Լույս է տեսել


Մայրենիի նկատմամբ բոլորիս անտարբերության գիտակցության խտացումն է Ռոբերտ Դավթյանի «Լեզու և խոսք» գիրքը, որն օգտակար կլինի և կհետաքրքրի թե° աշակերտներին, թե° ուսանողներին, թե° մամուլի աշխատողներին և թե° ընթերցողին: Առաջին երկու գլուխներում հեղինակին հուզող ու անհանգստացնող հարցը մայրենին է, մայրենիի նկատմամբ այսօրվա վերաբերմունքը: Չէ՞ որ հազարամյակներով մեր ազգային ինքնությունը պահպանել ենք մեր լեզվով, բառ ու խոսքով: Ասվածի հավաստիքը Ավ. Իսահակյանի խոսքերն են` «Հայոց լեզվի մեջ մարմնացած է հայ ժողովրդի հոգին: Ամեն մի բառը նրա հոգու մի կտորն է: Այդ բառերի մեջ են նյութացած, առարկայացած մեր վիշտը, զրկանքները, դառն ու զվարճալի ապրումները, մեր երազանքը, հույսերը, իղձերը, սերը, մեր ողջ ժողովուրդը: ...Նրա համար ծով արյուն են թափել մեր նախնիները»: Սակայն այսօրվա այսքան շփերթ վերաբերմունքը մայրենիի հանդեպ ուղղակի անհանդուրժողական է: Ահա այս մտահոգությունն էլ մղել է Ռոբերտ Դավթյանին գրելու «Լեզու և խոսք» գիրքը: Մեծ քնարերգու Հ. Սահյանը քնքուշ ու նուրբ զգացողությամբ գրում է. «Մեր լեզուն մեր խիղճն է»: Հենց խղճի ձայնին է անդրադարձել հեղինակը, ում մտահոգում է մեր լեզվի աղավաղում-աղճատումները նույնիսկ այն օղակներում, որտեղ պետք է պահպանվի, որտեղ պետք է հնչի մաքրամաքուր: Հեղինակը բարձրացնում է ռադիոյի, հեռուստատեսության, կրթական համակարգի լեզվի մաքրության ու անաղարտության հարցը` բերելով ժարգոնային, բարբառային, օտարամուտ բառերի դիպուկ օրինակներ, մտահոգվում, թե այսօր աշակերտն ու ուսանողը ինչպես են խեղում լեզուն` հեղելով իրենց խոսքը ժարգոնային ու բարբառային բառերով ու արտահայտություններով, ինչպես են իրենց խոսքը կազմում ոչ հայերեն: Ռ. Դավթյանը սրտացավորեն ահազանգում է, անում դիտողություններ` մեկ անգամ ևս հիշեցնելով, որ լեզուն հանրության սեփականությունն է, և բոլորիս պարտքն է պահել, պահպանել այն: «Հայոց լեզուն ժողովրդի մշակույթի բարձրագույն արտահայտությունն է, նրա ամենաթանկ գանձը, ժողովրդի ինքնապահպանության ու ինքնապաշտ պանության անփոխարինելի զենքը, նրա ինքնության հիմքն ու էությունը»,- գրում է Ռ. Դավթյանը: Հեղինակն իր մտահոգությունները համալրում է արդի մտավորականների կարծիքներով, դիտողություններով, ովքեր կիսում են հեղինակի անհանգստությունը: Ռ. Դավթյանը հմուտ գրչով անդրադառնում է ամենուրեք թույլ տրված սխալներին, այսօրվա հայ մասնագետների` ուսուցչի, դասախոսի, դերասանի, բժշկի, ճարտարագետի ու ճարտարապետի լեզվին ու խոսքին, ոճական կիրառություններին: Հայ նոր գրական լեզվի մշակման ու հարստացման շուրջ 150-ամյա պատմաշրջանում մեր լեզվի առաջին նախանձախնդիրները` սկսած Խ. Աբովյանից մինչև Չարենց ու Սևակ, դավանել են մեկ հիմնական սկզբունքի` պահպանել մեր լեզվի ազգային ձևը, անաղարտությունն ու մաքրությունը: Արդարև, այսօր մենք ունենք այդպիսի լեզու, սակայն... Գրքում սրտացավորեն առաջ է քաշվում այսօրվա հրամայականը` և° պետական այրերի, և° մասնագետների, և° ողջ հանրության կողմից մայրենիի նկատմամբ պատշաճ վերաբերմունք: Ըստ հեղինակի` մենք ոչ միայն չենք հարստացնում ունեցածը, այլև կորցնում ենք այն, կորցնում մեր ազգային դեմքն ու դիմագիծը. «Հեռացել ենք մեր ազգային բարոյական նկարագրից, բարոյականության սով է, ու ես ուզում եմ դիմել մեր ժողովրդին` բարոյականությունը ժողովրդի մշակույթն է` կենցաղը, բարքերը, դաստիարակությունը»: Հեղինակն ընթերցողի ուշադրությունը բևեռում է մի շարք ցավոտ հարցերի` կապված դպրոցի, երաժշտության, կինոյի, դրամատուրգիայի հետ: Նա հստակ դիտարկումներ է անում` համոզված լինելով, որ հաջողության կարելի է հասնել միայն կրթական համակարգի, ընտանիքի, հասարակայնության ջանքերի համադրմամբ, պատասխանատվության զգացումի դրսևորմամբ: Գրքում ներկայացնելով Մամիկոնյաններից մինչև Նժդեհ ու Մոնթե` որպես հայրենասիրության ու անձնվիրության մարմնացումներ` Ռ. Դավթյանը թարմացնում է պատմական հիշողությունը` թերթելով մեր անցած հերոսական էջերը, մեկ անգամ ևս մեզ հիշեցնում մեր ժողովրդի արժանապատիվ լինելու և ապրելու մասին: Համեմատության եզրեր է փորձում գտնել այն երկու բևեռների միջև, որոնցից մեկը, հարազատ մնալով իր ակունքներին, արյան գնով պահում ու պաշտպանում է հային ու հայրենին, և մյուսը, որն այնքան հեշտությամբ անարգում է ամեն ինչ: Գրքում հետաքրքիր դիտարկումներ կան մշակույթի մյուս ոլորտների վերաբերյալ և անդրադարձ` հատկապես հայ երաժշտական մշակույթի մի քանի հարցերին: «Եվրոպական բարձր երաժշտական արվեստի նվաճումներին տիրապետելով` Կոմիտասը հայ ժողովրդական երգերը հասցրեց գեղարվեստական զարգացման բարձր աստիճանի: Նրա շնորհիվ հայ ժողովրդի երաժշտական մշակույթը ստացավ ինքնուրույն նշանակություն ու գեղարվեստական բարձր արժեք: Սրանում պետք է տեսնել Կոմիտասի մատուցած մեծագույն ծառայությունը»,- գրում է հեղինակը և ցավով նշում, որ այս ոլորտում էլ է շատ բան խաթարվել: Աշխատության մեջ ամփոփված են լեզվական ու մշակութային մի շարք հարցեր` հստակ, հակիրճ մեկնաբանմամբ, որոնք կարող են ծառայել որպես ուսումնական նյութ: Նյութի մատուցման ձևը նոր է` գրված գիտահանրամատչելի լեզվով և ցանկացած մասնագետի համար խիստ ուսանելի: Առանձին հետաքրքրությամբ են ընթերցվում իմաստությունները գրքի, լեզվի անմահության, խոսքի հզորության, պերճախոսության ու բանավեճի մասին: Իմաստություններ, որոնցից յուրաքանչյուրը սովորեցնում է, դաստիարակում, իր մեջ մի մեծ խորհուրդ ունի և ընթերցողին խորհելու տեղիք տալիս: «Լեզու և խոսք» գիրքն ավարտվում է «Ուղղագրական ու բացատրական բառարան» բաժնով, որն ունի ուսուցողական նպատակ, ինչի կարիքն ամեն ինչից շատ ունի այսօրվա և° աշակերտը, և° ուսանողը: Տեղին է Ռ. Դավթյանի մտահոգությունն ու սրտացավությունը, քանզի այսօրվա աշակերտն ու ուսանողը մեր ապագան են, մեր երկրի վաղվա տերերը: Այսօրվա ուսուցանողը պետք է սովորեցնի, դաստիարակի, կրթի, այլապես շատ բան կկորցնենք: Դարձյալ դիմենք «Լեզու և խոսք» գրքում ամփոփված իմաստություններին: «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեբանական կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը,- գրում է Հովհ. Թումանյանը:- Մայրենի լեզվով, բառ ու բանով, դրանց ճակատագրով մտահոգվելն ու անհանգստանալն հայրենասիրություն է: Իրոք, Ռ. Դավթյանի կատարած աշխատանքը արժանի է մեծ գնահատանքի:

Արևհատ ԽԱՉԱՏՐՅԱՆ