ԿԱՐԳԱԽՈՍՆ` ԱՆՓՈՓՈԽ
Հայաստանի Ժողովրդավարական ազատական միության վերջին համագումարը վերստին փաստեց, որ կուսակցությունը անմասն չի մնալու առաջիկա ընտրապայքարից: Խորհրդարանական նախընտրական այս փուլում, ինչպես հավաստիացնում է ՀԺԱՄ նախագահ Սեյրան ԱՎԱԳՅԱՆԸ և ինչպես դա ընդգծվեց նաև համաժողովում, կուսակցությունը դեմ է մերկապարանոց հայտարարություներին: Առավել ևս` ընտրական հնարավոր կեղծիքների դեմ ենթադրական աղմկարարությանը: - ՀԺԱՄ վերջին համագումարը ինչ-ինչ ճշգրտումներ մտցրե՞ց Ձեր նախնական մտահղացումներում: - Համագումարը մի կողմից հերթական համագումար էր` կուսակցության ներքին խնդիրներին վերաբերող հարցերով: Մյուս կողմից այն համընկավ նախընտրական փուլի հետ և, բնականաբար, անդրադարձ կատարեց ապագայի խնդիրներին: Վարչությունը համագումարին բանաձև էր ներկայացրել` ընտրություններին միայնակ մասնակցելու պատրաստակամության մասին: Նաև կարևորել էր Հայաստանում գաղափարակից ուժերի համախմբումը, որովհետև ուժերի փոշիացումը ի նպաստ չէ մեր երկրի, մեր ժողովրդի շահերին: Համագումարը, քննարկելով վարչության ներկայացրած բանաձևը, առաջարկեց, օրակարգում պահելով ընտրություններին միայնակ գնալու պատրաստակամությունը, ակտիվորեն մասնակցել քաղաքական դաշտում գործընկերներ գտնելու բանակցություններին: ՀԺԱՄ-ը կարևորում է ոչ միայն առաջիկա խորհրդարանական ընտրություններում միասնական հանդես գալու խնդիրը, այլ նաև հետագայում` նախագահական, ՏԻՄ ընտրություններում, ինչպես նաև ետընտրական գործընթացներում համագործակցելու հարցը: - «Ձևավորենք միջին խավ» կարգախոսով ՀԺԱՄ-ը մասնակցեց նախորդ ընտրություններին, որը նրան հաջողություն չբերեց: Դուք չփոխեցիք կարգախոսը և այսօր էլ ընտրություններին մասնակցում եք նույն կարգախոսով: Ի՞նչ հույսեր ունեք: - 2003 թ.-ի ընտրություններին մենք մասնակցեցինք կուսակցության նոր անունով, այստեղ խնդիրը կարգախոսին չի վերաբերում: Անվան փոփոխությունը դժվարություններ է առաջ բերում ցանկացած ուժի համար և մեզ էլ չշրջանցեց: Բայց, դրանով հանդերձ, մենք հավաքեցինք 4,7 % ձայն: Միայն 0,3 տոկոս չբավարարեց մեզ` խորհրդարանական կուսակցություն դառնալու համար: Ես դա բացատրում եմ մեր կարգախոսի կենսունակությամբ: - Ձեր գաղափարի հաղթանակը ի՞նչ նոր երանգ կավելացնի մեր քաղաքական ներկապնակին: - Միջին խավի ձևավորմամբ, ի տարբերություն համայնավարական ժամանակահատվածի, մենք կունենանք ազատական տնտեսություն: Մեծ, խոշոր ձեռնարկությունների փոխարեն, որտեղ հիմնականում շեշտադրվում է վարձու աշխատանքը, կունենանք կապիտալի ապակենտրոնացում, հազարավոր նոր աշխատատեղեր, ինչը կհանգեցնի ազատական գաղափարների հաստատման: -Տնտեսվարող սուբյեկտները ընդլայնում են իրենց գործունեության շրջանակը, մեծացնում կապիտալը: Ինչքանո՞վ է իրատեսական մի ծրագրի իրագործումը, որը պետք է բախվի մեծ բիզնեսի հետ: - Ամենակարևոր, ամենամեծ խոչընդոտը այս հարցում ես համարում եմ քաղաքական գործոնը: Չունենալով պետություն, մեր ժողովուրդը պատմականորեն դուրս է մնացել աշխարհի քաղաքական զարգացումներից, քաղաքական կադրերի ձևավորման, կոփման գործից: Մենք չունենք այս շերտը: Փոքր ու միջին բիզնեսի զարգացում կձևավորի այս շերտը, որն էլ կպաշտպանի իր շահերը քաղաքական հզոր կառույցի տեսքով: - Ձեր կարգախոսով քաղաքական դաշտում գործում է նաև ԺԱԿ-ը: Համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք նրա հետ և, ընդհանրապես, ո՞ւմ եք տեսնում ձեզ ուղեկից: - ԺԱԿ-ը ստեղծեցին մեր կուսակցությունից հեռացած մի քանի գործիչներ` իրենց շուրջը մի քանի մարդկանց համախմբելով: Այսինքն, գաղափարը և միտքը այստեղից են տարված, և ես չեմ տեսել, որ նոր քաղաքական ձևակերպում ստեղծված լինի: Մեր տարաձայնությունը նրանց հետ ոչ թե գաղափարական հիմքեր ուներ, այլ քաղաքական մշակույթի` ես կասեի: Եվ, եթե մարդիկ կկարողանան հաղթահարել իրենց փոքրոգիությունը, և եթե նրանց կհաջողվի հեռուն տեսնել, համագործակցության համար արհեստական խոչընդոտներ չեն կարող լինել: Ես քաղաքականության մեջ անձնականով չեմ առաջնորդվում: - Շատ է խոսվում ընտրությունների արդյունքների կեղծման մասին: Ընտրությունների ընթացքի վերահսկման նպատակով միանալո՞ւ եք կուսակցական կամ քաղաքացիական որևէ նախաձեռնության: - Ես բացասաբար եմ վերաբերվում և լուրջ չեմ համարում այդ խոսակցությունները: Դրանցով մենք հիասթափեցնում ենք մեր ժողովրդին: Առանց լրացուցիչ թմբկահարումների էլ այդպիսի երևույթ կա: Հարց է առաջանում. ո՞վ է շահելու դրանից: Ուղղակի պետք է ուժեղացվեն կուսակցական կառույցները, որպեսզի կանխվեն կեղծիքները: Աշխարհի նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում կան այս երկու ուժերը` կեղծիքներով առաջ գնալու պատրաստ մարդիկ և նրանց վերահսկողներ: Բոլոր կառույցների նման մենք էլ պետք է մեր կառույցների միջոցով կանգնենք խախտումների դեմ, փորձենք կանխել դրանք: