ԳԱՎԱՌՑԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ՉԷ


Մայրաքաղաքի հախուռն կյանքն իր շրջապտույտի մեջ է առել առաջիկա ընտրություններին մեծ գդալները շերեփներով փոխարինելու պատրաստ քաղաքական գործիչներին և ճանապարհվել դեպի մարզերն ու գյուղերը: Որոշ կուսակցություններ դեռ ամիսներ առաջ են սկսել իրենց սերն ու նվիրվածությունը ապացուցել ժողովրդին. դարձյալ հիշել են, որ դեպի ԱԺ տանող աստիճանի առաջին և հիմնավոր ոտնատեղի շաղախը պետք է մարզից ու գյուղից բերվի: Բարեգործությամբ աչք մտնող կուսակցություններն արդեն սպառված պարենի փոխարեն անձին արված խոստումներով փորձում են ժողովրդի հոգում վառ պահել ապագայի հանդեպ հույսի կրակը, մոտավորապես այն, ինչ 70 տարի իրագործում էր կոմկուսը: Ժողովուրդն արդեն կուշտ է կուսակցությունների խոստացած զուտ «ցամաք հացից»: Ինչպես ամենուր, Գավառում նույնպես չկան ակնկալվող հավատն ու վստահությունը: «Էլի գարուն էկավ, էլի հիշեցին մեզ: Մեկը չի հարցնում, ա°յ գավառցի, ձմեռը ո՞նց անցկացրիր, էրեխեքդ ու անասունդ ուտելու բան ունեի՞ն»,- նեղսրտեց առաջին իսկ պատահած գավառցին: Ի դեպ, գավառցին արդեն քաղաքական գործիչներին լավ էլ ճանաչում է թե° դեմքով, թե° խոստումներից, ու հենց մեկն էլ բերանը բացում է, թե չէ, գիտեն, թե ինչ է ուզածը: Կուսակցությունները զուրկ են գործնական, հստակ ծրագրից, թեև Գավառում վաղուց հիմնավորվել են իրենց գրասենյակներով, միևնույն է, գավառցիներից քչերին է հետաքրքրում նրանց քարոզարշավը: Այնուհանդերձ, գավառցին էլ անտեղյակ չէ քաղաքական անցուդարձից. բա արևկողի տվածների հետ բանավեճի ժամանակ չիմանա՞ն, որ ինքն էլ կարծիք ունի: Ի տարբերություն այլ վայրերի, այստեղ երիտասարդությունը հակված է հավատալ «Նոր ժամանակների» խոստումներին, ոմանք էլ դեռևս հույսեր են կապում «Օրինաց երկրի» հետ: Ավանդների վերադարձման համար միայն Արթուր Բաղդասարյանն է պայքարում,- ասում է 15 հազար դրամով 6 շունչ կերակրող 70-ամյա մի թոշակառու,-: Մի երկու ամիս առաջ եկել էր ու խորհուրդ էր տալիս պայքարել մեր ապագայի համար: Բայց ո՞ր մեկի դեմ պայքարեմ: Մի ծաղկով գարո՞ւն կգա: Էս կուսակցությունները Գավառ են եկել աթոռի համար, ոսկե սարեր են խոստանում, ու ոտքը քաշում են թե չէ, մոռանում են խոստումները»: -Բա ինչո՞ւ ինքը չէր պայքարում, երբ իշխանավոր էր,- ավելացնում է մեկ ուրիշը (ի դեպ` զրուցակիցներս խուսափում էին ներկայանալ): Ինչպես Հայաստանի շատ մարզերում և գյուղերում, գավառցու հոգսն էլ նույնն է` - ...թոշակները մի երկու կոպեկով ավելացնում են, կարծում են գործ արեցին: Դրանով հազիվ կոմունալ վարձերն ենք մուծում, ու, դեռ աչքներս չթարթած, հաջորդ ամիսն է գալիս: Էսքանից հետո ո՞ր մի տանջվող, քար ու քռի հետ կռիվ տվողը կհավատա նրանց: Գավառցին տեղյակ է շրջաններում բաժանված օգնության մասին, սակայն նրանք անմասն են դրանից, և, բացի այդ, իրենց թույլ չեն տա «վաճառվել», քանի որ տվածը մի շաբաթվա բան պիտի լինի: Մինչ ընտրությունները կուսակցությունները քարոզարշավի ընթացքում կհասցնեն ընտրողներին ծանոթացնել իրենց «թարմացրած» ծրագրերին: Իսկ թե ինչպես կարձագանքի ժողովուրդը` ցույց կտա վերջինիս հավատը վերականգնելու հոգսով մտահոգված կուսակցությունների առավել գործնական քայլերը, որպեսզի «մեկից մի օգուտ չտեսած գավառցին համոզվի, որ գոնե մեկ անգամ խոսքով և գործով բարձած կշեռքի երկու թաթերը կհավասարվեն:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ