Մոսկվան ու Մերձավոր Արևելքը
Ռուսաստանը կարող է հզոր և դրական ուժ լինել տարածաշրջանում, եթե դադարեցնի լոկ կարճաժամկետ առավելություններ փնտրել: Մերձավոր Արեւելքում Իրանի դիրքերի մեծացման ազդեցությունն ամրապնդվում է ոչ միայն Իրաքում ամերիկյան իշխանությունների ծրագրերի տապալումից ընձեռված հնարավորությունների, այլ նաեւ Չինաստանի, եւ որն ավելի կարեւոր է, Ռուսաստանի կողմից աջակցության շնորհիվ: Այսօր, երբ նախագահ Պուտինն այցով գտնվում է Մերձավոր Արեւելքում` Ռուսաստանի դիվանագիտական ուժը ցուցադրելու նպատակով, հարմար պահ է տարածաշրջանում նրա երկրի ազդեցությունը գնահատելու համար: Ունենալով վետոյի իրավունք ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում` Ռուսաստանը անցած երկու տարիների ընթացքում շատ անգամ չեզոքացրել է առաջարկվող պատժամիջոցները, որոնք կարող էին սահմանվել Իրանի նկատմամբ` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելուց հրաժարվելու պատճառով: Արդյունքում ՄԱԿ-ի ԱԽ սահմանած պատժամիջոցներն այնքան անվճռական էին, որ դժվար թե դրանք արդյունավետ լինեն: Ռուսաստանն Իրանի հետ իր հարաբերությունները դիտարկում է որպես Մերձավոր Արեւելքում իր դիվանագիտական ազդեցությունը մեծացնելու միջոց: ԱՄՆ-ը «սառը պատերազմի» ավարտից ի վեր հաջողությամբ ձգտում էր նվազեցնել Կրեմլի ազդեցությունն այդ տարածքում: Ռուսաստանի մյուս եսասիրական նպատակը կայանում է նրանում, որ պատժամիջոցներից զերծ պահի Բուշերում միջուկային ռեակտորի նախագիծը, որի շինարարությամբ ինքն է զբաղվում Իրանում, ինչպես նաեւ կանխել ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ ֆինանսական ճնշումը, ինչը կարող է կասկածի տակ դնել Ռուսաստանի շահույթը, որը վերջինս ակնկալում է ստանալ ռեակտորը միջուկային վառելիքով ապահովելու դիմաց: Նախատեսվում է, որ այդ վառելիքի մատակարարումները կսկսվեն այս տարվա վերջին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է, որ Իրանը, ի տարբերություն Հյուսիսային Կորեայի, հետ չի ուղարկել ԱԷՄԳ տեսուչներին, դուրս չի եկել Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) եւ զենքի փորձարկումներ չի անցկացրել, այդ իսկ պատճառով արժանի է ավելի մեղմ վերաբերմունքի: Սակայն եթե Իրանին չստիպեն կշեռքի նժարների վրա դնել իր միջուկային ծրագրերի իրական ծախսումները, ապա նա բավարար պատճառներ չի ունենա ուրանի հարստացումն ու պլուտոնիումի արտադրությունը կասեցնելու առաջարկը քննարկելու համար: Այդ պայմանն առաջադրել են Եվրամիությունն ու ԱՄՆ-ը որպես լուրջ բանակցություններ վարելու անհրաժեշտության նախապայման: Հիշեցնենք, որ ե°ւ ուրանը, ե°ւ պլուտոնիումը կիրառվում են միջուկային վառելիք ստանալու համար, սակայն կարող են նաեւ օգտագործվել ռումբ ստանալու նպատակով: Ռուսաստանն ու Իրանը շատ սերտ առևտրային հարաբերություններ ունեն, ինչը ևս մեկ պատճառ է, որպեսզի Ռուսաստանը բավականին զգույշ վերաբերի այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներին: Սակայն Ամերիկան հիմա էլ անցել է արտասահմանյան բանկերին` Իրանի հետ առևտրային հարաբերությունները զսպելու համար: Անցած ամիս նա 5 ընկերություններ է ավելացրել այն ընկերությունների ցուցակում, որոնք աջակցել են Իրանի սպառազինության ծրագրի կայացմանը, ու որոնց վրա այդ կերպ ամերիկյան ընկերությունների հետ առևտրային գործարքներ ունենալու արգելք է դրվել: Այդ ընկերություններից չորսը Չինաստանում են, մեկը` ԱՄՆ-ում, վերջինս չինական մի ձեռնարկության ներկայացուցիչ է: Ռուսաստանում ներկայումս մեծանում է մտահոգությունն առ այն, որ ամերիկյան վարչակարգն այժմ ստուգում է, թե ռուսական ընկերություններն ունե՞ն արդյոք նման կապեր Իրանի և նրա միջուկային ծրագրերի հետ: Ակնթարթային դրամական եկամուտ ստանալու և ավելի մեծ դիվանագիտական ազդեցություն ունենալու վրա հիմնված ռուսական քաղաքականությունը վտանգավոր լինելու չափ անհեռատես է: (Ուկրաինան իր կողմից հրաժարվել է մասնակցել Բուշերում ռեակտորի կառուցման աշխատանքներին:) Եթե պարզվի, որ ճիշտ էին այն կասկածները, որ Իրանը գաղտնի կերպով ուսումնասիրում էր միջուկային սարքավորումների կառուցման և պայթեցման, ինչպես նաև այդ մարտական լիցքը փոխադրելու ունակ հրթիռների ստեղծման մեխանիզմները (նա նաև բացահայտորեն բալիստիկ կրիչ-հրթիռներ է կառուցել), ապա հենց որ նա ի վիճակի լինի իրագործել ուրանի հարստացումը, նա կկարողանա ցանկացած պահի դուրս գալ ՄԶՉՊ-ի շրջանակներից` ընդամենը հակիրճ տեղեկացնելով այդ մասին: Թուլացնելով դիվանագիտությունը` Ռուսաստանն աշխարհը դարձնում է է°լ ավելի վտանգավոր տարածք: Սա կրկնակի անհեռատեսություն է, քանի որ Ռուսաստանի հետ սահմանակցող սպառազինված Իրանը չի գտնվում նրա ազգային շահերի շրջանակում, հատկապես եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանն ունի իր 20 մլն մահմեդական քաղաքացիները, ովքեր գնալով ավելի ծայրահեղական են դառնում: Իսկապես, մահմեդականները Ռուսաստանի բնակչության միակ աճող հատվածն են, ինչը նշանակում է, որ հաջորդ տասնամյակների ընթացքում նրանք ավելի ու ավելի մեծ նշանակություն ունեցող գործոն կդառնան երկրի ներքին քաղաքականության մեջ: Իրանը հաճախ դիտարկվում է որպես չեչեն անջատողականների գլխավոր հովանավոր, ինչը ևս վկայում է, որ ռուսական քաղաքականությունն իսկապես անհեռատես բնույթ ունի: Սակայն մեծ տերություն լինելու իր վարկանիշը բարելավելու ուղիների փնտրտուքի մեջ Ռուսաստանն այսօր, կարծես թե, պատրաստ է զոհաբերել տարածաշրջանում անվտանգության իր երկարաժամկետ ծրագրերը հանուն րոպեական դիվանագիտական բավարարվածության: Եւ սա վերաբերում է ոչ միայն Իրանին: Թուրքմենստանի վերաբերյալ մեծ հարցն այսօր այսպես է հնչում. արդյո՞ք Սափարմուրատ Նիյազովի մահվանից հետո առաջացած վակուումը թույլ կտա իսլամական ծայրահեղականությանը հարևան Իրանից և Աֆղանստանից ներթափանցել երկիր: Սակայն, թվում է, միակ բանը, որ մտահոգում է Ռուսաստանին` անկախ նրանից, թե ինչ վարչակարգ կհաստատի հետնորդը, այն է, որ երկիրը շարունակի համաձայնել Կրեմլի առաջարկած գներին: Ռուսաստանն արդեն վաղուց հանդիսանում է Թուրքմենստանում իրադրության տերը: Թուրքմենական գազի մեծ մասն արտահանվում է ռուսական խողովակաշարով: Ռուսաստանին պատկանող գազային հսկա «Գազպրոմ»-ը գազը գնում է համեմատաբար ցածր գնով, այնուհետև այն բաշխում է Ռուսաստանի տարածքում կամ վերավաճառում եվրոպական այլ երկրներին: Իսրայելը, ինչպես և Թուրքիան ու ԱՄՆ-ը, պետք է շարունակեն հուսալ, որ Թուրքմենստանի նոր կառավարությունը կձգտի զարգացնել գազային բաշխման տարբերակումը` սատարելով Կասպից ծովի հատակով կառուցվող գազատարի նախագծին: Սակայն երկրի քաղաքական միջավայրին ևս անհրաժեշտ է տարբերակում, քանի որ միակ ընդդիմությունը, որը քիչ թե շատ ուժ ունի երկրում, անհանգստութ յուն առաջացնող իսլամական ֆունդամենտալիստներն են: Ռուսաստանը հարյուրամյակների ընթացքում ազդեցություն է գործել Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում, որոնք այդ ընթացքում երկար ժամանակ ներգրավված են եղել ռուսական կամ խորհրդային կայսրության կազմում: Ռուսաստանը կարող է հզոր և դրական ուժ լինել տարածաշրջանում, եթե դադարեցնի միայն կարճաժամկետ առավելություններ փնտրել և սկսի գործել իր սեփական երկարաժամկետ շահերին համապատասխան: Իսկ այդ շահերին լավագույնս կծառայեն առանց միջուկային զենքի բարգավաճող Իրանն ու շատ ավելի բաց Թուրքմենստանը: Յուլիա Տիմոշենկո (Ուկրաինայի նախկին վարչապետ) «Project Syndicate» WWW. hhk. am