Իրերն իրենց անունով կոչելու երկուստեք անկեղծությամբ


Վերջին շրջանում, ինչպես խոստովանեց Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուլիխանյանը, լրագրողների հետ հանդիպում չի նախաձեռնել: Գուցե լրագրողների հավեսը չունի՞. հարցեր տան, փորփրեն, որ մարդ միամիտ մի բան ասի ու ընկնի մամուլի բերանը: Ունի՞, թե՞ չունի լրագրողների հավեսը` չի իմացվի: Բայց որ լրագրողների հետ հանդիպելիս Տիգրան Ուլիխանյանը կարող է շատ հետաքրքիր ձևով ինքնաբացահայտվել, կարելի է չկասկածել: Պարզվում է, որ առաջադիմականների երիտասարդ առաջնորդին Խորհրդարանը բնավ էլ չի ձգում. «Ի՞նչ պիտի տա ինձ Խորհրդարանը: Ոչ ավելի շատ փող, ոչ տանիք: Ես բիզնես չունեմ, հետևաբար և չունեմ տանիքի կարիք: Ես էսօր ավելին ունեմ, քան կարող եմ ունենալ` պատգամավոր դառնալով»: Սա կարելի է համարել մեր պատգամավորների և մանավանդ պատգամավորացուների` խելակորույս դեպի ԱԺ մղվելու յուրօրինակ գնահատականը: Երիտասարդ քաղաքական գործիչը արձանագրում է, և ոչ հանիրավի, այն իրողությունը, որ շատերը հենց այդ մտայնությամբ էլ ձգտում են պատգամավորական մանդատ ձեռք գցել` իրենց ունեցածը պահպանելու-պաշտպանելու և դրանից ավելի շատ ու լավն ունենալու համար: Մենք գնահատում ենք և դրվատում ՀԱԿ նախագահի պահվածքը: Մարդը, համենայնդեպս, չի թաքցնում իր մոտեցումներն ու մտածումները և անկեղծ անմիջականությամբ ներկայացնում է դրանք: Այժմ դրվատանքից անցնենք զարմանքի: Եվ ի՞նչ էր մնում մեզ, քան հարցնել նրան. «Իսկ ինչո՞ւ եք առաջադրվել»: Պատասխանը, խոստովանենք, որքան անսպասելի, նույնքան էլ մտորելի է. «Ընկել ենք, քաշում ենք»: Մի տեսեք, է՜, հարցից հարց ու հարցեր են ծագում, ո՞նց թե` ընկել ենք, քաշում ենք: Եղբայր, ո՞ւր ես ընկել, ինչո՞ւ ես ընկել, ո՞վ է քցել: Գուցե «քցողների» նոր տեսա՞կ է հայտնվել, որ մինչև հիմա չենք իմացել: Վերցնում ու հենց այդպես` մարդկանց քցում են: Ու, չգիտես ինչու, իրենք էլ ընկնում են: Չեն էլ իմանում` ո՞ւր են ընկնում: Գիտեն միայն, որ քաշում են: Ի՞նչը: Տվյալ դեպքում գուցե մեծամասնականով առաջադրվելու լուծը: Դժվար է հասկանալ: Ինչպես դժվար է հասկանալ նրա ինքնավստահությունը պատգամավոր ընտրվելու իր պահանջարկի նկատմամբ. «Կա պահանջարկ, և եթե իմ քվեները կրկնակի անգամ չգերազանցեն մյուսների (խոսքը նույն ընտրատարածքում առաջադրվածների մասին է) ստացած քվեն, ես պատրաստ եմ մանդատս վայր դնել»: Մեր անկեղծությունն էլ ահա այստեղ բռնեց. թող թույլ տրվի հարցնել` այդ ո՞ր օրվա ճանաչելիությունը, ո՞ր գաղափարների ու համոզմունքների հանրայնությունն է, որ ընտրողների համար ընտրելի և մանավանդ նախընտրելի պիտի դարձնի ՀԱԿ-ի առաջնորդի անձը: Մենք չդիմացանք երիտասարդ առաջնորդի ինքնավստահության արմատները պարզելու գայթակղությանը և խնդրեցինք բացատրել, թե որտեղից են դրանք գալիս: Եվ ահա թե ինչ ասաց նա. «Երևի կորցնելու բան չունեմ»: Այս մոտեցումը թերևս նույնպես կարելի է վերագրել Տ. Ուլիխանյանի անկեղծությանն ու անմիջականությանը: Շատ ավելի հետաքրքիր է նրա նշած մյուս պատճառը: Քաղաքական գործչին ինքնավստահ լինելու հիմք տալիս է իր ընտրատարածքում իր իսկ անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքը: Որքանո՞վ է լուրջ նման մոտեցումը, երբ ժողովուրդն այսօր հավատ չի ընծայում անգամ արհեստավարժ մասնագետների կողմից անցկացված հարցումների արդյունքներին: Բոլորը գիտեն` դրանք հիմնականում պատվիրված են: Էլ ո՞ւր կմնան պատգամավորի թեկնածուի հարցումները և ո՞վ պիտի հավատա դրանց արդյունքներին: Ախր, իսկն ասած, հեչ խելքի մոտ չէ: Իսկ Տիգրան Ուլիխանյանի դեպքում` որքան ինքնատիպ հարցման արդյունքը, նույնքան ինքնատիպ է մեկնաբանությունը: 100 հարցվողներից 5-ի համակրանքն իր կողմն է, 2-ը իր քվեն կտա որևէ մեկին, ասենք, օրինակ, ՕԵ-ի թեկնածուին, մնացած 93-ը ոչ ոքով և ոչնչով հետաքրքրված չեն: «Ես համոզված եմ, որ եթե այս 93-ի հետ աշխատեմ, նրանք կընդունեն իմ առաջարկներից որևէ մեկը»,- վստահ է ՀԱԿ նախագահը: Այստեղ, կարծում ենք, այլ դիտարկում հնարավոր չէ անել, քան այն, որ ՀԱԿ-ը ապագայի կուսակցություն է. նա իր ընտրազանգվածի հետ դեռ պիտի աշխատի, ինչը չի արել այս չորս տարիների ընթացքում: Տիգրան Ուլիխանյանը քաղաքական դաշտի երկու թևերից առանձնացնում է երկու հավատընծա կուսակցություն. «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, որպես միակ ընդդիմադիր քաղաքական ուժ և ՀՀԿ-ն. «Ես տեսնում եմ երկրի խաղաղ, կայուն և աստիճանական զարգացման ճանապարհով ընթանալու հնարավորություն այն պարագայում, եթե ՀՀԿ-ն գրավի համապատասխան տեղ կառավարման և° օրենսդիր, և° գործադիր մարմիններում»: Իսկ արդար ընտրությունների մասին կարելի է խոսել ընդհանուր առմամբ երկրի առաջընթացի համատեքստում: Բավարար, թե անբավարար, դա այլ խնդիր է: Ըստ Տ. Ուլիխան յանի, «Երկրի առաջընթացի մեջ մտնում է նաև ընտրություններում սպասվելիք առաջընթացը` որակական առումով և, սակայն, միանշանակ ոչ ընդդիմության ջանքերի շնորհիվ, այլ ղեկավարող թիմերից ոմանց քաղաքական կամ պարզապես բարի կամքի դրսևորմամբ, միջազգային հանրության էլ ավելի խիստ հայացքի ներքո»:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ