Աչքը տեսածից է վախենում
Վարորդ ծանոթիս աչքալուսանք տվեցի. Սեբաստիա-Լենինգրադյան փողոցներից տրամվայի գծերը հանվում են, փողոցները հատվածաբար նորոգվում են: Խեղճը շվարեց. «Վայ-վայ-վայ. դրանք որ քանդեցին, ամիսներով սարքողը չեն: Կոմիտասը քիչ էր, հիմա էլ էստեղ ներվ քայքայե՞նք»: Ո՞ր երկրում է, որ փողոցների բարեկարգման առթիվ քաղաքացու առաջին զգացողությունը բացասական է լինում: Կամ հարցն այս կերպ ձևակերպենք` նորմալ երկրներում նման բան լինո՞ւմ է: Վերջերս քաղաքական գործիչներից մեկը էս տեսակ մի բան ասաց. «Եթե որևէ նորմալ երկրում Կոմիտասի պողոտայի նման մի փողոց կես տարուց ավելի կիսաքանդ մնար, կարող ա՞ ժողովուրդը դուրս չգար, չփակեր փողոցն ու չպահանջեր արագ ավարտել»: Բա որ Սեբաստիան ու Լենինգրադյանն էլ էդ օրն ընկնե՞ն: «Հիմա էլ էստեղ ենք օրումեջ մեքենան կոտրելու»,- տագնապում է վարորդ ծանոթս: Գարունն այնքան աղբ է դուրս հանել Քաղաքը կեղտոտ է, ահագի°ն կեղտոտ է: Աղբն իր բոլոր տհաճություններով հանդերձ մեր կյանքում ներկա է ամենուր` բակերում, փողոցներում: Լավ է` դեռ օդը սառն է, և հոտը չի խեղդում: Եզնիկ Կողբացու փողոցում երեկ աղբարկղերը հրդեհվել էին: Աղբն այնպես էր ծածկել աղբարկղերը, որ մինչև հրդեհվելը դրանք չէին երևում: Երևի ինչ-որ մեկն անհույս էր համարել աղբի տեղափոխությունը և դրանից ազատվելու միջոց էր համարել այրելը: Տհաճ տպավորությունս փորձեցի ցրել քաղաքապետի տեղակալի խոստումով. «Ապրիլի վերջին մենք կունենանք շատ ավելի մաքուր քաղաք»: Որ կունենանք` կուրախանանք: Իսկ քաղաքի գլխավոր աղբավայրի համար արդեն կարող ենք ուրախանալ: Նուբարաշենում աղբն այրելու նպատակով հրդեհներ այլևս չեն լինի: Կենցաղային թափոններից կենսագազի օգտահանման և էներգիայի ստացման ծրագիրը մոտենում է ավարտին վերջապես: