Մեր շնչած օդը և հայտնի անեկդոտը
Հույժ տագնապալի մի տվյալ. «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի» տվյալներով Երևանում կանաչապատման աստիճանը 1986 թ. շուրջ 32 տոկոսից 2005-ին նվազել է մինչև 7 տոկոս: Իսկ առողջապահության և բնապահպանության մասնագետները, ըստ Արմենիա-Նաու թերթի հրապարակման, պնդում են, որ Հայաստանում շնչառական հիվանդությունների աճը պայմանավորված է բնության` օդը մաքրելու ունակության նվազմամբ, ինչը մարզերում անտառահատումների, քաղաքներում կանաչ տարածքների ոչնչացման հետևանք է: Այս փոքրիկ նախաբանը, թվում է, կապ չունի մեր բուն ասելիքի հետ, որը վերաբերում է ՀՀ կառավարության կողմից հաստատված նոր կարգին: Մեր շնչած օդի ապականության աստիճանը նաև ավտոտրանսպորտային միջոցների հուժկու արտանետումների անսարքության հետևանք է: Երևանում, օրինակ, սովորական է տրանսպորտի արձակած ծխից մշուշված օդը, երբ աչք աչքի չի տեսնում: Այդ ծխի վերջին «հանգրվանը» մեր թոքերն են: Իսկ թթվածնի վերարտադրողը` կանաչ զանգվածը, ահա չկա: Հատում ենք ու ոչնչացնում, առանց տեղը նորն աճեցնելու: Կանաչը պակասում է, արտանետումներն ավելանում են: Երևանի փողոցներում ասֆալտն արդեն բաց չի մնում` մեքենաների անընդմեջ հոսքից: Տարիներ շարունակ ավտոմեքենաների տեխզննումը ձևական բնույթ է ունեցել: CO2 գազի արտանետման պատճառ հանդիսացող անսարքությունների առջև աչք է փակվել: Աչքը փակվել է, ափը` բացվել: Ավտոմեքենայի փոխարեն «տեխզննման էր ներկայանում» մեքենայի տերը, համապատասխան փաստաթղթում դրվում էր համապատասխան կնիքը, և գնում վարելու գուցեև բազմաթիվ անսարքություններ ունեցող իր ավտոմեքենան: Այսպիսի դրվածքին նպաստում էր նաև ըմբռնումի կատեգորիան: Պետք էր ըմբռնումով մոտենալ մարդու սոցիալական վիճակին, երբ այս կամ այն անսարքությունը վերացնելու ֆինանսական հնարավորություն մարդը պարզապես չուներ: Ահա և եկել է այս շեմը հատելու ժամանակը: Արգելակային ղեկի, լուսային և այլ համակարգերի հետ կստուգվի նաև ավտոտրանսպորտային միջոցների CO2-ի արտանետման աստիճանը: Եվ ամեն վարորդ տեղյակ կլինի, թե որքան է իր մեղքի բաժինը իր բնակավայրը «թոնրատուն» դարձնելու մեջ: Իսկ եթե տեղյակ լինելով հանդերձ շարունակի ականջի հետև գցել ու չկատարել 20 օրում վերանորոգելու տեխզննման կայանի հանձնարարականը, պատասխանատվության ի՞նչ կարգ կգործի այս դեպքում: Այս հարցի պատասխանն առայժմ անորոշ է: Անորոշության տարր ունի նաև հետևյալ հարցը. ինչո՞վ է շահեկան պետության համար տեխզննման ծառայությունների դիմաց վճարները մի գրպանից մյուս գրպանը տեղափոխելը: Ճիշտ է, մասնավորի գործունեությամբ այդ վճարների փոխարեն բյուջե կմտնեն հարկերը, սակայն, արդյո՞ք, դրանք ավելի քիչ չեն կազմելու, քան ուղղակի վճարները: Այս ծառայությունը մասնավորին փոխանցելու հիմնավորում, այնուամենայնիվ, կա: Դա տեղավորվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Պասիվ լինել ճշմարտությունը չասելու չա՞փ Վերջին տարիներին մարդկային փոխհարաբերությունում տեղ գտած մի նորմ, որ ժարգոնային լեզվում «քցոցի» անունն ունի, թափանցել է նաև լրագրության ասպարեզ: Որպեսզի բնորոշման մեջ ծայրահեղ չհամարվենք, ահավասիկ` նախապատմությունը: Մեր ժամանակներում ոչ մեկի համար տարակուսելի չէ, որ ինչպես բոլոր կազմակեր պությունները, լրատվամիջոցները ևս կարող են ֆինանսական դժվարություններ ունենալ: Թերևս կարելի էր խնդիրն այս տեսանկյունից դիտարկել նաև «Փակագիծ» թերթի պարագայում, եթե լրագրողներին չվճարելու մասին խոսակցությունները թերթի գոյությունից ի վեր ժամանակ առ ժամանակ ավելի չհաճախանային և ի վերջո բանը չհասներ դրանց հրապարակավ հնչեցնելուն: Բողոքող լրագրողները «Փաստարկ» ակումբ էին եկել` հայտարարելու «Փակագիծ» թերթի խմբագիր Գայանե Մանուկյան-Ագապի Հայկազունու կողմից իրենց իրավունքների ոտնահարման մասին: Ըստ նրանց հայտարարության, շուրջ 50 աշխատակից չեն վճարվել կատարած աշխատանքի դիմաց և դեռ «քանի՜սն են ձեռք քաշել իրենց հասանելիք գումարներից»: Նկարագրելով իրենց իրավունքների ոտնահարման մասին բարձրաձայնողներից ազատվելու` խմբագրի հնարքներն ու ինտրիգային պատմությունները` բողոքողները նաև կարծում են, որ «սա այն դեպքը չէ, երբ որևէ թերթի խմբագիր պետք է ջուր լցնի նրա ջրաղացին»: Ահա այստեղ է, որ որոշ իրողություններ խաչվում են, և դրանց մասին օբյեկտիվորեն խոսելը կողմերից որևէ մեկի ջրաղացին ջուր լցնել չպիտի նշանակի: Գործընկերոջ մասին գրելն առանձնապես մեր սրտով չէ. որոշ չափանիշներ գոնե առերևույթ հակասում են լրագրողական էթիկային: Սակայն չէ՞ որ խոսքը նաև մյուս գործընկերների մասին է: Այսինքն` կա խաբող ղեկավար-լրագրողը և խաբված լրագրողները: Եթե առաջին դեպքում միակ վերաբերմունքը մերժումն է, ապա երկրորդ դեպքում վերաբերմունք դրսևորելու առումով մի շարք վերապահումներ կան: Ինչպե՞ս է, որ լրագրողները, ովքեր կարող են կռիվ տալ այլոց շահերի համար, հայտնվել են նման անպաշտպան վիճակում: «100-ամյա թերթն անգամ չէր կարող ունենալ կադրերի այսպիսի հոսք, ինչպիսին ունեցել է «Փակագիծը» իր 3-ամյա գործունեության ընթացքում». կարդում ենք բողոքողների հայտարարության տեքստում: Այս իրողությանը ծանոթ լրագրողը ինչո՞ւ է շարունակել համագործակցությունը, ինչո՞ւ է ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ հանդուրժել, որ իրեն շահագործեն: Հասկանալի է, լրագրողն աշխատանք է փնտրում, և այդ ճանապարհին նա կարող է նաև խաբվել: Ամեն մի նոր եկող կարող է մտածել, որ ինքը նախորդից ավելի արժանավոր է, նրան կարող են «գցել», իսկ, այ, իր հետ դա չպետք է պատահի: Հավատն, իհարկե, լավ բան է, բայց ոչ անմիտ-անհիմն հավատը, երբ օրինակը աչքիդ առաջ է: Մինչդեռ, ինչպես նկատեց բողոքողներից մեկը. «Մենք նպաստել ենք, որ ինքը կայանա»: Ներողություն` սեփական արժանապատվության հաշվին, իրենց իրավունք ները ուրիշի ոտքի տակ դնելով: Տխուր է, դաժան է, բայց փաստ է: Եվ թերթը «կայացնողներին» այսօր մնում է ցավել, որ լրագրողները, լրագրողական համքարությունը հանդուր ժում է իր անդամների նկատմամբ թույլ տրված անիրավությունը: Թեև սա, իրոք, ցավելու բան է: Եվ սա մամուլի զանազան ակումբների ու միությունների բացախոսությունը զարգացնելու մասին մտածելու լավ առիթ է: Ոչ թե արդար ու մեղավոր որոշելու, այլ լրագրողի (խաբողի էլ, խաբվողի էլ) պատիվը պահելու ու պաշտպանելու համար: Չպետք է ճշմարտությունը չասելու չափ պասիվ լինել: Բազմաթիվ ճշմարտությունների ու հարցադրումների համատեքստում շատ կարևոր է այս մեկը. ինչո՞ւ լրագրողները չեն փորձում իրենց անիրավված իրավունքները պաշտպանել իրավական դաշտում և այն բարոյական հարթությունում են տեսնում: Գուցե այն պատճառով նաև, որ մենք ամաչում ենք լրագրողի պատիվը արատավորելուց: Դա ոչ միայն «մունդիրի» պատիվը, այլև չորրորդ իշխանության անզորությունն է ցուցանում: Այնուամենայնիվ, ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն զբաղվում լրագրողների վկայակոչած փաստերով, ինչո՞ւ օրենքը չի գործում: Ի պատասխան դատախազությանն ուղղված դիմումի, լրագրողներին գրությամբ ընդամենը ծանուցվել է դատարան դիմելու իրենց իրավունքի մասին, և ինչպես նշեցին լրագրողները, այլևս չեն հավատում, որ կարող են հասնել իրենց իրավունքների վերականգնմանը: Իսկ այս մասին հրապարակավ բարձրաձայնելու նպատակը ահազանգ հնչեցնելն է, որպեսզի իրենց հետ տեղի ունեցածն այլոց համար դաս լինի, և ուրիշներն էլ չհայտնվեն խաբվածի կարգավիճակում: Որպեսզի լրագրողին սպանելու մեջ չարմատավորվի սպանության այս տեսակը (գուցե մի քիլլեր էլ սա՞ է սպանություն համարում): Իսկ մինչ խաբվածներն ուսուցողական դաս կտան մյուսներին, փորձ է արվում երևույթին քաղաքական աստառ տալ: Հիմա դա ամենահնչեղն է` որպես ընդդիմադիր թերթ հալածյալի կերպար ընդունելու և ձեռքի հետ գովազդ անելու համար: Տվյալ դեպքում շահարկումներն առ Հանրապետական կուսակցությունն են, որի հասցեին թերթը լուտանքներ տեղալու մեջ անհասկանալի եռանդ է ցուցաբերում: Խոսքը առողջ քննադատության մասին չէ, քավ լիցի, դրան ծարավ ենք բոլորս: Նման շահարկման գայթակղությանը «Փակագծի» աշխատակիցը չդիմացավ նաև «Փաստարկ» ակումբում: Գուցե հովանավորները նաև իրենց հովանավորյալի մասին մտածեն, գուցե ավելի քան պահանջատեր են, և թերթը ստիպված է գնալ էթիկայի խախտմանն ու լուտանքների մեջ ծավալվելուն: