հեղաշրջում: Սակայն ակնհայտ է, որ ժողովուրդը մերժեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման` Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտպանական փուլային տարբերակը: Ըստ դրա, պետք է Ադրբեջանին տարածքներ տրվեին, լուծվեր փախստականների վերադարձի հարցը և հետո միայն երկար տարիներ քննարկվեր Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու հարցը, ինչը, հասկանալի է, որ չէր լինելու: Այժմ, երբ անցել է 8-9 տարի, միջազգային հանրությունն արդեն բարձրաձայն խոսում է բանակցային գործընթացում ԼՂՀ-ի մասնակցության մասին: Այդ մասին նշեց Բեռնար Ֆասիեն Երևանում: Իսկ այդ հանգամանքը, թերևս, ԼՂՀ-ն ճանաչելու ակնարկ է: Ստացվում է` ժամանակը աշխատել է հայերի օգտին: Հատկանշական է նաև այն, որ ընտրություններում ընդդիմությունը միշտ շահարկել է ղարաբաղյան խնդիրը: Սակայն այս անգամ կարծես նույնիսկ ակնարկ չկա այդ մասին: Ասել է, թե` ընդդիմությունն էլ այս հարցում, ընդհանուր առմամբ, համամիտ է իշխանությունների վարած քաղաքականությանը: Իհարկե, այնուամենայնիվ, ղարաբաղյան հակամարտության հարցը թեկուզև դե ֆակտո լուծված համարել չի կարելի: Կովկասը բարդ տարածաշրջան է: Իրականում այն որպես առանձին տարածաշրջան դիտարկելն էլ, թերևս, սխալ կլինի: Կովկասը Մերձավոր Արևելքի մի մասն է, և այստեղ աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկ է. Ռուսաստան-Իրան, ԱՄՆ-Իրան, Թուրքիա-Իրան, Ռուսաստան-Վրաստան-ԱՄՆ, Ռուսաստան-Ադրբեջան, Իրան-Իրաք... Ըստ էության, ստացվում է գորդյան հանգույց, որի յուրաքանչյուր գալարն իր ազդեցությունն ունի ղարաբաղյան խնդրի վրա: Եվ դժվար է գուշակել, թե այդ գորդյան հանգույցը դեռ ինչ անակնկալներ ու վտանգներ է թաքցնում: Սակայն մի բան գոնե պարզորոշ երևում է. ժամանակի ընթացքում միջազգային հանրությունը սկսեց հասկանալ, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում այլևս մնալ չի կարող: Որքան շատ ժամանակ անցնի, այնքան այդ համոզմունքը կամրապնդվի, իսկ ադրբեջանական նավթի գործոնն այս հարցում գնալով ավելի ու ավելի թուլանալու միտում ունի: Այդ է հուշում ժամանակը: