Եվրոպացիները նոր հակամարտություն են նախապատրաստում Սամցխե-Ջավախքում
Թբիլիսիում փետրվարի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համմարբերգը, ամփոփելով իր այցելությունը, հիշեցրեց, որ Վրաստանը պետք է լուծի թուրք-մեսխերի վերադարձի հարցը: «Վրաստանը Եվրոպայի Խորհուրդ անդամակցելու ընթացքում իր վրա է վերցրել հստակ մի պայման, որն առնչվում է մահմեդական մեսխերին: Վրաստանի կառավարությունը խոստացել էր, որ մեսխերին, որոնք արտաքսվել են Վրաստանից XX-րդ դարի 40-ական թվականներին, հնարավորություն կտրվի վերադառնալ իրենց երկիր», - հայտարարեց եվրահանձնակատարը: «Մեսխերից ոմանք, փոքր թվով, վերադարձան Վրաստան և փորձեցին գտնել իրենց տեղը: Բայց ընդհանուր առմամբ մեսխերի վերադարձի ծրագիրը իրականում չսկսվեց», - նշեց Համմարբերգը: Նրա խոսքերով, Վրաստանի կառավարությունը դրա հետ կապված նախապատրաստել էր օրինագիծ, սակայն այդ օրինագիծը հաստատման համար չի ներկայացվել խորհրդարան: «Թբիլիսիում իմ գտնվելու ընթացքում ես հարց բարձրացրեցի այն մասին, որ արդեն եկել է ժամանակը նրա համար, որպեսզի օրենքը ընդունվի և որպեսզի այդ ուղղութ յամբ աշխատանքները սկսվեն», - ասաց եվրահանձնակատարը, - հայտնում է «Բագին-ինֆո» լրատվական կենտրոնը: Համմարբերգը նշեց, որ «Վրաստանի կառավարական օղակներում գոյություն ունի որոշակի վախ, որ երկիր վերադարձած մեսխ-մահմեդականների և տեղի բնակչության միջև կառաջանան որոշակի խոչընդոտներ»: «Վրաստանի կառավարությունը մտավախություն ունի, որ վերադարձած մեսխերի նկատմամբ որոշակի խոչընդոտներ կարող են առաջանալ երկրի ազգությամբ հայ բնակչութ յան կողմից», - նկատեց եվրոհանձնակատարը (մեսխերը վերաբնակեցվել էին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանից, որտեղ հոծ բնակվում է հայ բնակչությունը): Եվրոահանձնակատարը նկատեց, որ «չի բացառվում այդպիսի խնդիրների ստեղծումը և դա նույնիսկ հնարավոր է, բայց այստեղ հարկավոր է ցուցաբերել որոշակի քաղաքական առաջնորդություն և հարկ է տեղեկացնել տարածաշրջանի տեղի բնակչությանը, որ մեսխերը ժամանակին ապրել են այս երկրում, նրանց այն ժամանակ բռնի կերպով վտարել էին և նրանք ունեն լիակատար իրավունք վերադառնալ և նորից ապրել իրենց հողում»: Պատասխանելով լրագրողների այն հարցերին, թե ինչպես է եվրահանձնակատարը գնահատում այն, որ ԵԽ առջև Վրաստանն ունի չկատարված պարտավորություններ, Համմարբերգը նկատեց, որ «գոյություն չունի կառավարություն, որը Եվրոպայի Խորհրդի շրջանակներում լիովին կբավարարեր պահանջվող չափանիշներին»: «ԵԽ առջև պարտավորությունների կատարման տեսանկյունից, բոլոր կառավարություններում կան որոշակի խնդիրներ», - հայտարարեց Համմարբերգը: Ջավախք-ինֆո