Մալիշկեցի՞ն ինչ պակաս ընտրող է


Վայոց ձորի Մալիշկա գյուղը հայտնի է ոչ այնքան իր մեծությամբ ու արևահամ խաղողով, որքան իր ծոցից ելած Աբրահամյան եղբայրների մասին հյուսվող լեգենդով: Որպես հայրենի գյուղի «մատից փուշ հանելու» փաստ նշենք` Արա Աբրահամյանի ջանքերով վերանորոգվել է թիվ 2 դպրոցը, «Պայծառ և Արշավիր Աբրահամյաններ» հիմնադրամով` գյուղի կողքով ձգվող գազամուղից ընդամենը 2-3 կմ երկարությամբ գիծ է բերվել գյուղ (այն էլ` «ի պատիվ» նախորդ ընտրությունների ): Հա, մոռացա, աղջկա պատվին կառուցված Սուրբ Աննա եկեղեցու բացման առթիվ մալիշկացիներին «հաց է տրվել»: ՀՀԿ-ին անդամակցած Գագիկ Աբրահամյանն իր բիզնեսն է ծավալում մայրաքաղաքում, ՕԵԿ-ական Սերգեյ Աբրահամյանն այս օրերին համագյուղացիներին բոթասներ և էժանագին պատվանդաններ է բաժանում, իսկ Արմեն Աբրահամյանը ԲՀԿ-ի շարքերում պատրաստվում է մասնակցել բարգավաճման մարաթոնին: Գյուղում քաղաքական արշալույսներն առայժմ խաղաղ են: Թեև արդեն հայտնի են ընտրարշավի մասնակիցները` ՀՀԿ-ից Վայոց ձորի մարզպետ Սամվել Սարգսյանը, ՕԵԿ-ից` Վիկտոր Մարտիրոսյանը, ԲՀԿ-ից` Սերգեյ Բագրատյանը, սակայն չի բացառվում նրանցից որևէ մեկի ինքնաբացարկը: Ի դեպ, երեքն էլ առաջադրվել են մեծամասնական ցուցակով: - Ընտրական քարոզարշավին դեռ ժամանակ կա, ի՞նչ իմաստ ունի ժամանակից շուտ ժողովրդին բաժան-բաժան անել,- ասում է գյուղապետի տեղակալ Հովիկ Մնացականյանը: Ապրիլի 8-ից գյուղացու մի ականջը` քարոզարշավի կոչերին, աչքը` նրանց ձեռքին, իսկ մյուս ձեռքը բահի կոթին կլինի: Սակայն մալիշկեցու համար էականը ոչ այնքան քաղաքական թոհուբոհն է, որքան ամբողջովին ցրտահարված խաղողի այգիները: Դարդը քիչ է, դեռ գյուղատնտեսի` երաշտի «աչքալուսանքն» էլ մի կողմից: Քարքարոտ, ժայռերով շրջապատված, տեղ-տեղ աղակալած, անջրդի տնամերձով մալիշկեցին ինչպե՞ս պիտի կերակրի ընտանիքը: Նրանք, ովքեր դրսում «աշխատող ձեռք» ունեն, կապրեն հարազատների ուղարկած փողերով. գլուխը քարը, թե պետությունը տարադրամը արժեզրկելով իրեն չի սնանկացնում: Իսկ մյուսնե՞րն ինչ անեն, երբ քաղցր ծիրանը, դեղձն ու խնձորն էլ կտրվեցին գլխներից: Միայն սոխ ու պոմիդոր աճեցնելով ընտանի՞ք կպահվի: Դեռ ձմեռնամուտին անասնակերի թանկության պատճառով շատերն իրենց անասունները վաճառեցին: - Աչքիս ընտրություն է գալի՞ս,- նեղսրտում է հողամասում աշխատող միայնակ մի կին,- տունը գլխիս փլվում է` քիչ է, բերքն էլ ցուրտը տարավ: Գյուղացու համակրանքը կարծես թե Հանրապետականի կողմն է. - Թե մի բան անեն, էլի նրանք կանեն, ջրագծի ու գազիֆիկացման հարցերը ՕԵԿ-ն ի՞նչ լուծող է: «Բարգավաճ Հայաստանի» մասին ձայն-ծպտուն չկա, ընդդիմությունն էլ «ինքն իր գլխին քար մաղեց, դրանք մարդամեջ դուրս գալու բան չեն»: Դժգոհությունը` դժգոհություն, բայց մալիշկացին, անկասկած, կմասնակցի ընտրության և իր արդար ձայնն անպատճառ կտա նախընտրած կուսակցությանը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ