«Քո թոռներն ենք մենք, Եղիշե Չարենց»
«...Մա°մ, դպրոցում ասացին, որ Չարենցը մեր պապիկն է: - Ճիշտ են ասել: - Ես էլ արտասանեցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն: - Ապրե°ս, շատ ապրես: - Հետո էլի բանաստեղծություններ կսովորեմ, չէ՞: - Հրաշալի շատ գործեր ունի Չարենցը, անպայման կսովորես, այդ ամենը նա ձեզ է ժառանգել...»: Փոքրիկ Վանանդը, մայրիկի ձեռքը բռնած, դպրոցից տուն էր վերադառնում: Հուզված էր, անասելի ոգևորված ու թշիկներն էլ` կարմրատակած: Առաջին դասարան, մեսրոպյան տառեր, այբբենարանի հանդես ու էլի մի մեծ միջոցառում: Ինքն էլ էր արտասանել ու բոլորի հետ մեկտեղ Չարենցի թոռնուհու` Հասմիկ Չարենցի գովեստի խոսքերին էլ արժանացել: «Հետաքրքիր է և անչափ ուրախալի` չարենցյան պոեզիայի ազդեցության տակ արևն էր գերիշխում աշակերտներիս նկարներում,- «Իմ Չարենցը» խորագրով դպրոցում բացված նկարների ցուցահանդեսի մասին է պատմում տնօրեն Թամարա Պետրոսյանն ու ոգևորված ավելացնում:- Դե, թո°ղ մթնում կորած խրճիթներ նկարեն: Եվ լավ է, որ չեն նկարում: Երեխաները բանաստեղծի տողերում լուսավորն են տեսնում, վաղվա պայծառ օրը»: Հանճարեղ բանաստեղծ-պապի սերն ու ջերմությունը թոռնուհուն է հասել, ավաղ, միայն բանաստեղծությունների միջոցով, և տիկին Հասմիկն այն շռայլորեն կիսում է երեխաների հետ: «Չէ՞ որ դուք բոլորդ եք նրա թոռնիկները և իմացեք, Չարենցը կապրի այնքան, որքան հայ մանուկի շուրթերին օրհներգի նման կհնչի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն»: Մայրաքաղաքի Գայի անվան N 129 դպրոցում բացված «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրով սրահը ձևավորված էր բանաստեղծի լուսանկարներով, մեր մեծերի` Չարենցի մասին խոսքերով: Մարտ ամսվա սկզբից չարենցյան տրամադրությունն է իշխում դպրոցում: «Մեր ուսուցչուհու` տիկին Ավետիքյանի հետ գնացել էինք Չարենցի տուն-թանգարան: Տեսանք Չարենցի ընտանիքի նկարները, պոետի ձեռագրերը, որոնք դժվարությամբ պահպանել է Ռեգինա Ղազարյանը...», - ոգևորված իրենց տպավորություններն են կիսում աշակերտները: Հենց այդ ազդեցության տակ են ստեղծագործել, նկարել ու թղթին հանձնել մտքերը: «Պարզվեց` մեր իմացած տեղեկությունները շատ քիչ են նրա ապրած մեծ ու բովանդակալից կյանքի համեմատ: Այդ օրը, կարծես, Չարենցի ներկայությունը զգացինք, նա դարձավ մեզ շատ հարազատ ու սիրելի»,- 6-րդցի Սիրանուշ Հակոբյանի երազանքն է, որ ժամանակները մի պահ ետ դառնան, տեսներ մեր բանաստեղծին, լսեր նրա իմաստուն խորհուրդները, իսկ պատմությունն առիթ ունենար ուղղելու իր սխալները: «...Այդ բոլոր մարդիկ ու մահվան բոթից, Որպես ընդհանուր աղետից սարսած` Զարմացած կգան ինձ այնքա¯ն մոտիկ, Եվ հանկարծ այնքան թանկ ու հարազատ»: Դպրոցի կամարների տակ այդ օրը հնչեց մեծ դերասան ու ռեժիսոր Խորեն Աբրահամյանի «Ես իմ անուշ Հայաստանի»-ի վերջին ընթերցման ձայնագրությունը: «...Ինչպես անհաս փառքի ճամփա` Ես իմ Մասիս սարն եմ սիրում...»: Մեկ մարդու նման, սրտի տրոփյունով ներկաները արտասանեցին հանճարեղ տողերն, ու սրահը թնդաց ծափահարություններից: «Սիրելի երեխաներ, ապրիլի 1-ը մեր մեծ դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան տարեդարձն է: Այդ օրը նրա շիրմին դրված յուրաքանչյուր ծաղիկ թող նաև հանճարեղ բանաստեղծի հիշատակին լինի»: Այս է վաստակավոր ուսուցիչ Բեատրիչե Ստեփանյանի սրտի ցանկությունը: «Թող որ հրաշք լինի, ու ժամանակի խախտում, թող մեր երկու մեծերն իրար մոտենան», -այս երազանքն էր մտքում պահել 9-րդցի Անի Բարխուդարյանը: «Մեր պարտքն էր հանճարեղ բանաստեղծի ծննդյան 110-ամյակը մեծ շուքով նշել դպրոցում: 70 երկար ու ձիգ տարիներ են մեզ բաժանում նրանից, բայց հանճարի կենդանի ոգին պահպանվում է մեր և մեր աշակերտների, ինչպես նաև յուրաքանչյուր հայի սրտում», - իր խոսքն այսպես է ավարտում տնօրեն Թամարա Պետրոսյանն ու շնորհակալություն հայտնում ներկաներին, հյուրերին, աշակերտներին և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Մարիետա Ավետիքյանին, ում ջանքերով ու համբերատար աշխատանքի արդյունքով կազմակերպվեց մեծ բանաստեղծի ծննդյան 110-ամյակին նվիրված միամսյակը: «...Քո բանաստեղծության մեջ դու ասել ես. «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում», որ անհնար է ասել անգլերենով և, եթե արդար լինենք, առհասարակ որևէ լեզվով, բայց դու ասել ես...»: Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ «Թող բոլոր մարդիկ հայերեն սովորեն, որ Չարենցի բանաստեղծությունները հայերեն կարդան ու Չարենցին հասկանան»: ՎԱՆԱՆԴ N 129 դպրոց, I դասարան Տոն էր կրթօջախում և այն կրկնապատկվեց, երբ պատմության թանգարանից զանգահարեցին և Հայկ Բժշկյանցի անվան դպրոցի տնօրենին տեղեկացրին, որ թանգարանում բացվել է Գային նվիրված սրահ, ու ցուցադրության դրված սուրբ մասունքների մեջ է նաև մեծ զորավարի թուրը: Բաղձալի երազանք տիկին Պետրոսյանի համար, մի մարդու, ով իր ողջ կյանքն է նվիրաբերել` արժանվույնս պահպանելու, իր աշակերտներին փոխանցելու մեծ Գայի անունն ու սխրագործությունները: Լիլիթ ՄԽԻԹԱՐՅԱՆ