ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի` Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջեյմս ՄաքԴուգալին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրեը: Շնորհակալություն հայտնելով պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար` պաշտպանության նախարարը փաստեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները, հատկապես վերջին երեք-չորս տարիներին, էապես խորացել են, և համոզմունք հայտնեց, որ այդ գործընթացը շարունակական կլինի: Ջեյմս ՄաքԴուգալն իր խորին երախտագիտությունը հայտնեց նախարարին և նախարարության ամբողջ անձնակազմին` պաշտպանության ոլորտում արդյունավետ և բարձր մակարդակի համագործակցության համար: Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը` Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու միջոցները դեռևս սպառված չեն: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները, անդրադարձան տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: ՄաքԴուգալը դրական կարծիք հայտնեց Իրաքում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների մարտական պատրաստականության, արտակարգ իրավիճակնե րում արագ կողմնորոշվելու ունակության, լեզվի իմացության և կազմակերպվածության վերաբերյալ: Ս.թ. փետրվարի 14-ին, ժամը 09:30-ի սահմաններում Նոյեմբերյանի զորամասի մարտական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կողմից արձակված կրակի հետևանքով կրծքավանդակի շրջանում վիրավորվել և տեղում մահացել է պայմանագրային զինծառայող, մայոր Երվանդ Վանիկի Փաշիկյանը /ծնվ.1958թ., Նոյեմբերյանի ԶԿ/: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐ, ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ