«Պատգամավորը պետք է ներկայացնի միայն ժողովրդի շահերը»


1997 թ. «Գրանդ-տոբակոն» տվեց իր առաջին արտադրանքը: 1998-ից Ընկերությունն սկսեց գյուղատնտեսությունը զարգացնելու ծրագրեր իրականացնել ծխախոտագոր ծության համար բարենպաստ պայմաններ ունեցող Տավուշում: Հողագործին տրված 2 միլիոն դոլար վարկի արդյունքում` նախկին 100 տոննայի փոխարեն ստացվեց 2000 տոննա ծխախոտի հումք: Բայց քանի որ գյուղաբնակ տնտեսվարողը չուներ չորացման բավարար պայմաններ, հումքի որակի անկում արձանագրվեց` նվազեցնելով գյուղացու վաստակը: Ծխախոտագործությամբ շարունակեցին զբաղվել միայն այն տնտեսությունները, որոնք ունեին հումքի չորացման նորմալ պայմաններ: Ծխախոտագործությունը վերստին ամուր հիմքերի վրա դնելու համար Ընկերությունը նորերս մոտ 600 հազար դոլարի կանխավճար է կատարել` նոր տեխնոլոգիաներ հայթայթելու նպատակով: Այսուհետ ծխախոտի հումքի չորացման գործընթացը կատարելու է «Գրանդ-տոբակոն», ինչը կնպաստի հումքի որակի պահպանմանը, իսկ գյուղացին չի ունենա կորուստների անհարկի հոգսեր: Ի դեպ, Նոյեմբերյանում տեղադրվելու են չորացման 20 խցիկներ: Իջևանում արդեն առկա փորձնական 6 խցիկներին կհավելվի ևս 6-ը: Բերդի տարածաշրջանում ևս տեղադրվելու է 6 չորացման խցիկ: Արարատյան դաշտավայրում դրանք 6-ն են, և նախատեսվում է ավելացնել ևս 6-ը: Դոտացիոն` պետական լրավճարային ծրագրեր են նախատեսվում նաև խաղողագործությանը և պտղաբուծությանը զարկ տալու նպատակով: Միքայել Վարդանյանը վստահեցնում է. - Հայրենական արտադրության արդյունավետության երաշխիքը շուկան է: Այսօր այդ շուկայում տեղական արտադրանքը կազմում է ընդամենը 30 %: Մեր օրենքները կոչված են պաշտպանել տեղական արտադրողի շահերը, բայց ստացվում է, որ դրանք գործում են հօգուտ ներմուծվող արտադրանքի, ինչը փակուղային իրավիճակ է ստեղծում գյուղացու և տեղական արտադրողի համար: Փաստորեն, մենք կարողանում ենք մրցակցությանը դիմակայել միայն մեր արտադրանքի որակի շնորհիվ: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ պայքարից դուրս գանք հաղթանակած և թույլ չենք տալու, որ արտասահմանյան արտադրանքը վերջնականապես հեղեղի հայկական շուկան: Սա համարում եմ ցավոտ խնդիր, որը պետք է մտահոգի բոլորիս: Իսկ օրենքը շրջանցել ցանկացողները լծակներ են որոնում: Երբեմն դա զավեշտի է հասնում. ցուցադրում են օղու շիշ, որի տակ գրված է. «Ջուր»: Ահա թե որտեղից է սկսվում կոռուպցիան: - Դուք անդրադարձաք օրենքներին: Դատելով օրենսդիր մարմնում աշխատանքի որոշակի փորձից` Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն պետք է լինի խորհրդարանականի նկարագիրը: - Չեմ ուզում քննադատական խոսքեր ասել Ազգային ժողովի և որոշ պատգամավորների մասին: Բայց գաղտնիք չէ, որ շատերը ձգտում են հայտնվել Խորհրդարանում` սեփական շահը պաշտպանելու ցանկությամբ: Իրականում պատգամավորը ժողովրդի ընտրյալն է և պետք է ներկայացնի միայն ժողովրդի շահերը: Մեր կոլեկտիվն ունի 4600 անդամ և համագործակցում է հազարավոր գյուղացիական տնտեսությունների հետ: Բնականաբար, Ազգային ժողովում փորձելու եմ պաշտպանել նրանց շահերը: Կանադան համարվում է մարդու բարեկեցությունն ապահովող թիվ 1 երկիրը: Այնտեղ կուտակած աշխատանքային իմ փորձով ես օգտակար եմ լինելու օրենսդրական գործունեության մեջ: - Խորհրդարանական աշխատանքի 4 տարիները, թերևս, չէին կարող բավարար լինել` բոլոր ծրագրերի ավարտման համար: Անկատար ծրագրերն ավարտին հասցնելու ու նաև նոր ձեռնարկումները կենսակոչելու ուղղությամբ արդեն կանխատեսե՞լ եք Ձեր անելիքները: - Լինելով համամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավոր, իմ աշխատանքն ավելի շատ խմբակցության ներսում է եղել, և որոշումներն էլ եղել են ընդհանրաց ված: Հարցերը քննարկվում էին ԱԺ ՀՅԴ խմբակցությունում և ներկայացվում նրա կողմից: Այս խորհրդարանական ընտրություններում թիվ 40 ընտրատարածքում առաջադրվել եմ մեծամասնական ընտրակարգով: Բազմաթիվ ծրագրեր ունենք նոր աշխատատեղերի ստեղծման և ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ: Բնականաբար, այդ ծրագրերը մեկ օրում կամ մեկ ամսում չէին մտահղացվել: «Գրանդ-Հոլդինգը» Տավուշի մարզում աշխատում է 1997 թվականից: Եվ տասը տարիների ընթացքում են որոշակիացել թե° այդ ծրագրերը և թե° դրանք ի շահ ժողովրդի կենսակոչելու խնդիրներն ու ուղիները: Ճանաչելով Վարդանյաններին և խոսքը գործ դարձնելու նրանց վճռականությունը` անկարելի է չվստահել հայրենական արտադրությունում իր գործունեությամբ արդեն ճանաչված և օրինաստեղծ աշխատանքում հավատընծա վարկանիշ ունեցող Միքայել Վարդանյանի հաստատակամությանը: Իսկ նրան ճանաչողների գնահատանքը այսպիսին է. - Միքայել Վարդանյանն իր կեցվածքով և գործելաոճով վաղուց է փաստել, որ իր երկրի խնդիրներով մտահոգ քաղաքացի է: Զինված աչքեր պետք չեն նկատելու, որ այսօր Ազգային ժողովում հայտնվելու հայտ են ներկայացրել մարդիկ, ում նկարագիրը ոչ մի առնչություն չի կարող ունենալ քաղաքական գործչի կերպարի հետ: Մինչդեռ ցանկալի է, որ Խորհրդարան գային նրանք, ովքեր ժողովրդի շահը վեր են դասում նեղ-անձնական խնդիրներից և ունեն մաքուր կենսագրություն:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ