ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ` ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ


Անցյալ շաբաթ տեղի ունեցած երկու ազդեցիկ կուսակցությունների` ԲՀԿ և ՀԺԿ համագումարները թեպետ անհամբերությամբ էին սպասվում, սակայն որևէ անակնկալ կամ նորություններ չմատուցեցին: Ընդամենը մեկ ավելորդ անգամ վերահաստատեցին վաղուց արդեն կանխատեսելի ու արձանագրված իրողությունները: Որոշ իմաստով «փոքր» անակնկալ կարելի է համարել այն, որ ԲՀԿ համագումարին ներկա էին նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ: Դե, իսկ իշխանականները «ներկայացված» էին առաջին դեմքերի մակարդակով: ԲՀԿ խորհրդի կազմին դժվար է որևէ գնահատական տալ, քանզի մշակութային ու մարզական աշխարհի հայտնի մարդկանց կողքին գոնե պետք է լինեին քաղաքական գործունեության երկար ճանապարհ անցած, փորձառու գործիչների պատկառելի «բանակ», այնինչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները կարծես անտեսվել էին «համեստորեն»: Ինչևէ, այդ հանգամանքը բոլորովին չի նվազեցնում ոչ ԲՀԿ հավակնությունները, որոնք առավել ընդգծվեցին համագումարում, ոչ էլ շանսերը` քվեների քանակով ԱԺ ընտրություններում առնվազն երկրորդ տեղը զբաղեցնելու համար: Ինչ վերաբերում է ՀԺԿ համագումարին, ապա արդեն հնացած, այսինքն բոլորին հայտնի «նորությունն» այն էր, որ սույն կուսակցության լիդերները, մեղմ ասած, դժգոհ են «Արդարություն» դաշինքի իրենց գործընկերներից և ակնհայտորեն ափսոսում են, որ անցած ընտրություններում, «իրենց ուսերին» խորհրդարան են տարել մոտ մեկ տասնյակ կուսակցությունների: Ստեփան Դեմիրճյանի ելույթի ենթատեքստում, ինչպես ընդունված է ասել, «տողատակերում» կարդացվում էր հետևյալ միտքը. «փոխանակ շնորհակալ լինեն, որ ՀԺԿ-ի միջոցով «թափանցել» են խորհրդարան, դեռ մի բան էլ դժգոհում են, քննադատում, դատավորի կեցվածք ընդունում»: Մի խոսքով, ՀԺԿ ղեկավարը ակնհայտ ակնարկում էր, որ «Արդարություն» դաշինքում տեղ գտած քաղաքական ուժերի մեծամասնությունը «ուտող-ուրացողներ» են: Բնականաբար, ՀԺԿ-ն չի պատրաստվում կրկնել անցյալի սխալները և ընտրություններին մասնակցելու է միայնակ: Այնինչ ճիշտ կլիներ ոչ թե հրաժարվել ընդհանրապես դաշինքի գաղափարից, այլ դեկորատիվ «միավորումից» և համախմբվել «ոչ թե ընդդեմ, այլ հանուն» սկզբունքով: Սա վերաբերում է ոչ միայն ՀԺԿ-ին, այլև ամբողջ ընդդիմությանը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ