Փողոցային բիզնեսի հիմունքները


Փոքր ու միջին բիզնեսի զարգացումը պետության համար գերակա խնդիր համարելով` քաղաքային իշխանությունները երևանյան բոլոր փողոցները, որպես այդ բիզնեսի խթանման ամենամատչելի եղանակ, տրամադրել են «բիզնեսմեն» դառնալ ցանկացողներին: Փոքր բիզնեսի ներկայացուցիչները վաճառում են, ասենք, փոքր վարունգ: Միջին բիզնեսը` միջին վարունգ, մեծն էլ` մեծ: Սակայն կան միջին բիզնեսին ձգտող «փոքր» բիզնեսմեններ, ովքեր փոքր վարունգի կողքին արկղի վրա դնում են նաև միջին չափի, ասենք` խառը կանաչու «դաստա»: Միջին «բիզնեսմենը» խառը կանաչու միջին դաստայի հետ վաճառում է, ասենք, մի մեծ գլուխ տնական պանիր ու մի բանկա մեղր: Նրանց շարքերում կան նաև դեպի մեծ «բիզնեսի» ձգտողներ, ովքեր քամած մածունի (մեծ` երեք լիտրանոց բանկայով) հետ վաճառում են նաև... «ռումինական մեբել», այսպիսի հայտարարությամբ, որի տակ էլ փակցնում են «մեբելի» նկարը: Մեր իշխանությունները ճիշտ էին ասում, որ փոքր ու միջին բիզնեսի զարգացումը հրաշքներ կարող է գործել: Եվ ճիշտ էին ասում: Մի հրաշքով բոլոր վաճառողները «ահավոր» ազնվացան: Երբ հարցնում ես, թե արդյոք ճի՞շտ են աշխատում կշեռքները, այնպիսի ահավոր երդումներ են «ուտում», որ փոշմանում ես տվածդ հարցի ու տնտեսության զարգացման մասին անտեղյակությանդ համար: Չհասկանալով, թե փողոցային առևտուրն ինչ նշանակություն ունի մեր տնտեսության զարգացման համար, ինչպես ամեն մի սկսնակ հեղինակ իր հոգու պարտքն է համարում մի բանաստեղծություն, կամ մի կտավ նվիրել մեկը` մայրիկին, մեկն` Արարատին, մեկն էլ` ընդհանրապես հայրենիքին, այնպես էլ նորանշանակ ամեն մի նոր քաղաքապետ իր հոգու պարտքն է համարում անհաշտ պայքար հայտարարել ընդդեմ անօրինական շինարարության ու այս առևտրի դեմ: Բայց հետո, ի պաշտոնե ծանոթանալով փողոցային առևտրի հիմունքների հետ, փոշմանում է ու խոսքից ետ կանգնում: Հիմունքների հետ ծանոթանալու, ինչպես նաև մեծ, միջին կամ գեթ պստլիկ բիզնեսմեն դառնալու նպատակով վերցրի մի արկղ բանան ու գնացի, այսպես ասած, փոքր ու միջին բիզնեսի զարգացման Շենգավիթ համայնքի բացօթյա կենտրոն, որը գտնվում է մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի հարևանությամբ, նախկին «Սևան» կինոթատրոնի դիմաց: Այդ օրվա «հիմունքները» երկուսն էին` ոստիկանական ուսադիրներով ու մահակներով զարդարված: Նրանք հրամայեցին, որ «բանանս վերցնեմ ու գնամ ստեղից»: Իմ համառ խնդրանքներն, ինչպես նաև հիշեցումը` ես էլ եմ երեխա պահում և ընդամենը մի կտոր հացի փող պետք է աշխատեմ, նրանց միայն զայրացնում էր: - Ախպե°ր, ստեղ, ա°յ էսքան տեղը, էս տղերքից բացի ուրիշ ոչ մեկը չի կարա բանան դնի: Արի քեզ տանեմ ուրիշ տեղ կանգնացնեմ, իմ հաշիվը տուր` ինչքան կարաս ծախի: Ամեն ինչին տեր եմ: Բայց ստեղից յան տուր, խոմ դու շառ չե՞ս: Մի խոսքով, երբ բանը հասավ ոտքով արկղին հարվածելուն, հստակ պատկերացրի, թե ինձ ի՞նչ է սպասվում ու որոշեցի «շառս քաշել»: Բայց պայմանով, որ ինձ մի ուրիշ տեղ տեղավորեն: Վերջում նրանց հետ պայմանավորվելով վճարման չափի ու ձևի մասին, կանխի՞կ, փոխանցումո՞վ, թե՞ վճարային քարտերով, մենք իրարից բաժանվեցինք եղբայրաբար «թխելով»: Գիշերը երկար մտածելուց հետո որոշեցի` որպեսզի իմ հալալ քրտինքով աշխատած փողից ոչ մի կոպեկ անկապ դուրս չտամ, «շարժական» բիզնես կձեռնարկեմ` կվերցնեմ մի քիչ սառույց, մի փոքրիկ կուժ, կլցնեմ ջրով, կքայլեմ փողոցից փողոց ու կերգեմ. «Ջուր եմ ծախում, սառը ջուր Իմ կուլայով այս պուճուր»: Հ. Գ. Քանի որ մեր նպատակը ոչ թե որևէ ոստիկանի մասին տեղեկություն տալը, այլ երևույթը մատնանշելն է, այդ պատճառով փոխված է գործողության տեղի անունը, նշված չեն կոչումները, անունները և այլն: Զարմանալին այն է, որ ոստիկանական այս հարկահավաքի առկայությունը քաղաքային իշխանությունները նույնպես չեն ժխտում: Հետաքրքիր է, ոստիկանության մասին օրենքի ո՞ր հոդվածի համաձայն է կատարվում այս «տեղաբաշխումը», և ո՞ւր են գնում այդ փողերը:

Գ. ԱԲԳԱՐՅԱՆ