Բացվեց Իրան-Հայաստան գազատարը


Մարտի 19-ին Իրան-Հայաստան գազատարի բացման արարողությունից հետո երկու երկրների կառավարությունների միջեւ կնքվեց Արաքս գետի վրա հիդրոէլեկտրոկայաններ կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Այնուհետեւ տեղի ունեցավ երկու երկրների նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Մահմուդ Ահմեդինեժադի մամուլի ասուլիսը: Ռ.Քոչարյանը նշեց, որ գազամուղի բացումը պատմական իրադարձություն է եւ անկասկած նոր էջ է բացում հայ-իրանական հարաբերություններում: «Հայաստանը անկախութ յուն ձեռք բերելուց անմիջապես հետո մեծ դժվարությունների է հանդիպել` պատերազմ, շրջափակում, էներգետիկ ճգնաժամ: Այսօր այդ դժվարությունները մեր հիշողության մեջ ինչ-որ տեղ խամրում են, բայց անկասկած բոլորս հիշում ենք Իրանի ժողովրդի եւ իշխանությունների ցուցաբերած բարի կամքը եւ մեզ օժանդակելու պատրաստակամությունը: Եվ մեր հարաբերությունները ընթանում են կանոնակարգված, սիստեմատիկ կերպով, եւ մենք շնորհակալ ենք իրանական կողմին այդ վերաբերմունքի համար»,- ասաց ՀՀ նախագահը: Նա նշեց, որ ընդամենը 10 տարի առաջ երկու երկրների էներգետիկ համակարգերը իրար հետ կապված չէին, իսկ այսօր արդեն խոսվում է երրորդ բարձրավոլտ գծի շինարարության մասին: Իրանի նախագահը, գոհունակություն հայտնելով գազամուղի բացման կապակցությամբ, ասաց. «Ուրախ ենք, որ ունեցել ենք գազամուղի բացման հնարավորություն, հայ ժողովրդին մի նոր ծառայություն մատուցելու եւ մի մեծ քայլ կատարելու հայ-իրանական հարաբերությունների զարգացման փուլում: Երկկողմ հարաբերությունները վերջին 15 տարիներին միշտ վերընթաց զարգացում են ապրել եւ ապրում են: Երկու երկրների ժողովուրդները պատրաստ են էլ ավելի զարգացնելու եւ ընդարձակելու երկկողմ հարաբերութ յունները: Կարծում եմ` այդ նախագծերը, որոնք կյանքի են կոչվել, էլ ավելի են ամրապնդում երկու ժողովուրդների բարեկամությունն ու կապերը»: Ըստ Մ. Ահմեդինեժադի, իր կարճատեւ այցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, անդրադարձ է եղել նախորդ ծրագրերին, ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ նոր ոլորտների վերաբերյալ: «Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում որեւէ խոչընդոտ Իրանը չունի»,- նշեց նա: Գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, ՀՀ նախագահը նշեց, որ ակտիվ քաղաքական շփումներն են իրականացվում միջկառավարական հանձնաժողովների միջոցով: «Չափազանց կարեւոր է զգայուն դաշտ չձեւավորել մեր հարաբերություններում եւ փորձել տնտեսական այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք մեր տնտեսությունները իրար կկապեն շատ ավելի լուրջ ոչ միայն առեւտրային, այլեւ ենթակառուցվածքների ոլորտում: Սա բովանդակությունն է մեր հարաբերությունների, քաղաքական շփումների, տնտեսական ոլորտում կատարվող քայլերի եւ սա ենթադրում է լուրջ հեռանկարներ զարգացման առումով մեր երկկողմ հարաբերություններում»: «Ո՞ր նախագծերին առաջնայնություն կտաք» հարցին Իրանի նախագահը պատասխանեց, որ քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացումը էներգետիկայի, տնտեսական, ապրանքաշրջանառության, ջրային ռեսուրսների, կապի ոլորտներում, եւ շուտով համապատասխան փորձագիտական աշխատանքներ կկատարվեն այդ ոլորտներում: «Մենք երկու երկրների զարգացումը դիտում ենք ի շահ մեր երկրների ժողովուրդների, ի նպաստ տարածաշրջանի կայունության եւ անվտանգության»,- ասաց նա: