Որ թեթևանա հոգսը Հայոց աշխարհի կանանց...
Խորհրդարանական հայտարարությունների համար հերթագրվել էր ընդամենը 5 պատգամավոր: Զարմանալիորեն չէր փորձել բարձրաձայն օգտվել թանկարժեք հեռուստաե թերից դժգոհող ընդդիմությունը, հատկապես ամենայն հայոց ընդդիմադիր Արտաշես Գեղամյանը: Ի դեպ, ԱԺ ամբիոնից հայտարարություն անելու համար հերթագրվել էր նաև 4 տարիների ընթացքում խոսափողից երբևէ չօգտված պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կոճակը: Նրա հեռակա հերթագրումը ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը այսպես պարզաբանեց. «Հավանաբար նա որոշեց հայտարարություն չանել»: Պատգամավոր Հեղինե Բիշարյանի բոցաշունչ ելույթը ուղղված էր հայ կանանց (երևի կանանց միամսյակի առթիվ-Մ. Ծ): Պարզվեց, որ ՕԵԿ գրասենյակի տեղը գիտեն Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերի կանայք: Նրանք հոգածություն են պահանջել իրենց երեխաների և ընտանիքների համար: Պատգամավորը կոչ արեց բոլոր կանանց մասնակցել ընտրություններին և պաշտպանել իրենց իրավունքները: Չնայած նա բարձրաձայն չշարունակեց ասելիքը, սեփական կուսակցության օգտին քվեարկելու կոչ չարեց, փոխարենը հայտարարեց, որ կուսակցությունը մշակում է ռազմավարական ծրագիր կանանց հոգսը թեթևացնելու ուղղությամբ: Պատգամավոր Մհեր Շահգելդյանը իր հայտարարությունը սկսեց կոռուպցիայից, դոլար-դրամ հարաբերություններից և հասավ քաղաքացիների բնակարանային պայմաններին: Էլ ով է ասում, թե մի հրացանով միայն երկու նապաստակ կարելի է սպանել: Հնարավոր է նաև տասը: Հատկապես, երբ առջևում լուրջ փորձությունն է` ընտրությունները: